Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մտածածն այն չպետք է լինի, որ ջուրը չթանկանա, այլ պետք է մտածենք, որ մարդիկ  ինչքան ուզեն շուրջօրյա ջուր ունենան՝ և՛ ոռոգման, և՛ խմելու. Փաշինյան

Փետրվար 01,2024 17:54

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. պետբյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 3 միլիարդ 151 միլիոն դրամ՝ 34 համայնքի 43 սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերից 2-ը սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022-ին, 31-ը՝ 2023 թվականին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 18,3 միլիոն դրամ, Արարատի մարզին 2 ծրագրի համար՝ 251 միլիոն դրամ, Արմավիրին 4 ծրագրի համար՝ 262 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 6 ծրագրի համար՝ 606 միլիոն դրամ, Լոռու մարզին 11 ծրագրի համար՝ 549 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 6 ծրագրի համար՝ 506 միլիոն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 453 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 19 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 6 ծրագրի համար՝ 46 միլիոն դրամ, Տավուշի մարզին 5 ծրագրի համար՝ 437 միլիոն դրամ:

«Այս ծրագրերն իրականում 2023-ին հիմնականում ավարտվել էին, թեև որոշակի թղթաբանության հետ է կապված, որ հիմա ենք կատարել վճարումը: Սա 2023 թվականի չափաբաժնի մեջ է: 2023-ին համաֆինանսավորել ենք ռեկորդային մեծ չափով՝ 30 միլիարդ 300 միլիոն, և 3 միլիարդ 151 միլիոն էլ այսօր ենք ֆինանսավորում»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը:

Եվ այսպես, Արագածոտնի մարզում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Աշտարակ համայնքի կարիքների համար հատուկ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի  ձեռքբերում, Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի գազիֆիկացում՝ 12,6կմ: Արարատի մարզում՝ Արարատ համայնքի Արարատ բնակավայրում մարզադպրոցի կառուցում, Վեդի համայնքի Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցում՝ 10,1 կմ:

Արմավիրի մարզում՝ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի  թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում, Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրի փողոցների տուֆով սալարկման աշխատանքներ՝ 098կմ, Մեծամոր համայնքի Հայկավան, Նոր Արտագերս, Շենավան բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում: Գեղարքունիքի  մարզում՝ Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում խմելու նոր  ջրագծի կառուցում, Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Վարդենիս  համայնքի Ավազան, Արփունք, Արեգունի, Գեղամասար, Սոթք, Կուտական, Նորակերտ, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Կարճաղբյուր և  Լուսակունք բնակավայրերի խմելու ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցում՝ 26,8 կմ,          Վարդենիս բնակավայրի  Ա․ Սեսմանուկյան 5, Լեռնագործների 1/2  բազմաբնակարան բնակելի շենքների տանիքների հիմնանորոգում, Վարդենիս համայնքի  Ախպրաձոր,  Արփունք,  Դարանակ, Կախակն, Կութ, Մաքենիս, Շատջրեք, Ջաղացաձոր և Վանևան բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի անցկացում՝ 9.4 կմ, Սևան համայնքի Սևան բնակավայրի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի փողոցների և Գագարին բնակավայրի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 4 կմ:

Լոռու մարզում՝ Գյուլագարակ համայնքի  Գյուլագարակ, Գարգառ և Ամրակից բնակավայրերի փողոցների սալարկում՝ 1,2 կմ, Սպիտակ համայնքի Լեռնանցք, Ջրաշեն, Հարթագյուղ և Շիրակամուտ  բնակավարերի թաղամասերի գազիֆիկացում՝ 4,6կմ, Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի մանկապարտեզի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում, Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի գույքի ձեռքբերում,    Տաշիր համայնքի Նորաշեն, Արծնի, Ձորամուտ և Մեդովկա բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ՝ 2,5կմ, Տաշիր համայնքի Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Կաթնառատ, Պրիվոլնոյե և Միխայլովկա բնակավայրերի ջրամատակարարման ապահովում՝ 12 կմ, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան բնակավայրերի փողոցների  տուֆ քարով սալարկում՝ 1,8 կմ, Փամբակ համայնքի Վահագնի, Արջուտ բնակավայրերի  փողոցների ասֆալտապատում՝ 0,5կմ, Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում և Նեղոց  բնակավայրերի ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ՝ 4,0 կմ, Թումանյան համայնքի բնակավայրերի համար գյուղտեխնիկայի ձեռքբերում, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 2, 16, 22 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ:

Կոտայքի մարզում՝ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջ թաղամասից մարզադաշտ տանող ճանապարհի և 3-րդ, 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանների հիմնանորոգում,             Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի  4-րդ և Հատիս բնակավայրի  6-րդ փողոցների ասֆալտապատում` 0.68կմ, Արզնի համայնքի Արզնի բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում և փոխարինում` 6,5կմ, Գառնի համայնքի Գառնի բնակավայրի ճանապարհային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ՝ 4 կմ, Նաիրի համայնքի Եղվարդ, Զորավան բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ՝ 7,4 կմ, Նոր Հաճըն համայնքի Գետամեջ, Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ և Թեղենիք բնակավայրերի փողոցների ասֆալտապատում՝ 4 կմ:

Շիրակի մարզում՝ Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում՝ 2,3 կմ, Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում, Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի և Հարթաշեն բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգում՝ 0,87 կմ:

Սյունիքի մարզում՝ Կապան համայնքի Կապան բնակավայրի Գարեգին Նժդեհ փողոցի աջակողմյան մայթի նորոգում:  Վայոց ձորի մարզում՝ Վայք համայնքի Հերհեր բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ՝ 0,48 կմ, Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրի Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության իրականացում, Արենի համայնքի Արենի բնակավայրում  ոռոգման ջրի մղիչ պոմպի և պոմպակայանի կառուցում:

Տավուշի մարզում՝  Նոյեմբերյան համայնքի Կողբ և Ջուջևան բնակավայրերի խմելու ջրի համակարգի կառուցում և վերանորոգում՝ 19,0 կմ, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում՝ 4,0 կմ, Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 9, Նոյեմբերի 29/3,   Բարեկամության 11 բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների նորոգում, Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի Գոշ փողոցի տուֆապատում:

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է իրականացվող աշխատանքները որակով կատարելու, դրա նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ մեծ ծավալի գումարներ են ծախսվում այդ ծրագրերի համար. «Այն, որ ես ասում եմ «որակ», նկատի չունեմ այն որակը, որն աշխարհում կա: Ես նկատի ունեմ այն որակը, որն օբյեկտիվորեն կարող է մեզ հասանելի լինել: Եվ մենք ունենք պրոբլեմներ, որոնք անզեն աչքով նկատելի են: Նախ պետք է արձանագրենք, որ այն ճանապարհը, որն ընդունված է, և այդտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեց, դա մեծ պրոբլեմ է: Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների հարաբերությամբ և համեմատությամբ: Սա մենք պետք է ապահովենք, հակառակ դեպքում՝ դա լուրջ խնդիր կդառնա»,-ասել է վարչապետը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարելով այդ հարցերը պահել ուշադրության կենտրոնում:

 Կառավարությունը նախաձեռնել է  գնումների մասին նոր օրենքի մշակման  գործընթաց

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների կազմակերպման գործընթացին և նշել, որ գնումների մասին օրենսդրության լավարկումների մասին շատ է խոսվում, բայց լավարկումն այդքան էլ տեսանելի չէ: Վարչապետն առաջարկել  է գնումների մասին լավարկման ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել, որը կգործի անկախ հանձնարարականներից:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024-ի սկզբից նախաձեռնվել է գնումների մասին նոր օրենքի պատրաստման գործընթաց, և վերջերս նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց դիտարկումները: «Առաջիկայում մենք լայն խորհրդակցությունների շրջանակ կսկսենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների և տնտեսվարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք իրականացնել նոր օրենքով: Ուզում եմ ընդգծել, որ մենք խոսում ենք նոր օրենքի մասին, ոչ թե օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որովհետև կարծում ենք՝ այն իրականությունը, որում մենք գտնվում ենք, և այն իրականությունը, որում գրվել է այդ օրենքը, արդեն բավականին բան է փոխվել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրականացվելու են ֆունդամենտալ քայլեր, որոնց մասին պարբերաբար կզեկուցվի վարչապետին:

Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  նույն խնդիրը գոյություն ունի նաև հանրային ծառայությունների ոլորտում, որը նույնպես ուշադրության կենտրոնում պետք է լինի.  «Գնումների ընթացակարգը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին և ժամանակակից բիզնես հարաբերություններին: Սա շատ կարևոր է: Երկրորդն էլ՝ մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում և համակարգը լրացուցիչ նաև լարում ենք»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն գնման գործընթացը և գնման մրցույթը կազմակերպելու, այլ նաև գնման ընթացքը կառավարելու հարցերին:

«Կոռուպցիայի ընկալման ցուցիչով» Հայաստանի հետընթացը կանգնեցվել է և մի փոքր առաջընթաց է գրանցվել

Կառավարության նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև անցած տարի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի մեջ Հայաստանի գրանցած նահանջին և նշել, որ հետընթացը կանգնեցվել է և մի փոքր էլ առաջընթաց է գրանցվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է զեկույցի մեջ ներառված հետևյալ տողը. «Չնայած նրան, որ Հայաստանը, ինչպես և տարածաշրջանի շատ այլ երկրներ, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն կառավարելի դարձնելու համար կոռուպցիոն ռիսկերը»:

Վարչապետը նշել է, որ չնայած Հայաստանն առերեսվել է անվտանգային մարտահրավերներին, սակայն իրավիճակների շատ կոնկրետ ճգնաժամի պարագայում և՛ հրապարակային, և՛ աշխատանքային մակարադակներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ճիշտ աշխատանքը և ճիշտ արձագանքն օրակարգային հարցերից չշեղվելն է և այդ ուղղությամբ շարունակել աշխատելը: «Այսօր շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ արձանագրում են մեր դիմակայունության արտասովոր դրսևորումները, և դա միայն այն բանի շնորհիվ է, որ նույնիսկ 2020 թվականի, նույնիսկ 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին մեր բարեփոխումների օրակարգը ոչ մի րոպեով չի կանգնել: Եվ կատարված բարեփոխումների շնորհիվ է, որ մեր դիմակայունության մակարդակը բարձրացրել ենք, և այս ճանապարհով պետք է գնանք»,-ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույցին ի հավելում արձանագրել է. «Բոլոր հարցերն արդեն կառավարության օրակարգում են, այսինքն՝ ռազմավարության, քաղաքականության կամ օրենքի մակարդակում, դրանք բոլորն օրակարգում են: Եվ Ձեր նշած նախադասությունը հենց այդ կոնտեքստում է, որ արդեն կա այդ հնարավորությունը, այդ միջավայրը ստեղծված է, մնում են մեր աշխատանքները: Եվ եթե մեր աշխատանքներն ավելի ինտենսիվացնենք, վստահ եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ հաջողություններ կունենանք»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության Հայաստանի կառավարության կամքն անփոփոխ է: Վարչապետը հետաքրքրվել է հակակոռուպցիոն ռազմավարությունով միջոցառումների ցանկի մասին, ինչին ի պատասխան Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է, որ այո, կա նման ցանկ և հավելել. «Հակակոռուպցիոն ռազմավարությունը նոր ենք ընդունել: Այն  մեր ամենամասնակցային ռազմավարություններից է: Եվ կարևորը, որ հենց բիզնեսի հետ ենք աշխատել ռազմավարական նպատակներն ուրվագծելու համար: Այսինքն՝ հենց իրենք են լուծումներ առաջարկել»: Արդարադատության նախարարը նաև հորդորել է գործընկերներին գնումների մասին նոր օրենքի նախագիծը կազմելիս առաջնորդվել այս ռազմավարությամբ:

Անդրադառնալով կոռուպցիայի ընկալման համաթվին Գրիգոր Մինասյանը նշել է. «Շատ կարևոր է արձանագրել, որ տարին շատ անբարենպաստ էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում գլոբալ առումով, աշխարհի առումով, և այս մեկ միավորի արժեքը մենք պետք է շատ գնահատենք, քանի որ, օրինակ, Իռլանդիա և Իսլանդիա մինուս երեք միավոր են, իսկ մեր հարևան Վրաստանը նույնպես մինուս երեք միավոր է»:

Հարթակների գործարկման առումով՝ Արդարադատության նախարարը գոհունակությամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունը մեր երկրում  թվայնացված է, և փետրվարի 1-ի դրությամբ արդեն 34 դատական հայց ներկայացվել է հարթակով: Այս փուլում փաստաբանները, իրավաբանական անձինք, պետական հիմնարկները, կառույցները, ֆիրմաները կարող են ներկայացնել դատական հայց բացառապես թվային հարթակի միջոցով, իսկ հաջորդ փուլում դա կվերաբերի նաև ֆիզիկական անձանց:

ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները: Արդյունքում կուժեղացվի հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ, կբարձրանա անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը, ավելի օպերատիվ կդառնա կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող համագործակցության համակարգումը, ինչպես նաև կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը:

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներկայումս համաշխարհային մակարդակով երկրներն առերեսվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացին։ «Հատկանշական է համարում այն, որ հատկապես վերջին տարիներին համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աշխարհագրությունը՝ տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ։ Այս համատեքստում Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով։ Նախորդ տարի նախարարությունը միացել է սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոնվենցիային, որը նոր շունչ կհաղորդի և կնպաստի երկրների միջև համագործակցության խորացմանը, տվյալների, փորձառության փոխանակմանը»,-ասել է ՆԳ նախարարը։

Ըստ Վահե Ղազարյանի՝ ոստիկանության բարեփոխման շրջանակում փոփոխություններ են տեղի ունենում նաև քրեական ոստիկանությունում, որը թույլ կտա էլ ավելի հզորացնել կարողություններն այս ոլորտում. «Ինչպես տեղյակ եք, անցած տարի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի՝գրանցելով նկատելի արդյունքներ, սակայն շրջանառության ծավալները դեռևս զգալի են, ուստի այսօր առավել, քան երբևէ, ոչ միայն  միջազգային, այլև ներպետական մակարդակում կարևոր է ապահովել միջգերատեսչական սերտ և արդյունավետ համագործակցությունը»:

ՆԳ նախարարը նշել է նաև, որ այս ոլորտում իրավական առումով 2003 թ. նմանատիպ հանձնաժողով ձևավորված է եղել, սակայն տարիներ շարունակ չի երաշխավորել դրա պրակտիկ, ինչպես նաև կայուն գործունեությունը, ինչն ակնհայտորեն համահունչ չի կարող լինել ժամանակակից իրավիճակին, մարտահրավերներին, պրակտիկ աշխատանքի օպերատիվությանը։ «Հաշվի առնելով նշվածը և ի կատարումը վարչապետի հանձնարարականի՝ ներկայացված նախագծով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության գլխավորությամբ ստեղծել միջգերատեսչական աշխատանքային լիովին նոր հանձնաժողով: Կարևոր է նաև այն, հանձնաժողովը ոչ միայն կենտրոնանալու է հանրային անվտանգության հարցերի, ընդհանուր շրջանառության պատկերի, ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների վրա, այլ նաև թիրախում է պահելու հանրային առողջապահության հետ փոխկապակցված հարցերը»,-ասել է Վահե Ղազարյանը:

Կարևորելով ընդունված որոշումը՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում տարբեր մարմինների աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են: Ըստ վարչապետի՝ խնդիրն այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ավելի համակարգված և միջգերատեսչական մակարդում պայքար ծավալելն է: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով, և կարիք կա արձանագրելու նաև ցուցանիշները: Վարչապետը նշել է նաև, որ հանձնաժողովի ստեղծումը վկայում է խնդրի ծավալների մեծացման մասին, թեև թվերի մեծացումը կարող է վկայել նաև պայքարի արդյունքների մասին: «Շրջանառության մի հսկա մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով, և, իհարկե, մենք դեպքեր ունենք, երբ սոցիալական ցանցերով տեղի ունեցող հանցագործությունները բացահայտել ենք՝ ինչ-որ շղթաներ, հանցավոր խմբեր և այլն, բայց մենք այստեղ շատ լուրջ համակարգման խնդիր ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ խնդրի ծավալներն ակնհայտորեն մեծ են, տոննայով թմրամիջոցների բացահայտման դեպքեր են գրանցվում: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է նաև  շնագիտական ծառայությունների զարգացման,  միջգերատեսչական համագործակցության կարևորությունը. «Այս առումով պետք է շատ ուշադիր լինենք և հետևողական պայքար մղենք սրա դեմ: Պրոբլեմի ծավալներն ակնհայտ մեծ են: Մենք արդեն քանի՞ դեպք ունենք, որ տոննայով կամ հարյուրավոր կիլոգրամներով դեպքեր ենք բացահայտում: Սա ազդակ է, որ պետք է փոխենք մեր մեթոդները, հին մեթոդներով կարող է մեր կողքով անցնեն, մենք գլխի չընկնենք, թե ինչ է կատարվում»:

Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքից: Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է  թմրաշրջանառության դեմ պայքարի՝ 2022-2023 թթ. վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 4025 քրեական վարույթ է նախաձեռնվել, վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որից 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, և 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան:

«Մենք առանձին վիճակագրության ունենք նաև թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով: 106 վարույթ էլ այս դեպքերով է ավարտվել, և 116 անձի վերաբերյալ քրեական գործերը գնացել են դատարան: Եթե ընդհանրացնենք, 2023-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով ընդհանուր 1423 անձի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան: Ես նաև ուզում եմ առանձնահատուկ նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը վերջին շրջանում բավականին բարդացել է՝ հաշվի առնելով, որ մեխանիզմները սկսել են փոխվել: Իրավապահ համակարգին քաջ հայտնի նախկին մեխանիզմները, ավելի պատկերավոր ասեմ՝ փողը տվեցին, թմրանյութը վերցրեցին, և օպերատիվ մարմինը գնաց բռնեց՝ այլևս գրեթե գոյություն չունի: Հիմնականում մեխանիզմը տեղափոխվել է տարբեր խանութ-հարթակներ, ինտերնետ հավելվածների միջոցով են իրականացնում առքուվաճառքը: Եվ իրավապահ համակարգն էլ, բնականաբար, ինչպես ցանկացած հանցագործության որակական աճի դեպքում կամաց-կամաց սկսում է ադապտացվել և փոխում է իր աշխատանքի մեթոդիկան: Կարծում եմ, մեր գնահատմամբ այս պահին իրավապահ համակարգը հենց այդ փուլում է, նոր մեթոդիկայի մշակման փուլում»,-ասել է Արգիշտի Քյարամյանը:

ՔԿ նախագահը նշել է, որ անցած տարի ոստիկանության և դատախազության գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում կարողացել են մի մեծ հանցավոր խումբ բացահայտել. «Մենք անցած տարվա ընթացքում 150-ից ավելի թելեգրամյան հարթակներ ենք բացահայտել, մեր գործընկերների հետ համատեղ 8 սենյակ-լաբորատորիաներ բացահայտել։ Շատ կարևոր հանգամանք կա, որ մենք սկսել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարկել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը: Անցած տարվա ընթացքում մեղադրանքով մեղսագրվել է 5,1 միլիարդից ավելի փողերի լվացում, 3,6 միլիարդի մասով գնացել է դատարան։ Եվ շատ կարևոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել՝  քննչական ճանապարհով անցած տարի 30 թելեգրամյան հարթակ է փակվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ»:

Արձագանքելով՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է  համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը. «2023 թվականին համացանցի միջոցով արձանագրվել է 489 դեպք, որից 128-ը՝ իրացման, իսկ 361-ը՝ թմրամիջոցի ձեռքբերման դեպք: Դա բավականին մեծ արդյունք է և համեմատած 2022- հետ՝ բավականին լավ ցուցանիշներ ենք ապահովել»:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ  իր հերթին նշել է, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս, այսինքն՝ հոսքն էապես տեղափոխվել է փոստային առաքանիներ, և այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև այդ ուղղությամբ:

Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

Կառավարությունը ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ոլորտում իրականացվել է բավական մեծ աշխատանք, սակայն դեռևս  այդ ուղղությամբ անելիքները շատ են: «Մասնավորապես՝ հանրային ծառայությունների ոլորտում գնումների գործընթացն առավելագույնս կանոնակարգելու, թափանցիկ և մրցակցային դարձնելու խնդիր կա, որովհետև դա մի թեմա է, որը նաև մեր սակագնային բանաձևերի վրա է շատ ուղղակի ազդեցություն ունենում: Մենք մի շարք ուղղություններով ունենք կարևոր աշխատանք իրականացնելու, այդ թվում՝ իրազեկումների առումով: Ես մեր քննարկումից մի դրվագ շատ եմ  կարևորում. հիշում եք, երբ պարոն Հովհաննիսյանը հարց բարձրացրեց կապված էլեկտրական հոսանքի մատակարարումն անջատելու վերաբերյալ: Մենք քննարկեցինք նման դեպքերում, երբ սահմանված ժամկետում էլեկտրամատակարարումը չի վերականգնվում, քաղաքացիներին փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները, որովհետև այդ մեխանիզմն այսօր գործում է: Բայց մեր քաղաքացիները գործնականում իրազեկված չեն դրանից, իրենք չգիտեն, որ եթե 4 ժամ և ավելի  որևէ տեղ հոսանքի անջատում է տեղի ունենում, ՀԷՑ-ը պարտավոր է փոխհատուցել, որոշակի վճարում իրականացնել: Հանձնաժողովը նաև վերահսկում է այդ գործընթացը և այդ վճարումներն իրականացվում են»,- ասել է վարչապետը և  կարևորել նման մեխանիզմների առկայությունը, որոնց միջոցով  քաղաքացիները կարող են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝  մատուցվող հանրային ծառայությունների կարգավորման առումով:

 Դիմելով ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր ուղերձը պետք է շատ հստակ լինի՝ առաջիկայում շատ ակտիվ ենք լինելու ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասով:  Ընդունված կամ նախատեսվող ռազմավարությունների հաջող իրականացումը կախված է նաև այն կարգավորումներից, որոնք իրականացվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Մենք վերականգնվող էլեկտրաէներգիայի,  նոր ատոմակայան կառուցելու հետ կապված պլաններ ունենք,  մեծ խնդիրներ ունենք ջրի ոլորտում՝ խմելու, ոռոգման ջրի: Ես ուզում եմ մեր ընկալումները փոխենք, մեր մտածածն այն չպետք է լինի, որ ջուրը չթանկանա, այլ պետք է մտածենք, որ մարդիկ  ինչքան ուզեն շուրջօրյա ջուր ունենան՝ և՛ ոռոգման, և՛ խմելու: Մենք դա պետք է ապահովենք»:

 Կառավարության ղեկավարն ընդգծել է ՀԾԿՀ-ի ակտիվ համագործակցությունը ոլորտի հետ առնչվող գերատեսչությունների հետ: 

Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Շատ ճիշտ և հանգամանալից նշեցիք այն աշխատանքները, որոնք դեռևս ունենք անելու, մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխման ուղղությամբ՝ ազատականացված շուկայի և նոր մոդելի ներդրման: Այն արդեն ավարտին է հասցվում, սակայն այստեղ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս: Անհրաժեշտ է ավելացնել հսկողական մեխանիզմները՝ շուկայի մասնակիցների չարաշահումները բացահայտելու նպատակով: Աշխատանքներ կան արվելու սպասարկման որակի ուղղությամբ, այդ թվում՝ սպառողների իրավունքների վերաբերյալ  իրազեկման ապահովման»,-ասել է Գարեգին  Բաղրամյանը՝ վստահեցնելով որ ներկայացված բոլոր ուղղություններով պատշաճ աշխատանք կտարվի:

Երևանի 6 դպրոց ներառվել է  300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրում

Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում և  1,164,212.8 հազար դրամ ուղղվել «Մինչև 2026թ․ 300 դպրոցի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում ընտրված Երևանի դպրոցների կառուցման աշխատանքների մեկնարկմանը և 2024թ.-ին շինարարությունն ավարտվող օբյեկտների շենքերի չափագրմանը։ Որոշմամբ  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվում թվով 30 դպրոցի և 6 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Այդ հաստատություններից 7-ը գտնվում է Երևանում, 6-ը՝ Արագածոտնում, 8-ը՝ Արմավիրում, 4-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Կոտայքում, 1–ը՝ Սյունիքում, 6-ը՝ Տավուշում։ Որոշմամբ  նաև 157.2 մլն դրամ է հատկացվում ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երևանի թվով 6 դպրոցի անհատական նախագծերի ձեռքբերման համար։ Դպրոցները ներառվել են 300 դպրոցի ծրագրում։ Այդ հաստատություններն են՝ Գ.Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական,  Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ,  Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ, Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական, Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական, թիվ 173 և թիվ 31 հիմնական դպրոցները: Նախատեսվում է նաև գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ շինարարությունն իրականացվող և մինչև 2024թ.-ի մայիսի 1-ը ներառյալ ավարտվող թվով 30 օբյեկտի շենքերի չափագրման ծառայության ձեռք բերման համար։ Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվում է 5,912.8 հազար դրամ գումար՝ չափագրման ծառայության արժեքը հաշվարկելով 250 դրամ: Որոշմամբ նախատեսվում է նաև կատարել միջհոդվածային փոփոխություն Բերդկունքի ամրոցի (Իշխանաց բերդ) հնավայրի և Եղեգնաձոր համայնքի Հորս գյուղի Չեսար Օրբելյանի պալատի և հարակից եկեղեցու պեղումների իրականացման նպատակով և նախատեսված գումարը հատկացնել Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ որպես պեղումների իրականացման մասնագիտացված կառույցի։

Երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով

Կառավարությունն ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական 4/1 շենքի (էներգետիկական քոլեջի), Ուսանողական 4 շենք (Ճարտարագիտական քոլեջի), Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հանրակացարաններ հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները  դիմում են ներկայացրել՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով իրենց տրամադրելու խնդրանքով:

Կապահովվի 160 տրանսպորտային միջոցի՝ ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ համապատասխան փոխհատուցման իրականացումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ 2023թ. նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ սահմանված պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝  նախատեսվել էր ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով նախատեսել փոխհատուցման հնարավորություն՝  միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասով, միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասով։ Հիմնավորման համաձայն՝ ընդհանուր պետական աջակցության ծրագրի շրջանակում ձևակերպվել է 2648 ավտոմեքենա, որոնց գծով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարը կազմել է 7,532.7 մլն դրամ: Փաստացի փոխհատուցվել է 2488 ավտոմեքենայի մասով` 7,017.1 մլն դրամ, իսկ 160 ավտոմեքենայի մասով չի փոխհատուցվել 515.6 մլն դրամ: Արդյունքում կապահովվի ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող 160 տրանսպորտային միջոցի՝ ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ համապատասխան փոխհատուցման իրականացումը։

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար, հնարավորություն է սահմանվում ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողների համար՝ վերահանձնելու անբավարար գնահատված ատեստավորման արդյունքը,ինչպես նաև սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները: Հավանություն տալ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Առաջարկվում է օրենքում կատարել  փոփոխություն և հստակ սահմանել, թե սահմանափակ և լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում և բաժնետիրական ընկերությունների դեպքում ովքեր կարող են հանդես գալ որպես հավատարմագրային կառավարիչներ: Միևնույն ժամանակ, առաջարկվում է լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կունենան այնպիսի բովանդակություն, ինչպիսին առկա է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար:

Կմեղմվեն Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները

Գործադիրն ընդունել է «Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին» որոշում, որով  առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման: Հիմնավորման համաձայն՝ սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և առկա է արտեզյան հորիզոնների և Մեծամոր գետի ջրատվության նվազում, որը կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանի ջրային ռեսուրսի հյուծմանը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Թույլատրել «Ջրառ» ՓԲԸ տրված ջրօգտագործման թույլտվության շրջանակում և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերությանը իրենց կողմից շահագործվող ջրային համակարգերի միջոցով՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով, Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝  առանց հասույթի ձևավորման: Որոշմամբ սահմանված գործողություններն առաջարկվում է տարածել 2023 թ. նոյեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա, քանի որ էկոլոգիական անբարենպաստ վիճակով պայմանավորված՝ նշված ժամանակահատվածից որոշակի ծավալով ջրալրումներ են իրականացվել։ Հաշվի առնելով այն, որ իրականացված ջրալրումները չեն օգտագործվել ոռոգման նպատակով՝ առաջարկվում է տվյալ ջրածավալների նկատմամբ ևս հասույթ չձևավորել։ Նշված միջոցառման իրականացման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն կանխել ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտումը և մեղմել արտեզյան հորիզոնների, ինչպես նաև Մեծամոր գետի ջրատվության նվազման հետևանքները։

Փոփոխություններ՝ սոցփաթեթի  առողջապահական բաղադրիչում

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին» որոշման մեջ: Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջապահական ծառայությունների մատուցումը առավել որակյալ, առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և  նպատակային դարձնելն է: Հստակեցվել է ծրագրի շրջանակում շահառու դառնալու և շահառուի կարգավիճակը դադարելու կամ աշխատանքից ազատվելուց հետո այն պահպանելու ժամկետները և պայմանները՝ այդ թվում համատեղությամբ աշխատանքի դեպում: Հստակեցվել է առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով շահառուների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանների ձևավորման և վարման պայմանները: Որոշմամբ հստակորեն տարանջատվում են ըստ ապահովագրական ընկերությունների շահառուների կցագրման և պայմանագրային գումարի հաշվարկման գործընթացները: Նախատեսվում է արդեն իսկ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ից սկսել ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման գործընթացը (տեսակարար կշիռների հաշվարկման համար ելակետային տվյալների ստացում, բացառությունների սահմանում և այլն) և հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ ավարտել բոլոր շահառուների կցագրումը  ապահովագրական ընկերություններին: Փոփոխություն է կատարվել նաև հիվանդանոցային ծառայությունների փաթեթում. առաջարկվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող  բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում ավելացնել «15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում» ծառայությունը արտոնյալ պայմաններով՝ պետության կողմից փոխհատուցվող գումարի չափը սահմանելով «նորագոյացությունների ճառագայթային բուժում» ծառայության  չափով և շահառուներին ընտրության հնարավորություն տալ:

Կհստակեցվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հստակեցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափը: Որոշմամբ ամրագրվել են  դրույթներ, որոնք  կարգավորում են բուհերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող կրթաթոշակի տրամադրման գործընթացը՝ ապահովելով  «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պահանջները։ Մասնավորապես սահմանվել են, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման 2-րդ կետով սահմանված 50 000 դրամ կրթաթոշակի՝ 150 տոկոսի չափով՝ մինչև սովորողի 23 տարին լրանալը, որը կազմում է 75 000 դրամ։ Ամրագրվել է նաև, որ  սահմանված կարգով բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում կրթաթոշակ ստանալու հնարավորությունը: Նույն մոտեցումը  կիրառվելու է նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների նկատմամբ։ Սահմանվել է դրույթ, որ նախատեսված բարձրացված կրթաթոշակի չափը կիրառվում է նաև մինչև 2023-2024 ուսումնական տարին սահմանված կարգով բուհ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների վրա:

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

 

Կառավարությունն ընդունել է որոշումներ՝ մի շարք ընկերություններին   գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվություն տրամադրելու նպատակով:

«ՄԵՆՕԿ» ՀՁ ՍՊԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել մատնահարդարման պարագաների, եղունգի խնամքի միջոցների արտադրության համար։ 2006 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 276 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 20 աշխատատեղ՝ 320 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 37-ի՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 276 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22․7 մլն դրամ:

 

«ԱՆԻԹԵՔՍ» ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել անկողնային պարագաների արտադրության համար։ 2017 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացելու է Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի կապիտալ (նորարար սարքավորումների, տեքստիլ մեքենաների ձեռքբերում) և 7.1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 120 աշխատատեղ՝ 163 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 170-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 628 մլն դրամ:

«ԷԼՄԱ ՇՈՒԶ» ընկերությունը ներմուծվող ապրանքները կօգտագործի կոշիկի արտադրության համար։ 2017 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում՝ իրականացնելով 3.3 մլրդ դրամի ներդրում, որից 271.7 մլն դրամը հումքի, իսկ մնացած մասը սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 152 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 271.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 13.5 մլն դրամ:

2017 թ. հիմնադրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել սրբիչների արտադրության համար՝ Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 510 մլն դրամի կապիտալ (նորարար սարքավորումների, տեքստիլ մեքենաների ձեռքբերում) և 4.58 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 84 աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով,  մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 120-ի՝ 290 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.58 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 232 մլն դրամ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829