Հարգելի՛ գործընկեր
Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվ համագործակցում է նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։
Դեռևս 2018 թվականին թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ներկայացվել է 10 բացառիկ նմուշ։
2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվեց «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցություն ունեցավ նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ իր հավաքածուից ցուցադրությունում ներկայացնելով 3 բացառիկ նմուշներ (Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․))։
Կարդացեք նաև
Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:
Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․ ): Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ։
Ցուցադրության կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են․ ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության և թանգարանի կողմից պաշտոնապես կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին։
Հայաստանի պատմության թանգարան
Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին։
Թանգարանը ՀՀ ազգային նշանակության մշակութային կենտրոններից մեկն է, կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.):
Կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։
Պահպանում է ավելի քան 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։ Թանգարանն իր հավաքածուները համալրում է հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։
Արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մինչև մեր օրերը։
2023 թվականից թանգարանի երկու մասնաճյուղերն են հանդիսանում Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը և Կոտայքի երկրագիտական թանգարանը։
Հայաստանի պատմության թանգարան