2022 և 2023 թվականների վերջին ինտենսիվ քննարկումներ էին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման շուրջ։ Ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդես էին գալիս հայտարարություններով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է։ 2024 թվականի շեմին քննարկումներ էին ընթանում այս տարի հայ-ադրբեջանական համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ։ Ռազմագերիների ազատ արձակման, ինչպես նաև Բաքվում COP29-ի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջան) անցկացման ադրբեջանական հայտին Հայաստանի աջակցության վերաբերյալ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի երկկողմ հայտարարությունն էլ ավելի մեծացրեց այս հույսերը։ Ոմանք կարծում են, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումն այս հեռանկարն առավել իրատեսական դարձրեց հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը համաձայնեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ կետ չներառել խաղաղության համաձայնագրում։
Ինչևէ, ինչպես ցանկացած համաձայնագրի դեպքում, բովանդակությունը խորագրից կարևոր է, և այստեղ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են։
Ադրբեջանը պնդում է, որ կողմերը պետք է ստորագրեն շրջանակային փաստաթուղթ, որը կներառի միայն ընդհանուր դրույթներն ու կբացառի ցանկացած հարց, որի շուրջ կողմերը չեն կարող հասնել փոխհամաձայնության։ Այսպիսով, խաղաղության համաձայնագրում չպետք է լինի որևէ հստակություն սահմանագծման և սահմանազատման սկզբունքների վերաբերյալ, ինչը հանդիսանում է բանակցությունների առանցքային թեմաներից մեկը, ինչպես նաև ոչ մի համաձայնություն, թե որ քարտեզը պետք է օգտագործվի որպես գործընթացի հիմք։ Բացի այդ, փաստաթուղթը չպետք է ներառի որևէ համաձայնեցված սկզբունք հաղորդակցության միջոցների վերականգնման՝ ևս մեկ առանցքային հարցի վերաբերյալ, հատկապես անձնագրային և սահմանային հսկողության հարցերում։
Ըստ Ադրբեջանի` այս հարցերը պետք է քննարկվեն հետագա բանակցությունների ընթացքում, իսկ համաձայնագիրը ներառելու է որոշ ընդհանուր հայտարարություններ տարածքային ամբողջականության ճանաչման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և միմյանց տարածքներն ընդդեմ կողմերի որևէ վնասակար գործունեության նպատակով չօգտագործելու վերաբերյալ։ Ադրբեջանը պնդում է, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումն էապես կնվազեցնի լարվածությունը, կփոքրացնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը և ճանապարհ կհարթի ամենասուր հարցերի լուծումը գտնելու շուրջ առավել կառուցողական բանակցությունների համար։ Վերջինս նաև պնդում է, որ խաղաղության որևէ համաձայնագրի բացակայությունը, ընդհակառակը, կմեծացնի ռազմական բռնկումների հավանականությունը և կպահի իրավիճակն անկայուն՝ դրանով իսկ ակնարկելով, որ, եթե Հայաստանը հրաժարվի ստորագրել շրջանակային համաձայնագիրը, դա «կարդարացնի» Ադրբեջանի կողմից ռազմական միջոցների կիրառումը, ինչպես դա տեղի ունեցավ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին ու 2022 թվականի սեպտեմբերին՝ հասնելու իր քաղաքական նպատակներին։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի տարածքով դե ֆակտո արտատարածքային միջանցք, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կկապի Ադրբեջանին։ Այս դիրքորոշումը ևս մեկ անգամ ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի հունվարի 10-ին տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ չպետք է իրականացվի Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան տեղափոխվող ապրանքների սահմանային, անձնագրային կամ մաքսային վերահսկողություն, հակառակ դեպքում Ադրբեջանը չի բացի Հայաստանի հետ որևէ հաղորդակցություն, և «Հայաստանը կշարունակի մնալ շրջափակման մեջ»։ Նույն հարցազրույցում Ալիևն ասել է, որ Ադրբեջանը չի համաձայնի ապագա խաղաղության համաձայնագրի համար որևէ երաշխավոր ունենալ։
Ուշագրավ է, որ, թեպետ Արդբեջանը պնդում է, որ չպետք է լինի որևէ հսկողություն Ադրբեջանի մի մասը մյուսին կապելու համար, Բաքուն երբեք չի պնդել Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան հասնելու համար առանց անձնագրային, սահմանային և մաքսային վերահսկողության տարանցում ունենալու հարցում։ Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանն օգտագործել է Իրանի տարածքը Նախիջևանի հետ կապի համար և վերջերս Իրանի հետ համաձայնության է եկել Նախիջևան հասնելու համար Իրանի տարածքով նոր ուղիների ստեղծման շուրջ, սակայն որևէ խոսակցություն չի եղել Իրանի տարածքով Նախիջևան գնացող Ադրբեջանի քաղաքացիների և բեռների համար Իրանի կողմից անձնագրային, սահմանային կամ մաքսերից ազատ ռեժիմ տրամադրելու վերաբերյալ։ Հայաստանն իր հերթին կտրականապես մերժում է իր տարածքով ապրանքների տեղափոխման թույլտվությունն առանց որևէ անձնագրային, սահմանային կամ մաքսային հսկողության և պնդում է երաշխավորների, ինչպես նաև վեճերի լուծման միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը՝ կանխելու և կառավարելու համաձայնագրի հետագա ցանկացած խախտում։ Ըստ հայաստանյան կողմի՝ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է առնվազն ներառի սահմանագծման և սահմանազատման ապագա գործընթացի սկզբունքները համաձայնեցված քարտեզներով, ինչպես նաև հստակություն մտցնի հաղորդակցությունների վերականգնման գործընթացում։ Հայաստանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը չպետք է թյուր մեկնաբանությունների հնարավորություն տա, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի հետագա լարվածության և էսկալացիայի։ Այսպիսով, Հայաստանի տեսանկյունից, եթե բոլոր խնդրահարույց հարցերը պարզապես չներառվեն համաձայնագրի տեքստում, փաստաթուղթն ինքնին կվերածվի դատարկ պատյանի, որը չի լուծի ոչ մի խնդիր և չի նվազեցնի նոր ռազմական էսկալացիայի հավանականությունը։
Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր առաջարկների վերջին տարբերակն Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել 2023 թվականի դեկտեմբերի վերջին, իսկ Հայաստանն իր տարբերակը ներկայացրել է 2024 թվականի հունվարի 4-ին։ ՀՀ արտգործնախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը վերջերս նշել են, որ Հայաստանը որոշակի հետընթաց է նկատել Հայաստան ուղարկված Ադրբեջանի վերջին առաջարկներում։ Նրանք մանրամասներ չեն հայտնել, սակայն, ամենայն հավանականությամբ, դա կապված է Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով առանց վերահսկողության տեղաշարժի վերաբերյալ Ադրբեջանի պահանջների և երաշխավորների ինստիտուտից հրաժարվելու հետ։
Ինչպե՞ս պետք է Հայաստանը և Ադրբեջանը առաջ շարժվեն խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Ադրբեջանի առաջարկած տարբերակով առաջնորդվելու դեպքում խաղաղության համաձայնագիրը պարզապես կամրագրի նոր ստատուս քվոն 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ո՛չ այնտեղ ապրող հայեր, իսկ Հայաստանն ընդունում է այդ իրողությունն առանց տեսլականի և առանց այն փոխելու ցանկության, միևնույն ժամանակ, Հայաստանի տարածքի առնվազն 200 քառակուսի կիլոմետր մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Միաժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինեն էական տարաձայնություններ մյուս բոլոր հարցերի շուրջ․ չի լինի հաղորդակցության վերականգնում, չի լինի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ և մշտապես կլինեն Ադրբեջանի նոր հարձակումների սպառնալիքներ։ Այսպիսով, շրջանակային համաձայնագիրը կծառայի բացառապես Ադրբեջանի շահերին և կփակի Լեռնային Ղարաբաղի թեման՝ չտրամադրելով որևէ առավելություն և իրական երաշխիքներ Հայաստանի ապագա անվտանգության համար։ Ոմանք կարող են պնդել, որ ցանկացած շրջանակային համաձայնագիր ավելի լավ է, քան համաձայնագրի բացակայությունն առհասարակ՝ նշելով, որ համաձայնագրի բացակայությունը ճանապարհ է հարթում Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա նոր հարձակումների համար։ Ինչևէ, ինչպես արդեն նշել ենք, շրջանակային համաձայնագիրը ոչ թե կնվազեցնի, այլ միայն կհետաձգի Ադրբեջանի նոր հարձակումների սպառնալիքը, քանի որ Բաքուն կարող է շարունակել նոր ագրեսիայով Հայաստանին սպառնալու քաղաքականությունը, քանի դեռ Հայաստանը զիջումների չի գնում միջանցքի, երաշխավորների, սահմանազատման և այլ հարցերում։
Այսպիսով, այժմ շրջանակային համաձայնագրի ստորագրումը վերոնշյալ պայմանների առկայությամբ չի բխում Հայաստանի ազգային շահերից, այն կարող է օրինականացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը և հայերի բռնի տեղահանումը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի վրա ադրբեջանական հետագա հարձակումների հավանականությունը։
Հայաստանը պետք է հրաժարվի շրջանակային համաձայնագրի ստորագրումից՝ փոխարենը կոչ անելով մշակել համապարփակ փաստաթուղթ, որը կամրագրի սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև հաղորդակցության միջոցների վերականգնման սկզբունքները։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է ակտիվացնի ջանքերը՝ միջազգային գործընկերներին հասցնելու իր ուղերձն առ այն, որ շրջանակային համաձայնագիրը չի հանգեցնի տարածաշրջանում կայունության և անվտանգության, փոխարենը ճանապարհ կհարթի ապագա ռազմական էսկալացիայի համար։ Հայաստանը պետք է ընդգծի, որ խաղաղության համաձայնագրի բացակայությունը չի կարող արդարացնել Հայաստանի վրա Ադրբեջանի նոր ռազմական հարձակումները և պետք է կոչ անի տարածաշրջանում ներգրավված բոլոր դերակատարներին այդ ուղերձը հասցնել Ադրբեջանին։
Միևնույն ժամանակ, բազմաթիվ ռազմական հանցագործություններն ընդդեմ հայերի, ի հավելումն հայերի դեմ ատելության ուժեղ քարոզչության, որը, ցավոք, դեռևս լայնորեն տարածված է Ադրբեջանում, հստակ ցուցիչներ են, որ հայ ուղևորները և բեռները չեն կարող Իրան, Ռուսաստան կամ Հայաստանի այլ հատվածներ անցնել Ադրբեջանի տարածքով առանց անվտանգության հատուկ երաշխիքների։ Ադրբեջանը, հաշվի առնելով վերջին շրջանում իր շարունակվող հռետորաբանությունն ընդդեմ հայերի, չի կարող իրական երաշխիքներ տրամադրել հայկական բեռներին և հայ ուղևորներին։ Երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության ներգրավումը միակ միջոցն է՝ իրավիճակը կայունացնելու և կոմունիկացիաների վերականգնման հող նախապատրաստելու համար։ Հայաստանի կառավարությունը պետք է բարձրացնի այս հարցն Ադրբեջանի հետ բանակցությունների և միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում։
Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ
Ավագ գիտաշխատող,