Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ոչ մեկին էլ չէր դիմի։ Չեք ճանաչում նրան։ Նման սովորություն չի ունեցել»․ Վլադիմիր Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար եղած ժամանակ իրեն դիմելու մասին

Փետրվար 01,2024 15:48

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը մի շարք հարցեր տվեց Վլադիմիր Գասպարյանին՝ կապված այն դրվագի հետ, որ ժամանակին ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի եղբայրներ Լևոն և Ալեքսանդր Սարգսյանների վարորդները, ծառայության մեջ գտնվելով, զենք կրելով, կատարել են վարորդի պարտականություններ։

Վարդգես Սարգսյանը, փաստելով, որ Նելսոն Սադոյանի ցուցմունքի համաձայն՝ հանդիսացել է նախագահ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի վարորդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Խաչիկ Բադեյանն ու Արմեն Մովսիսյանը հանդես են գալիս Լևոն և Ալեքսանդր Սարգսյանների վարորդները, հիմք ընդունելով նաև Ձեր այն հայտարարությունը, որ Լևոն Երանոսյանն ամաչել է, իր մարտական ընկերն է եղել և չի ասել իր աղջկա՝ աշխատանքի չհաճախելու մասին, հարցրեց՝ կարո՞ղ է Դուք էլ եք այդ երեք զինծառայողներին հրամանագրել, ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի հետ՝ Ձեր հարաբերությունները հաշվի առնելով, տեղի տալով Ձեր հարաբերություններին։

Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց՝ ես այդ հարցում մի քիչ անամոթ եմ, իսկ Երանոսյանի հարցով բնավ դա նկատի չունեի։ Դատավորը կատակեց՝ նիստերին նկատել եմ՝ շատ ամոթխած մարդ է Լևոն Երանոսյանը։ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց՝ ամոթխած մարդու վրա մի կիլո բեկոր կա, սաղ փորը ցանց է։ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ նրանք մի քանի օր է՝ շարքում չէին։

Դատավորը փաստեց՝ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ է եղել, որ երեք հոգի շարքում չեն եղել և հարցին՝ ինչո՞ւ հետամուտ չի եղել հանցակազմ պարունակող արարքին իրավական գնահատական տալուն և տեղյակ պահելուն համապատասխան իրավասու մարմիններին։ Հարցին՝ երբ պարզեցիք, որ երեք հոգի ծառայության չեն ներկայացել, Ձեզ մոտ ի՞նչ պարզվեց՝ ո՞վ է մոլորեցրել իրեն, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ով է ինձ մոլորեցրել։ Եթե ակնարկում եք Ստեփանյանին, ես նրան հեռացրել եմ համակարգից»։

Նախագահող դատավորի հարցին՝ ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվել այն ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի հետ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Բացի Սերժ Սարգսյանից ունեցել եմ Վազգեն Սարգսյան նախարար, Միքայել Հարությունյան, Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան նախարարներ։ Բոլոր նրանց հետ եղել եմ աշխատանքային, ծառայողական սպայական, մարդկային հարգալից ղեկավար-ենթակա, ինչ-որ տեղ էլ մարտական ընկեր հարաբերությունների մեջ»։

Դատավորի հարցին՝ եթե հարց լիներ, Սերժ Սարգսյանը կդիմեր Ձե՞զ, թե՞ 20/440 զորամասի հրամանատարին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Ոչ ինձ, ոչ էլ զորամասի հրամանատարին։ Ոչ մեկին էլ չէր դիմի։ Չեք ճանաչում նրան։ Նման սովորություն չի ունեցել։ Եթե պետք լիներ, նա ինձ կասեր։ Նա այդ մարդը չէ, տեսակով ինքն այդ մարդը չէ։ Էն նրանով, որ նախաքննության ընթացքում նույնպես նույն հարցն էր տրվում ուրիշ համատեքստով, որ ասա՝ ինքն է, պրծնենք էս գործից, մենք գիտենք, որ տենց է, էնտեղ էլ եմ ասել, այստեղ էլ եմ ասում՝ որտեղից գիտեք, էնտեղից էլ հարցրեք, էս էլ ասեմ՝ ավարտենք։ Ամենայն հարգանքով լռեմ էլի մի քիչ»։

Դատավորը հարցրեց՝ ռազմական ոստիկանությունում Ձեր ծառայության ընթացքում եղե՞լ են այլ դեպքեր, որ տեղյակ լինեք՝ կան զինծառայողներ, որոնք ծառայել են ռազմական ոստիկանությունում, բայց չեն ներկայացել։ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ չեմ հետաքրքրվել, չեմ էլ մտածել այդ ուղղությամբ։

Մյուս հարցին՝ ինչո՞ւ հենց այդ երեք անձինք, ինչո՞ւ է նրանց անձը կապված այդ ժամանակ ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հետ, ո՞նց էր հնարավոր այդ պայմաններում նրանց՝ Ձեր տեսադաշտից աննկատ մնալը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ հարգարժան դատարան, պարզվում է՝ հնարավոր է։ Դատավորը հարցրեց՝ ինչպե՞ս։ Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ հենց էդպես էլ եղել է․ «Այսօր ես նստած ստիպված եմ այդ հարցերին պատասխանել, ուրեմն եղել է»։

Դատավորի հարցին՝ Ձեր թերացումը տեսնո՞ւմ եք, ՀՀ նախկին ոստիկանապետը պատասխանեց․ «Գետինը մտնեմ ես, ամաչում եմ։ Կատակ չեմ անում»։

Դատավորը հարցրեց՝ հնարավո՞ր է Լևոն Սարգսյանը կամ Ալեքսանդր Սարգսյանն իրեն խնդրած լինեին, նա մի հարցազրույցում ասել էր, թե նրանք չէին կարող իր աշխատասենյակ գալ, ինչ-որ բան խնդրել։ Նա նաև նշել էր, թե ինքը գուցե անփույթ է եղել, չի տիրապետել իրավիճակին, բա իրենից հետո՞։ Այս առիթով Վլադիմիր Գասպարյանն ասաց․ «Ես անփույթ չեմ եղել, անհամեստ լինեմ, ասեմ, մի հինգ հատ իմ նման անփույթ մարդ լիներ, այս երկիրն արագ ոտքի կկանգներ»։ Վլադիմիր Գասպարյանը պարզաբանեց, թե լրագրողների հետ նյարդայնացած խոսել է, որ «յան տան իրենից»։

Դատավորի մյուս հարցին՝ ամենայն հարգանքով փաստելով, որ Դուք որպես զինվորական միշտ ճշտախոս եք, բայց Դուք ոստիկանությունում եք հրամանագրել Ձեր կնոջն ու Ձեր դստերը, արդյոք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում, նա պատասխանեց, որ խնդիր չի տեսնում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829