Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հրավիրած ասուլիսում ասել էր, որ «Ադրբեջանի Սահմանադրությունում ու փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն»։
Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ հարցով քննարկում եղե՞լ է արդարադատության նախարարությունում, Ադրբեջանի Սահմանադրության մեջ ի՞նչն է խնդրահարույց համարում Հայաստանի իշխանությունը։ «Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից տեղյակ չեմ եւ չեմ կարող մեկնաբանել»։
Հարցին, թե Սահմանադրությունից փորձո՞ւմ են հանել Անկախության հռչակագրին հղումը, Արա Մկրտչյանը պատասխանեց․ «Այս հարցի վերաբերյալ ես միայն կարող եմ պրոֆեսիոնալ դիտարկում ներկայացնել։ Շատ երեւույթների մասին է խոսվում, դեռեւս նոր իրավակարգավորումների շուրջ, այն, որ պետք է փոփոխության ենթարկվի Սահմանադրությունը, մասնագիտական քննարկումները դեռ սկսված չեն։ Եվ ձեր նշած հանգամանքն էլ դեռեւս իրավական հարթությունում, այսինքն՝ նոր Սահմանադրության ընդունման հարթությունում որեւէ քննարկում չի եղել։ Ոչ միայն ձեր նշած բովանդակությամբ, այլ ընդհանրապես քննարկում չի եղել»։
Փոխնախարարը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել նոր Սահմանադրություն ունենալու, ասաց, որ վարչապետը շատ հստակ ներկայացրել է հիմքերը։ «Մասնագիտական առումով, թե ինչպիսի խնդիր է առաջացրել հին Սահմանադրությունը, եւ ինչո՞ւ է անհրաժեշտ նոր Սահմանադրություն ընդունել եւ ոչ թե կատարել փոփոխություն, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում դա արտացոլված է, դուք կարող եք ծանոթանալ դրանց»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ըստ փոխնախարարի՝ լեգիտիմ եւ ճիշտ Սահմանադրությունը երկրի իրավական հիմքն է, եւ ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդհանրապես մրցունակության կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Եթե մենք ունենանք լավ Սահմանադրություն, գործող Սահմանադրություն եւ դրա հիման վրա կայացնենք սոցիալական, ժողովրդավարական հանրապետություն, ուրեմն մենք ուժեղ ու հզոր ենք։
«Գործող Սահմանադրությամբ մեր երկիրը մրցունակ եւ ժողովրդավար է, սակայն հասարակական հարաբերությունները դրանք զարգացող հարաբերություններ են, իրավունքը նույնպես զայրացող հարաբերություն է, այսինքն՝ դրանք քարացած չեն եւ ենթակա են փոփոխության»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ