Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսության ստուգումն աշխարհում ճանաչում են որպես բռնության տեսակ, եւ մենք էլ պետք է օրենքով ամրագրենք»․ Զարուհի Բաթոյան

Փետրվար 01,2024 18:35

ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է նաեւ օրենքով արգելել կուսության ստուգումը, քանի որ այն դիտարկվում է բռնության տեսակ։

Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագծի հիմնավորումներում ամեն ինչ հստակ ձեւակերպված է։ «Դուք չեք համարո՞ւմ, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է։ Դա բռնության տեսակ է, որն աշխարհում ճանաչում են որպես բռնության տեսակ, եւ մենք էլ պետք է օրենքով ամրագրենք, որպեսզի անկախ նրանից, թե ում մտքով դա կանցնի եւ ինչպես կորոշեն դա իրականացնել, դա համարվում է բռնություն»,- ասաց Բաթոյանը։

Հարցին, թե կարո՞ղ է վիճակագրություն ներկայացնել կուսության ստուգման դեպքերի վերաբերյալ, Բաթոյանը պատասխանեց․ «Երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, մենք այստեղ պարտադիր չէ, որ անդրադառնանք վիճակագրությանը, հատկապես եթե ունենք նոր կարգավորումներ։ Անհրաժեշտությունը պայմանավորված է Քրեական օրենսգրքի փոփոխությամբ, ինչպես նաեւ միջազգային ստանդարտներին համապատասխանեցմամբ։ Ընտանեկան բռնության տեսակների դեպքում շատ ընդունված է որոշակի թվարկումներ, որոնք ավելի բնորոշ են ընտանեկան հարաբերություններին։ Օրենքը պետք է պաշտպանի հնարավոր բոլոր դեպքերից, այնպիսի կարգավորումներ պետք է ունենանք, որ եթե բռնության որեւէ տեսակ լինի, մենք կարողանանք դա կամ կանխարգելել, կամ պաշտպանել, կամ նաեւ պատժել»։

Հարցին, թե այս հարցը իրենց մտահոգե՞լ է, որ որոշել են նման դրույթ ներառել նախագծում, պատգամավորը պատասխանեց․ «Մեզ մտահոգել է սահմանումների վերանայումը, մենք կարծում ենք, որ սահմանումները թարմացման կարիք ունեն։ Նախկինում այդպիսի սահմանումներ չեն եղել, հիմա վերանայել ենք սահմանումների տեսակները։ Այս օրենքը չի վերաբերում ընտանիքի սահմանմանը, վերաբերում է բռնություններին»։

Հանրության շրջանում կան քննարկումներ, որ այս նախագծով ՔՊ-ականները փորձում են ընտանիքի սահմանումը փոխել՝ ավելացնելով «զուգընկեր» հասկացությունը, Զարուհի Բաթոյանն ի պատասխան ասաց․ «Դա կեղծ պնդում է, չի համապատասխանում իրականությանը։ Մենք ընդամենը նոր սահմանումներ ենք տալիս, որպեսզի բռնության շղթայի սուբյեկտներին բոլորին կարողանանք ներառել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829