Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսության ստուգումը ֆիզիկական բռնություն է, սա մշակութային խնդիր է, որը բարձրաձայնում ենք»․ Ծովինար Վարդանյան

Փետրվար 01,2024 17:50

ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է նաեւ օրենքով արգելել կուսության ստուգումը, քանի որ այն դիտարկվում է բռնության տեսակ։

Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ի՞նչ ուսումնասիրության արդյունքում են եկել այն եզրահանգմանը, որ նման արգելք կիրառելու անհրաժեշտություն կա, Ծովինար Վարդանյանը պատասխանեց․ «Օրենսդրական արգելքը կոնկրետ այդ մասով չէ, այլ ընդհանրապես ֆիզիկական բռնության, ձեր նշած մասը նույնպես ներառվում է ֆիզիկական բռնության մեջ։ Ոչ միան բժշկական հաստատություններից կան նման ազդակներ, այլ նաեւ հասարակական կազմակերպություններից»։ Նա նշեց, որ թվային տվյալներ չունի, բայց նման պատմություններ կան։

Ծովինար Վարդանյանի խոսքով՝ դա մշակութային կարեւոր փոփոխություն է, պետք է կարողանանք բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր հասարակության մեջ։ «Ես կարծում եմ, որ դա խնդիրներից մեկն է, մշակութային խնդիր է, որի մասին մենք բարձրաձայնում ենք»,- հավելեց նա։

Անդրադառնալով նախագծում տեղ գտած «զուգընկեր» ձեւակերպմանը եւ այն քննարկումներին, թե ՔՊ-ական պատգամավորները նույնասեռականներին պաշտպանելու քարոզ են անում, Ծովինար Վարդանյանն ասաց, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդիկ նշանված են լինում կամ ընկեր-ընկերուհի են եւ ենթարկվում են բռնության, չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները։ «Զուգընկեր» ձեւակերպումը, նրա խոսքով, այս անձանց է վերաբերում։

Հարցին, թե սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները դիմե՞լ են իրենց, որպեսզի «զուգընկեր» ձեւակերպումը ներդնեն ընտանեկան բռնության մասին օրենքում, Ծովինար Վարդանյանը պատասխանեց․ «Ես ներկայացրեցի ձեզ, թե ինչպես է եկել «զուգընկեր» ձեւակերպումը։ Բայց ձեր հարցին կարող եմ պատասխանել, որ ՀՀ-ում օրենքի առաջ հավասար են բոլորը։ Եվ բռնության ենթարկված անձինք պետք է պաշտպանվեն՝ անկախ որեւէ հանգամանքից»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829