Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձին քննարկման թեմա դարձաւ Արցախի շուրջ ներկայ կացութիւնը, բռնի տեղահանուած արցախահայերի աջակցութեան ծրագրերը թեմերում․ Հիւսիսային Ամերիկայի թեմերի առաջնորդների հանդիպումը

Փետրվար 01,2024 15:51

Յունուարի 30-ին ԱՄՆ Արեւմտեան թեմի Առաջնորդարանում տեղի ունեցաւ Հայ Առաքելական Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի թեմերի առաջնորդների աւանդական հանդիպումը, մասնակցութեամբ Արեւմտեան թեմի եւ Մեքսիկոյի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի, Կանադայի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Աբգար Եպս. Յովակիմեանի, Արեւելեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Պարսամեանի։ Հանդիպմանը ներկայ էր Ռումինիայի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Տաթեւ Եպս. Յակոբեանը։

Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ անցկացուող հանդիպման ընթացքում, որ առաջինն է 2024 թուականի համար, քննարկուեցին հոգեւոր, ծխական ոլորտի բազմաթիւ եւ օրակարգային հագեցած հարցեր։ Ի մասնաւորի քննարկուեց երեք թեմերում հոգեւորականաց պատրաստութեան առաքելութիւնը, որը մանրամասն ու խորքային կերպով ներկայացրեց այդ նպատակով հրաւիրուած՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆ. Դոկտ. Հրաչ Սրկ. Չիլինկիրեանը, մասնակցութեամբ Արեւմտեան թեմի Թեմական խորհրդի նախկին Ատենապետ Դոկտ. Վարուժան Ալթըպարմաքեանի։

Քննարկման ընթացքում յատուկ շեշտադրութիւն կատարուեց հայ եկեղեցասէր երիտասարդաց շարժման աշխուժացման հարցին, որի առիթով որոշուեց, որ յառաջիկային պիտի կազմակերպուի երիտասարդների նուիրուած աշխատանոց Կենտրոնական Ամերիկայում։ Կարեւորուեց ՀԵՀԵՄ-ի ծրագրերի իրագործումը, շրջանային եւ ատենապետաց ժողովների հրաւիրումը, ի նկատի ունենալով 2025 թուականին՝ «Քրիստոնեայ ընտանիքը հայ ինքնութեան խարիսխ» խորագրով ՀԵՀԵՄ-ի համահայկական ուխտագնացութեան կազմակերպումը Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ։

Օրակարգային նորագոյն մարտահրաւէրներին անդրադառնալիս Առաջնորդ Սրբազան հայրերը որոշեցին քայլեր ձեռնարկել Հիւսիսային Ամերիկայի երեք թեմերի հոգեւորականաց համատեղ ժողով գումարելու համար, որը թեմերի հոգեւոր եւ ծխական կեանքի կազմակերպման բազմաթիւ հարցեր համատեղ քննարկելու հնարաւորութիւն եւ հարթակ կը լինի։

Առանձին քննարկման թեմա դարձաւ Արցախի շուրջ ներկայ կացութիւնը, բռնի տեղահանուած արցախահայերի աջակցութեան ծրագրերը թեմերում։ Առաջնորդները անդրադարձան հայրենի եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին։ Հանդիպման հագեցած օրակարգից յիշատակելի են նաեւ հրատարակութիւնների, կրօնական դասագրքերի, սարկաւագների պատրաստութեան, շաբաթնօրեայ եւ կիրակնօրեայ վարժարանների աշխատանքների կազմակերպման թեմաները, որոնց շուրջ եղան արդիւնաւէտ քննարկումներ եւ հարցադրումներ։

Ժողովը կարեւորեց հայ եկեղեցու եւ նրա սպասաւորների արձագանքը Սփիւռքում առկայ՝ 21-րդ դարի մարտահրաւէրներին, գործուն քայլեր ձեռնարկելու համար հոգեւոր եւ ազգային արժէքների պահպանութեանն ի խնդիր։

Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդները որոշեցին յաջորդ ժողովը գումարել Կանադահայոց թեմի հիւրընկալութեամբ։

Առաջնորդների հանդիպոuմը փակուեց աղօթքով՝ ի բարօրութիւն եւ խաղաղութիւն մեր հայրենիքի եւ ի բարգաւաճումն Հայց. եկեղեցւոյ։

Դիւան Առաջնորդարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829