Լրահոս
Օրվա լրահոսը

Քերոբյանն իր տեղակալի եւ մյուս պաշտոնյաների ձերբակալման մասին․ «Առերեւույթ կոռուպցիոնը» պետք է լինի կաշառք, իր բարեկամին տենդեր նվիրի, եւ դրա ներքո՝ փողերի տեղաշարժ, որը չկա»

Փետրվար 01,2024 15:08

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների՝ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով երեկվա ձերբակալություններին։ Նշենք, որ ձերբակալվել է նաեւ Քերոբյանի տեղակալ Անի Իսպիրյանը (լուսանկարում)։ Այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։  «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանն էլ 2 ամսով կալանավորվել է։

«Նախ՝ պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով։ Քանի դեռ մարդու վերաբերյալ մեղադրական դատավճիռ չկա՝ մարդը չի կարող համարվել մեղավոր»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահան Քերոբյանը։ Նա հիշեցրեց՝ 3 տարի առաջ, երբ էկոնոմիկայի նախարարությունում նման դեպք եղել էր, կային ձերբակալվածներ, նրանց նկատմամբ մինչ օրս չկա դատական վճիռ, չնայած որ նույն կերպ աղմկահարույց դեպք էր։

«Եթե ուշադիր կարդաք Քննչական կոմիտեի հայտարարությունը՝ այնտեղ, ըստ էության, առաջին դրվագը վերաբերվում է էկոնոմիկայի նախարարության տեղակալ Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարեւոր արտահայտություն բացակայում է՝ կաշառք բառն է, կամ որեւէ այլ կերպով շահագրգռված լինելը եւ չկա բյուջեի փողերից ծախս։ Այդ դրվագով ոչ բյուջեի միջոցներ են ծախսվել, որ գնանք հասկանանք, թե ոնց է ծախսվել, եւ չկա որեւէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք: Ուստի ինձ համար լրացուցիչ պարզաբանման կարիք կա, թե ինչ է նշանակում չարաշահում: Մենք ավելի քան վստահ ենք, այդ տենդերային գործընթացը անընդհատ եղել է իրավաբանների եւ մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության տակ: Ավելի քան վստահ եմ, թե դատարանը կպարզի, որ գնումների մասին եւ դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որեւէ խախտում չի լինի: Պետք է սպասենք, որ քննչական կոմիտեի գործընկերները ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով։ Առերեւույթ կոռուպցիոնը պետք է լինի կաշառք, իր բարեկամին տենդեր նվիրի, եւ դրա ներքո փողերի տեղաշարժ, որը չկա։ Երկրորդ դրվագով էլի բացակայում է «կաշառք» բառն ու որեւէ կերպ «մոտիվացված» լինել բառը։ Այսինքն, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, որոնք անում են տասնյակ միլիարդ դրամների գործարքներ՝ ինտենսիվ այգիներ, տնտեսության արդիականացման ծրագիր, մեր այս տարվա բյուջեն 91 միլիարդ դրամ է, պարզ է, որ որոշ տնտեսվարողներ կարող են չարաշահել։ Ինչ-որ մի տնտեսվարող գնա բանկից վարկ վերցնի, ասելով, որ կներմուծի սարքավորում, չներմուծի, բայց բերի դրա վերաբերյալ բանկին թղթերը ցույց տա, բանկն էլ մեզանից սուբսիդավորում ուզի, եւ սուբսիդավորումը տեղի ունենա»,-ասաց Քերոբյանը։

Հարցին՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կապ ունի՞ այս դրվագի հետ, նախարարը պատասխանեց՝ մանրամասները չգիտեմ։

Մեկ այլ հարցի՝ հնարավո՞ր է կոռուպցիոն շղթան իրեն հասնի, նախարարը պատասխանեց՝ բացառվում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829