ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ալիև-Փաշինյան համագործակցությունը՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության և պետության շարունակվում է։
Այսօր Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Փաստացի, Սահմանադրության փոփոխությունից հետո, Ալիևն ունենալու է խաղաղության միակողմանի պայմանագիր, Հայաստանը զրկվելու է իր կռվաններից, իսկ Ադրբեջանը շարունակելու է թիրախավորել ՀՀ տարածքը, քանի որ որևէ թղթով իրեն սահմանափակելու շահագրգռվածություն այլևս չունի։
Կարդացեք նաև
Հետաքրքիրն այն է, որ նույն Ադրբեջանի նախագահականի կայքում կա հետևյալ գրառումը․ «Ցավոք, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին որոշումներից մեկը չափազանց ծանր պատմական պայմաններում՝ հայկական զինուժի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկական զտումների և սեփական պետություն ստեղծելու նրանց տարածքային հավակնությունների համատեքստում, եղել է Երևանի հանձնումը` Հայաստանին որպես մայրաքաղաք: Պատմական այս մեծ սխալը ճանապարհ բացեց ադրբեջանական ժողովրդի կյանքում հետագա ողբերգությունների և հայության կողմից մշտական էքսպանսիայի համար։
1991 թվականի հոկտեմբերի 18-ին ձեռք բերելով պետական անկախություն՝ Ադրբեջանը իրեն հռչակեց Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը՝ ցույց տալով իր հավատարմությունը պետականության հնագույն ավանդույթներին․․․»։
Իսկ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում գրված է․ «1918 թվականի մայիսի 28-ին մահմեդական աշխարհում առաջին խորհրդարանական ժողովրդավարությունը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, հիմնադրվեց Անկախության մասին հռչակագրի ընդունմամբ: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխան տարածքը կազմում էր 114 հազար քառակուսի կիլոմետր»։
Ադրբեջանի պայմանների կատարումը խաղաղության հանգեցնելու որևէ շանս չեն թողնում, Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Հայաստանը կոչել «Արևմտյան Ադրբեջան»՝ դնելով նոր ագրեսիայի քարոզչական հիմքերը։ Միայն հակառակորդի հետ ուղիղ համագործակցության մեջ գտնվողները կարող են այսքանից հետո առաջ տանել ադրբեջանական պահանջների ցուցակի կատարման օրակարգը․․․
Իմացեք, որևէ պայմանագիր չի կնքվելու, այս գործընթացի նպատակը Հայաստանին ու հայ ժողովրդի դիմադրության կռվաններից զրկելն է․․․