Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ինձ ճանաչողները գիտեն, որ ինձ հետ ուլտիմատումով խոսել հնարավոր չէ»․ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր

Փետրվար 01,2024 16:09

«Վլադիմիր Գասպարյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է ոչ այն հանգամանքով, որ նա ասելիք չունի, կամ ասելիքը ամոթ է պարունակում, այլ պարզապես մենք գործ ունենք գեներալ գնդապետի հետ, որը ծառայողական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը գիտակցում է ամենալավը և ունենք անձ, ում մեղադրանքում գրված են նաև իր ընտանիքի անդամների անունները և, բնական է, տեսախցիկների առաջ նման մեկնաբանություններ կատարելը տեղին չէ, նաև ցուցմունքները տալը»,- Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ պետությունը Վլադիմիր Գասպարյանից պահանջում է ավելի քան 36 մլն դրամ գումար բռնագանձել։ Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանի կինն ու ընտանիքի անդամները տարբեր տարիների աշխատանքի են անցել իր իսկ ղեկավարած կառույցներում, չեն հաճախել աշխատավայր, սակայն գումար են ստացել։ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Փաստաբանն ասաց, որ իր հայտարարությամբ առարկում է դատարանի կողմից կայացված որոշմանը, որ դատական նիստն անցնի դռնբաց ռեժիմում, քանի որ Վլադիմիր Գասպարյանի ասելիքը պարունակելու է ծառայողական գաղտնիք․ «Հրապարակված ցուցմունքից էլ ակնհայտ է, որ Վլադիմիր Գասպարյանը, որը անգամ նախաքննության ընթացքում դստեր՝ պաշտոնի նշանակման հետ կապված ցուցմունք տալուց է հրաժարվել, ներկայումս Վլադիմիր Գասպարյանը ցանկանում էր այդ հանգամանքի շուրջ ցուցմունքներ տալ, որոնք վերաբերում են ոչ թե պաշտոնի նշանակման- ազատման, կամ աշխատանքի հաճախելուն, այլ ուրիշ շարժառիթներին, որոնք մասնավոր կյանքին են վերաբերվում և դրանք բացառապես դռնփակ դատական նիստում կարող էին քննարկվել։ Ուստի այս որոշմամբ՝ որոշակի առումով վարույթ իրականացնող մարմինը զրկեց բազմակողմանիություն ապահովելու հնարավորությունից։ Իսկ Վլադիմիր Գասպարյանը տեսախցիկի առաջ իր մասնավոր կյանքի և ծառայողական գաղտնիքի վերաբերյալ հարցերով ցուցմունք տալուց հրաժարվում է»։

Փաստաբանի կարծիքով՝ տեղեկության փոխանակում է եղել, և եթե նախորդ նիստերին լրատվամիջոցներ ներկա չէին, այսօր, իմանալով ցուցմունքի մասին, ներկա են և մտահոգություն հայտնեց, որ շատ դեպքում սակարկվում են Վլադիմիր Գասպարյանի գործով այս նյութերը և դրվում են «գլխագրեր, որոնք ապահովում են տեղեկատվական աղբ»։

Նախագահող դատավորն ի պատասխանեց հայտարարեց․ «Ինձ ճանաչողները գիտեն, որ ինձ հետ ուլտիմատումով խոսել հնարավոր չէ։ Եթե ես ընդառաջեի Վլադիմիր Գասպարյանի պնդումներին առ այն, որ նա միայն ցուցմունք կտա դռնփակ դատական նիստում և դրան ընդառաջ գնալով՝ հրապարակային սկզբունքը շրջանցելով հաջորդ դատական նիստին կարող էր հետևել Վլադիմիր Գասպարյանի պահանջը, որ նա կարող է ցուցմունք տալ առավել մանրամասն, եթե ես նրա վերաբերյալ միայն արդարացման ակտ կայացնեմ, դրան կարող էր հետևել մյուս ամբաստանյալների՝ դատարանին պահանջներ ներկայացնելը, ինչը անթույլատրելի է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829