Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ-ն 1 մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ-ից տեղահանվածներին

Փետրվար 01,2024 17:22

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։ Այդ օգնության շնորհիվ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19,300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը։

Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացած միջոցառմամբ, որի ընթացքում տեղահանված անձինք ստացան սնունդ և հիգիենայի պարագաներ։ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը ՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի և «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդի հետ միասին մասնակցեցին միջոցառմանը։

«2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին։ Այս միջոցներն օգտագործվում են տրամադրելու ամեն ինչ՝ ներառյալ սնունդ և հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելու տեղահանված անձանց հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ։

«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, պարենային և ոչ պարենային ապրանքներ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Աջակցության տրամադրումը մեկնարկել է 2023թ-ի դեկտեմբերին և կտևի 6 ամիս։ Աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այցի ընթացքում ընդգծեց․ «Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները 2023–ի սեպտեմբերին հաշված օրերի ընթացքում բռնի տեղահանվելով հայտնվեցին իրենց կյանքն ու գործունեությունը վերսկսելու մարտահրավերի առաջ։ Հայաստանի կառավարությունը և բազմաթիվ անհատներ աջակցեցին նրանց առաջնային կեցության և ապրուստի միջոցներ հոգալու հարցում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները շարունակում են պետական դրամական աջակցություն ստանալ նաև ձմեռվա ամիսներին։ Բոլոր այս պետական ծրագրերում մեր կողքին մեր տեղական և միջազգային գործընկերներն են, ինչը կարևոր է, քանի որ բռնի տեղահանված ընտանիքին ժամանակ է պետք իր ինքնաբավ կեցությունը վերագտնելու համար»։

Աջակցության տրամադրումն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են «Առաքելություն Հայաստան», Հայկական Կարմիր Խաչի ընկերություն, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպությունները։

«Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդն իր ելույթում նշեց․ «Տեղահանված անձինք «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի 10 թիրախային խմբերից մեկն են։ Մեր նպատակն է՝ նրանց ապահովել անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ և բարելավված սոցիալական պաշտպանությամբ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղահանված անձանց կարիքները հոգալու համար՝ ծրագիրը գործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև տրամադրում է անմիջական առաջնային օգնություն»։

Միջոցառման մասնակիցները հետևեցին մարդասիրական ծանրոցների բաշխման ընթացքին, զրուցեցին շահառուների հետ՝ նրանց կարիքների մասին ավելի լավ տեղեկանալու համար։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատարիմ է մնում իր ծրագրերի միջոցով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնելու հանձնառությանը:

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829