Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեհաստանի նախագահի մրցանակակիր Գագիկ Պարսամյանը ցուցահանդես է նվիրել Արշիլ Գորկուն

Փետրվար 01,2024 15:55

«Միշտ մտածում էի, որ առիթ լինի, Արշիլ Գորկուն նվիրված որեւէ ցուցահանդես անեմ, իսկ այս տարի նրա ծննդյան 120-ամյակն է լրանում: Բարեբախտաբար, այնպես ստացվեց, որ առաջարկ ստացա ներկայացնելու աբստրակտ գործերս Գդանսկի ZAULKU ցուցասրահում՝ նվիրված Արշիլ Գորկուն: Իրենք որոշեցին, որ հունվարի 20-ին պետք է իմ աշխատանքների ցուցահանդեսով տարին մեկնարկի: Ներկայացրի 13 աշխատանք՝ բոլորը աբստրակցիա: Դա եւս հետաքրքիր փորձառություն էր, քանի որ ես հիմնականում ծաղիկներ եմ նկարում»,- Aravot.am- հետ զրույցում ասաց լեհաստանաբնակ ճանաչված գեղանկարիչ, Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայկական միության նախագահ Գագիկ Պարսամյանը, որն արդեն շուրջ 5 տասնյակ ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում:

Նրա աշխատանքներին և, մասնավորապես վերջին ցուցահանդեսին անդրադարձել է լեհական մամուլը, նաեւ լեհ հայտնի արվեստաբան Ռոման Նեչիպորովսկին: Նա նախ խոսել է Պարսամյանի հայկական արմատների, նրա ծննդավայրի՝ Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի մասին, ապա ընդգծել է, որ հայազգի նկարիչը համարվում է ժամանակի անվանի արվեստագետներից մեկը, որը մեծ ներդրում ունի լեհ եւ հայ ժողովուրդների մշակութային կապերի զարգացման առումով:

Նեչիպորովսկին գրել է, որ թեեւ Գագիկ Պարսամյանը ապրում է Լեհաստանում, սակայն իր սրտում պահում է հայրենիքի հանդեպ սերը, ինչը դրսեւորվում է նրա արվեստում եւ հասարակական գործունեության մեջ: Արվեստաբանը զուգահեռներ է տարել Պարսամյանի ու Արշիլ Գորկու գործերի միջեւ:

Ցուցահանդեսի բացմանը, Պարսամյանի խոսքով, դահլիճը լեփլեցուն է եղել: Այդ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 9-ը:

Գագիկ Պարսամյանը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ պատրաստվում են ապրիլին եւս մեծ շուքով նշել Արշիլ Գորկու հոբելյանը, որի առիթով նախատեսված է ցուցահանդես եւ գրքի շնորհանդես: Կցուցադրվեն Լեհաստանի 7 լավագույն նկարիչների, որոնց թվում նաեւ ինքն է, ինքնատիպ աշխատանքները:

Նկարչի խոսքով, մայիսին Լեհաստանի հյուսիսում գտնվող Ինովրոցլավ քաղաքում կկայանա իր ցուցահանդեսը՝ Հայկական օրերի շրջանակում՝ կրկին նվիրված Արշիլ Գորկուն, մայիսի 10-ին Կաունասում կկայանա իր անհատական ցուցահանդեսը՝ «Ծաղիկներ եւ աբստրակցիա», իսկ մայիսի 18-ին-ին Ինովրոցլավում Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակում կանցկացվի Հայկական երեկո՝ «Աշխարհի հայտնի հայերը» խորագրով: Հունիսի 21-ին լինելու է մեծ ցուցահանդես՝ կներկայացվեն միայն լոտոսներ Կրակովի մոտակայքում դղյակներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Գագիկ Պարսամյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829