Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիպե՞լ եք սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, քննարկե՞լ եք այս նախագիծը»․ ՔՊ-ականների նախագիծը թեժ մթնոլորտում քննարկվեց

Փետրվար 01,2024 17:42

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն տրվեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։

Ռուստամ Բաքոյան

Ի դեպ, հանձնաժողովի նիստը նախագահում էր ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որի վերաբերյալ նախորդ տարի տեղեկություն էր եղել, որ բռնության էր ենթարկել նախկին կնոջը։

Զարուհի Բաթոյան

Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ առաջարկում են նոր սահմանումներ ներառել օրենքում։ «Որպես բռնության ենթարկված անձ՝ դիտարկում են նաեւ երեխային, որը ականատես է եղել բռնությանը։ Առաջարկում ենք սահմանել ավելի բարձր տուգանք՝ Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չպաշտպանելու դեպքում»,- ասաց նա։

Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշեց, որ այս փաթեթի վերաբերյալ մամուլում մտահոգություններ եղան։ Մասնավորապես, նշվել էր, որ նսեմացվում է ավանդական ընտանիքի դերը՝ ավելացնելով «զուգընկեր» տերմինը: «Ակնկալում եմ հստակ պատասխան՝ արդյոք այս նախագծի մշակումից առաջ, մշակման ընթացքում կամ հետո դուք հանդիպե՞լ եք սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, արդյոք քննարկե՞լ եք նրանց հետ այս նախագիծը եւ արդյոք այս նախագիծը որեւէ կերպ առնչվո՞ւմ է այդ համայնքի ներկայացուցիչներին»,- հարցրեց Արեգնազ Մկրտչյանը։

Ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանն ասաց, որ մի քանի հրապարակում տեսել է։ Բաթոյանը դրանք ապատեղեկատվություն եւ կեղծ տեղեկություններ որակեց, նշեց, որ հիմնականում չեն համապատասխանում իրականությանը։ «Ինչ վերաբերում է հանդիպումներին, ես հանդիպել եմ իրավապաշտպան կազմակերպությունների հետ, բայց որեւէ մեկի հանդիպելիս նախապես չեմ հարցնում՝ ինքը սեռական փոքրամասնության խմբին պատկանում է, թե՞ ոչ»,- նշեց Բաթոյանը։ Նա հավելեց, որ օրենքի նախագիծը չի վերաբերվում ոչ ընտանիքի կարգավորումներին, ոչ ավանդական սահմանումներին։ Օրենքը եւ օրենքի նախագիծը վերաբերվում են բռնության կանխարգելմանը։

Արեգնազ Մանուկյանը շարունակեց հարցադրումը․ «Ես ձեր պատասխանից կարո՞ղ եմ հասկանալ, որ դուք ասում եք՝ օրենքը եւ այս նախագիծը որեւէ կերպ չեն առնչվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին հետ»։

«Ընտանեկան բռնության մասին օրենքը, ինչպես նաեւ մեր նախագիծը առնչվում է ընտանեկան բռնության կանխարգելմանը, բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը եւ բռնություն կիրառողների պատժին, եթե օրենքով սահմանված կարգով նրանց մեղքն ապացուցվել է»,- արձագանքեց Բաթոյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը միջամտեց․ «Մենք գտնվում ենք ՀՀ Ազգային ժողովում, որը ժողովրդավարական երկրի խորհրդարան է։ Եվ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիներն էլ այլ ընկալումներ չունենան այս նիստից եւ առհասարակ մեր պետությունից, ՀՀ քաղաքացիությունը չի պայմանավորվում որեւէ մեկի կրոնական, սեռական եւ այլ պատկանելություններով։ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն օրենսդրությամբ պաշտպանություն, ունեն իրավունքներ եւ պարտականություններ։ Եվ ես խնդրում եմ ձեր հարցադրումները բխեցնեք ՀՀ Սահմանադրությունից, որովհետեւ սա պետություն է եւ մենք գտնվում ենք ՀՀ Ազգային ժողովում, չենք գտնվում որեւէ զրուցարանում, որտեղ ինչ ուզենք, կարող ենք խոսել, Սահմանադրության հետ կապ չունեցող բաներ խոսել։ Մենք առաջադրանք ունենք ՀՀ համար ունենալ, վերջապես, ընդհանուր, համակեցության համար ստեղծված օրենսդրություն եւ Սահմանադրություն։ Ես խնդրում եմ, քաղաքացիներին մի շեղեք պետական մտածողությունից, բռնությունից պետք է զերծ լինեն բոլորը, հանցագործներն այդ թվում»։

Արեգնազ Մանուկյանը հարցադրում արեց՝ Սահմանադրության ո՞ր կետին էր համահունչ ԱԺ հանձնաժողովի նիստում բռնության կոչեր հնչեցնելը, «մատները կտրելու», «ականջները կտրելու» մասին ՔՊ-ականների ավելի վաղ արած հայտարարությունները։  ՔՊ-ականները չպատասխանեցին այս հարցին։

Ծովինար Վարդանյան

Ծովինար Վարդանյանը պարզաբանեց, որ ընտանեկան բռնությունը բռնության այն տեսակն է, որը պետք է նույնականացնել, ստեղծել գործիքակազմ, որով քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց պաշտպանելու։ «Ես ցավում եմ, որ «դեղին մամուլով» աչքովս ընկած մեկնաբանություններն այստեղ հնչում են ձեր կողմից, տիկին Մանուկյան։ Ես կուզեի ձեզ այստեղ տեսնել պատգամավորի կարգավիճակում, որն օրենքը կարդացել է եւ հարցեր է տալիս օրենքից։ Նաեւ ցավում եմ, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին պետք է տարրական գիտելիքների մասով լուսաբանում անեն, այն է՝ խտրականության արգելքը։ «Զուգընկերոջ» սահմանումը եկել է այն պարզ պատճառով, որ հիմնականում ընտանեկան բռնության մասին օրենքը պաշտպանում էր այն մարդկանց, որոնք իրավական դաշտում արձանագրել էին իրենց հարաբերությունները։ Այսինքն՝ այս օրենքից դուրս էին մնում այն մարդիկ, որոնք ժողովրդական լեզվով ասած նշանված են, ընկեր-ընկերուհի են եղել, որը որեւէ կերպ իրավական առումով չի արձանագրվել։ Հիմնականում սա կանանց պաշտպանությանն է ուղղված։ Կոչ եմ անում հիմնականում ընդդիմադիր կին պատգամավորներին մասնակից լինել եւ մասնակից լինել բովանդակային»,- ասաց Վարդանյանը։

Սոնա Ղազարյան

Նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանն էլ մանրամասնեց, որ «զուգընկեր» ասելով՝ նկատի ունեն նշանվածներին, որոնք չեն ունեցել իրավական կարգավիճակ, բայց ենթարկվել են բռնության։ «Հայաստանում շատ հաճախ մարդիկ նշանվում են, եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառվելու պարագայում չէին կարողանում օգտվել պետության կողմից սահմանված մի շարք պաշտպանական միջոցներից»,- նշեց Ղազարյանը։

Արփինե Սարգսյան

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ ասաց, որ նախագծի տրամաբանությունն այն է, որ ընտանեկան միջավայրում ցանկացած բռնություն ենթակա է լինելու համապատասխան վերաբերմունքի եւ գնահատականի։ «Կլինի տղամարդ, թե կին, մեզ համար կարեւոր չէ, մեզ համար կարեւոր է այն, որ մենք գործ ունենք անհատի հետ, որի նկատմամբ կա բռնություն։ Հետեւաբար, անկախ սեռից ու ազգությունից, մեր արձագանքը պետք է լինի նույնը։ Եթե բռնությունը չենք հանդուրժում կանանց նկատմամբ, չի կարող հանդուրժելի լինել նաեւ տղամարդկանց նկատմամբ»,- ասաց նա։

Արփինե Սարգսյանը նշեց, որ ընտանեկան բռնության դեպքերը 2021, 2022 եւ 2023 թվականին աճել են։ 2023 թվականին օպերատիվ ամփոփագրերով անցնում է ընտանեկան բռնության 1819 դեպք։ Նախազգուշացում է կիրառվել 551 անձի նկատմամբ, անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել 832 անձի եւ պաշտպանական որոշում՝ 9 անձի նկատմամբ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829