Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պետք է ուրիշները թույլ տան բանակը հզորանա, որ պատմական արդարության հարց լուծի». Նիկոլ Փաշինյան

Փետրվար 01,2024 19:55

«Բարեփոխել բանակը, ուժեղացնել բանակը եւ ունենալ մարտունակ բանակ, ով ի վիճակի է լուծել խնդիրները: Անվտանգության ապահովման երկրորդ գործիքն արտաքին հարաբերություններն են: Կարեւոր է, որ այս զույգին ավելանա լեգիտիմության հարցը, քանի որ կարեւոր է ունենալ լեգիտիմ նպատակներ՝ ոչ միայն ներքին, այլ նաեւ միջազգային ընկալման տեսակետից: Եթե ներքին եւ արտաքին ընկալումներում դիսոնանս կա, այդտեղ են առաջանում անվտանգային սպառնալիքները: Լեգիտիմությունը ես տեսնում եմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ: Հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է»,- այսօր Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ունենալ ուժեղ ու մարտունակ բանակ եւ եթե ասում ես, որ եթե դու ուժեղ եւ մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ ոք քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակը ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում, որի լեգիտիմությունը արտաքին միջավայրի առումով կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են խնդիրներ. «Ես ասում եմ՝ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը Հայկական ԽՍՀ-ի տարածքային ամբողջականությունն է:

Իսկ եթե մենք ասում ենք, որ բանակն ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ, վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պետք է ուրիշները թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարց լուծի: Առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակը ուժեղանա»:

Դիտարկմանը, որ հիմա Հայաստանն այդպիսի ուղերձներ չի հղում աշխարհին, Փաշինյանն արձագանքեց. «Մենք չպետք է աշխարհին հղենք այդպիսի ուղերձներ, բայց գիտեք ինչ, ես չեմ ուզում, որ այս խոսակցությունը լինի մեր ու աշխարհի միջեւ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը լինի մեր միջև, որովհետև ես հիմա աշխարհի հետ չեմ խոսում, ես խոսում եմ Ձեզ հետ և Ձեր միջոցով՝ Հանրային ռադիոյի լսարանի և Հայաստանի հանրապետության քաղաքացիների հետ: Սա շատ կարևոր նրբություն է: Իմիջիայլոց, ես նաև լեգիտիմության առումով մի շատ կարևոր նրբություն ընդգծեմ: Մենք ներքին և արտաքին աշխարհի կամ ներքին և արտաքին խոսակցության խոսույթները նույնպես պետք է նույնականացնենք, որովհետև այստեղ նույնպես ճեղք առաջանալու դեպքում այդ ճեղքի մեջ առաջանում է, գեներացվում է էներգիա, որը խնդիր է առաջացնում մեր արտաքին անվտանգության համար: Եվ, հետևաբար, Ձեր առաջին հարցին պատասխանելով՝ ես ասացի ինչ նկատի ունեմ լեգիտիմություն ասելով: Ես նկատի ունեմ լեգիտիմություն՝ նկատի ունենալով Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի հանրապետության անկախությունը և զարգացման համար բնականոն պայմաններ ապահովելը»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սա պետք է լինի անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացման հիմքը. «Սա նշանակում է, որ ամեն ինչ՝ բոլոր քաղաքականությունները, բոլոր խոսույթները մենք պետք է համապատասխանեցնենք այս ռազմավարությանը, որպեսզի այս հռչակված ռազմավարության և իրականությունների արանքում նույնպես ճեղք չառաջանա, որովհետև ճեղքերն այն տեղերն են, որտեղ մեզ համար աննկատ գեներացվում է այն էներգիան, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829