Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ – 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Դուբայ և ԱՄԷ-ի այլ էմիրություններ՝ առանց վիզայի ընթացակարգերի անհրաժեշտության:
Երկու երկրների միջև կնքված երկկողմ համաձայնագրի շնորհիվ զբոսաշրջիկները կարող են մինչև 90 օր (180 օրվա ընթացքում) մնալ ԱՄԷ-ում՝ առանց մուտքի վիզայի պահանջի: Այս առաջադեմ փոփոխությունը նպատակ ունի պարզեցնել ճամփորդությունների պլանավորման գործընթացը՝ խթանելով զբոսաշրջության աճը և՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄԷ-ի տնտեսությունները:
ԱՄԷ-ի և Հայաստանի միջև զբոսաշրջային հոսքը շարունակում է զգալի աճ գրանցե։ Օրինակ՝ 2023 թվականին Հայաստանից Դուբայ այցելած զբոսաշրջիկների թիվը 2022 թվականի համեմատ աճել է 14%-ով, իսկ 2019-թվականի նախակովիդյան ժամանակահատվածի համեմատ՝ 127%-ով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Դուբայի աճող ժողովրդականությունը:
Դուբայը գրավում է հայ զբոսաշրջիկներին իր յուրօրինակ տեսարժան վայրերով, սպասարկման անթերի չափանիշներով, տարբեր հնարավորությունների տեր անձանց համար նախատեսված հյուրանոցների բազմազան տեսականիով, մաքուր լողափերով և հարուստ մշակութային օրացույցով: Քաղաքը պարծենում է ժամանցի մի շարք տարբերակներով՝ առևտրից և զվարճանքի պուրակներից մինչև գաստրոնոմիական և երաժշտական փառատոներ, նավարկություններ և բիզնես միջոցառումներ: Լինելով ավանդույթների և նորարարությունների յուրօրինակ համադրություն՝ Դուբայը հայտնի է իր մշակութային ժառանգությամբ և առաջարկում է գրավիչ փորձառություն բոլոր տարիքի ճանապարհորդների համար:
Կարդացեք նաև
Ըստ էության, պարզեցված վիզային ռեժիմը ոչ միայն հասանելի է դարձնում Դուբայը և ԱՄԷ-ի մյուս էմիրությունները, այլև մեծացնում է նրանց գրավչությունը հայ զբոսաշրջիկների շրջանում՝ տրամադրելով հանգստի և ժամանցի բազմաթիվ հնարավորություններ:
Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) մասին
Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն: Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը: Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ:
DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն: Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական գործակալները: DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:
Մամուլի հաղորդագրություն