Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե քաղաքացիները կհանձնեն էլփոստի հասցե, որի միջոցով ցանկություն կհայտնեն ստանալ խախտումների ծանուցումը, առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 20 % զեղչ տուգանքի նկատմամբ»

Փետրվար 01,2024 16:40

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, եւ արդի պայմաններում, արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչեւ կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը, եւ մեր քաղաքացիները կունենան ծանուցման պատշաճ համակարգ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում:

Քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթում ներառված են փոփոխություններ, որոնք վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը, ինչպես նաեւ վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը:

«Եթե մեր քաղաքացիները կհանձնեն էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կհայտնեն ստանալ խախտումների ծանուցումն էլեկտրոնային տարբերակով, այլ ոչ Հայփոստի միջոցով եւ թղթային ծանուցման եղանակով, ապա այդ դեպքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 20 տոկոս զեղչ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե գործ ունենք 5 հազար դրամ տուգանքի հետ, եւ, եթե անձը տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա տուգանքի նշանակված չափը դառնում է 4000 հազար դրամ»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը` հավելելով, որ ցանկանում են քաղաքացիներին հնարավորինս բերել թվայնացման դաշտ` հետագայում իրականացվող գործընթացներին ինտեգրվելու համար, որը թույլ կտա ամբողջովին վերացնել թղթային ծանուցումները եւ ամբողջական ծանուցումներն ապահովել էլեկտրոնային տարբեր հարթակների միջոցով:

Անդրադառնալով երկրորդ կարեւոր փոփոխությանը` Արփինե Սարգսյանը նշել է, որ առկա են շուրջ 8 մլրդ դրամի չափով դեռեւս չկատարված վարչական մի շարք ակտեր, որոնք ներկայում գտնվում են Հարկադիր կատարման ծառայությունում: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային պրակտիկայում նմանատիպ օրինակներ կան, երբ պետությունը, խնայելով վարչական ռեսուրսն այս խումբ ակտերի կատարման նկատմամբ, նախատեսում է որոշակի բոնուսային համակարգ քաղաքացիների համար: «Մեր դեպքում բոնուսային համակարգը հետեւյալն է. եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ: Այսինքն` եթե տուգանքը վճարված լինի 70 տոկոսի չափով, ապա պարտավորությունը համարելու ենք ամբողջությամբ կատարված»,- պարզաբանել է փոխնախարարը` հույս հայտնելով, որ նմանատիպ խթանիչ գործընթացների արդյունքում կհասնեն վարքագծային փոփոխության, ինչը կնպաստի վերջնարդյունքում ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ պարտաճանաչ եւ պատշաճ վերաբերմունքի:

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող մի շարք  այլ փոփոխություններ եւս` հիմնական զեկուցողը շեշտել է, որ դրանց ընդունմամբ հնարավորինս կթոթափվի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի խնդրին, օրենսդրական փաթեթի բոլոր կարգավորումների մասով լայնամասշտաբ իրազեկման արշավների կազմակերպմանը:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են համակարգում արդարության հաստատումը, ծանուցման` էլեկտրոնային համակարգի ներդրումը, ճանապարհային երթեւեկությունն անվտանգ դարձնելուն ուղղված քայլերը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ընդգծել է թվային դարաշրջանում թվային տեխնոլոգիաների կիրարկումը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, խոսել է բազմախողովակ ծանուցման ինստիտուտի ներդրումային անհրաժեշտության մասին:

Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով համապարփակ քննարկման, հարցադրումների համար, նշել է, որ այն կօգնի առավել մանրամասն ներկայացնել առաջարկվող կարգավորումները: Նա շեշտել է, որ նախագիծը նպատակ ունի բարելավել պետություն-քաղաքացի հարաբերությունները, վերացնել թղթային ծանուցման ռեժիմով ունեցած պրակտիկան:

Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նախագծերի փաթեթը վերամշակելու համար ներկայացրել է երեք առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է լուսաթափանցելիության չափանիշների չպահպանման հետ կապված խախտումների դեպքում կիրառել տուգանային երկու միավոր:

Արփինե Սարգսյանի խոսքով Կառավարությունը ներկայացված առաջարկների վերաբերյալ չունի դրական եզրակացություն` ընդգծելով, որ նման բալային փոփոխությունը չափազանց անհամաչափ մոտեցում է: Հանձնաժողովը ձեռնպահ է քվեարկել Արսեն Թորոսյանի ներկայացրած առաջարկություններին:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829