Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գործող «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի տրանսպորտային միջոցները թարմացվելու են, համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք կբերի ևս 30 միկրոավտոբուսներ և Եվրամիության ֆինանսավորմամբ 5 էլեկտրական ավտոբուսներ՝ էլեկտրական լիցքավորմամբ՝ «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու նորընտիր փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը։
«Այս պահին 63 միկրոավտոբուսներ ունենք, 30-ն էլ կավելանա, կդառնա 93, 5 էլեկտրական ավտոբուսներն էլ կավելանան, քաղաքի տրանսպորտային բեռը կթեթևանա, ու սպասարկումը կլինի միմիայն համայնքային տրանսպորտի միջոցներով», -ասաց փոխքաղաքապետը։
Նա նշեց նաև, որ նորացվում են քաղաքի կանգառները։
Կարդացեք նաև
«Կանգառների հարցով համագործակցում ենք մասնավոր ներդրողի հետ, նախատեսված էր տեղադրել 70 նոր կանգառ, որից 58-ն արդեն տեղադրվել են, մնացել են 12-ը։ Դրանք էլ կտեղադրվեն, ու ամբողջ քաղաքը նոր կանգառներով կհամալրվի»,-ասաց նա։
Փոխքաղաքապետը նաև նշեց, որ «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատաոճ է փոխվելու, մասնավորապես վերահսկվելու են բոլոր վարորդները, քանի որ մետաղադրամների ընդունման սարքերի հետ կապված որոշակի խնդիրներ կան․ 100 դրամանոցից բացի սարքն այլ գումար չի ընդունում, ու ուղևորներն առաջվա պես գումարն առձեռն տալիս են վարորդներին, հետևաբար և համայնքապետարանը կոռուպցիոն երևույթները կանխելու, թափանցիկ աշխատելու նպատակով տեսախցիկներ կտեղադրի միկրոավտոբուսներում։
Չի բացառվում, որ մետաղադրամների ընդունման սարքերը վերագործարկեն կամ վճարումը դարձնեն քարտային տարբերակով։
Այս թեմային առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ