Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժերը պետք է կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու ուղղությամբ. Հակոբ Արշակյանը՝ ԱՏՁՄ տարեկան համաժողովում

Փետրվար 01,2024 14:33

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 23-րդ տարեկան համաժողովին:

ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում շնորհավորել է ԱՏՁՄ ներկայացուցիչներին եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության ընթացքում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախորդ երկու տարիներին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի կտրուկ աճի տեմպերին, խոսել այն կարեւոր հանգամանքների մասին, որոնցով պայմանավորված էլ բնագավառի հազարավոր ինժեներներ եւ հարյուրավոր ընկերություններ նախընտրել են գալ Հայաստան: «Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ դա 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության անմիջական արդյունքն է: Պետության մեջ կոռուպցիայի ընկալման համաթիվը, կոռուպցիայի աստիճանը, տնտեսության ակտիվությունն ու ավելի ազատականացումը եւ մարդկանց համար ստեղծված նոր իրավիճակը հանգեցրել են այն իրողությանը, որ ավելի շատ ընկերություններ են նախընտրում գործունեություն ծավալել եւ ներդրումներ կատարել Հայաստանում»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը: Որպես երկրորդ կարեւոր հանգամանք՝ նա ընդգծել է Հայաստանում գոյություն ունեցող եւ զարգացած ԲՏԱ ոլորտը. մեր երկրում գործող բազմաթիվ ընկերություններ ընդլայնել են իրենց մասնաճյուղերը, իսկ նոր ընկերությունները նախընտրել են Հայաստանում հիմնել նոր մասնաճյուղեր: Երրորդ հանգամանքը, ըստ ԱԺ փոխխոսնակի, հյուրընկալելու եւ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու հայ ժողովրդի, հասարակության ունակությունն ու պատրաստակամությունն է:

Անդրադառնալով ապագայում իրականացվելիք ծրագրերին՝ Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ այս փուլում ուժերը պետք է կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը բնագավառի զարգացման առումով բարձր է գնահատել նախորդ տարի Վարչապետին կից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը: Նա գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ մեր երկրում կայացած են ասոցիացիաները եւ կարողանում են բիզնեսի շահերը ճշգրիտ ու ամբողջական ներկայացնել իշխանություններին, ոլորտի շահառուներին: «Այս տարի մենք նախատեսում ենք ունենալ ռազմավարական առաջնահերթությունների հստակեցում, եւ ես կուզենամ կոչ անել ասոցիացիաներին, ընկերություններին համախմբվել եւ մեր առաջնահերթություններն այս փուլում ճշգրիտ ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությանը»,- եզրափակել է խոսքը Հակոբ Արշակյանը:

Համաժողովում բացման խոսքով ելույթներ են ունեցել եւ ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին, աջակցության ծրագրերին են անդրադարձել նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Համաժողովին մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններ, կրթական հաստատությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829