Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեմ եմ Սահմանադրությունը «սրբազան կով» դիտարկելու փորձերին». ՔՊ-ական պատգամավոր

Փետրվար 01,2024 16:23

Լրագրողներն ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է իշխանությունը ցանկանում նոր Սահմանադրություն ունենալ, եւ արդյոք Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գործող սահմանադրությունը ի զորու չէ շատ խնդիրներ լուծելու: «Սահմանադրությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ Սահմանադրությունը որպես բուն տեքստ եւ որպես քաղաքացիների կամ սահմանադրի կամք: Բոլոր սահմանադրությունների ընդունման պահին հանրաքվեների հետ կապված տարատեսակ մեկնաբանություններ են եղել՝ առ այն, թե ինչպես է տեքստն ընդունվել, արդյոք այն ստացել է կամ չի ստացել քաղաքացիների մեծամասնության քվեն, ինչ եղանակով է ստացել»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Նրա խոսքով. «Այս ամենը մշտապես քննարկվել է առնվազն 2018 թվականից սկսած, որ եթե նույնիսկ տեքստը մնում է նույնը, մենք այնուհանդերձ պետք է հասկանանք քաղաքացիների կամքը՝ իրոք պե՞տք է ունենալ այսպիսի սահմանադրություն: Բոլորս գործում ենք գործող Սահմանադրությամբ, բայց պետք է պարզել, թե ինչպիսի հանրային ընկալում կա այս կամ այն փաստաթղթի ընդունման գործընթացի վերաբերյալ:

Ես չեմ վիճարկում լեգիտիմությունը, որովհետեւ եթե վիճարկեմ լեգիտիմությունը, պետք է լքեմ ցանկացած պետական հիմնարկ; Բայց դրան զուգահեռ՝ ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկենք որպես ապրող փաստաթուղթ, եւ այն, որ այս փաստաթուղթը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում երբեմն կարիք է ունենում սահմանադրի կողմից փոփոխվելու, վերափոխելու կամ վերանայվելու։ Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը ոչ առաջինն է, ոչ վերջինը, որ Անկախությունից հետո քննարկում է անցկացնում ոչ թե սահմանադրական բարեփոխումների, այլ նաեւ նոր Սահմանադրության տեքստի հետ կապված»:

Վլադիմիր Վարդանյանը հավելեց. «Ի վերջո, որոշողը ոչ թե ես եմ կամ դուք, որոշողը ոչ միայն ես եմ եւ դուք, այլ սահմանադիրն է, որը քվեարկելու է հանրաքվեին այս կամ այն Սահմանադրության օգտին»:

Հարցին՝ Անկախության հռչակագրից հրաժարման հարց արդյոք քննարկվում է, իշխանական պատգամավորն այսպես արձագանքեց․ «Խոսքը վերաբերվում է նոր Սահմանադրության տեքստին: Տարբեր երկրների սահմանադրական ավանդույթներում տարբեր մոտեցումներ կան… Եթե հիմա փորձենք զուտ վերացական դիտարկումներ անել, որեւէ տեղ չենք հանգի: Այս պահի դրությամբ կա գաղափար եւ այդ գաղափարին անդրադարձ լինելու է»:

Պնդմանը՝ այնուամենայնիվ, չի՞ բացառում, որ կա Անկախության հռչակագրից հրաժարում, Վարդանյանն այսպես պատասխանեց. «Ես հրաժարվողը չեմ, ոչ էլ դուք եք հրաժարվողը, ոչ էլ դուք եք ընդունողն ու փոփոխողը… Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի Սահմանադրական հանրաքվեի, սահմանադիրն է որոշելու Սահմանադրության մեջ ինչ տեքստ է լինելու»:

Հարցին՝ արդյոք այդ ամենը արվում է ադրբեջանական կողմի ճնշման ներքո, նա այսպես արձագանքեց. «Ոչ մի Սահմանադրություն ճնշումներով չի կարող եւ չպետք է ընդունվի, որովհետև եթե ընդունվում է ճնշումներով, մենք ինքնիշխանության հետ կապված խնդիրներ ենք ունենում։ Փաստաթղթի նախաբանում ընդամենը դրույթներ են, որոնք անհրաժեշտ կարող են լինել որոշակի պայմաններում՝ մեկնաբանելու սահմանադրական այս կամ այն նորմը։

Նոր Սահմանադրության մեջ կարող է ավելի մեծ հղում լինի Անկախության հռչակագրին, կարող ավելի փոքր հղում լինի, կա միայն գաղափար, եւ որոշողը ժողովուրդն է լինելու։ Հիմա ցանկացած դատողություն անելը տեսքի վերաբերյալ կարող է լինել միայն գիտական, վերլուծական մակարդակի։ Ես միշտ դեմ եմ եղել Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելու փորձերին, ես դեմ եմ նաեւ Սահմանադրությունը «սրբազան կով» դիտարկելու փորձերին, այն ապրող փաստաթուղթ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ․ Գ․ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, որի հետ զրույցում մասնավորապես ասել է.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն փաստացի խաղաղություն է, իսկ երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է, ինչ խաղաղ պայմաններ են տիրում։ Բայց այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է կնքվի հաշտության պայմանագիր և վերջ դրվի Հայաստանի տարածքային պահանջներին Ադրբեջանի նկատմամբ։

…Հայաստանի անկախության մասին հռչակագրում կան Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանի հետ միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու ուղիղ կոչեր, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլվել են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ինչպես նաև Հայաստանի այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ, շատ կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանը, բազմաթիվ վերապահումներ կան, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի վրա։

…Հայաստանի՝ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ առաջ քաշած պահանջների հիմքն էլ կազմում են այնպիսի հարցերը, ինչպիսին են Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության չճանաչումը, Ադրբեջանից Ղարաբաղի անջատումը։ Այս պահանջներին վերջ դրվելու, Հայաստանի Սահմանադրության և այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերում փոփոխություններ անելու դեպքում կարելի է հասնել խաղաղության։ Ներկայում Հայաստանում այս թեմայով ներքին քննարկումների սկսվելը գնահատվում է որպես դրական քայլ, և սա կարող է խաղաղության գործընթացը շուտափույթ ավարտելու համար դրական հնարավորություն ստեղծել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829