Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային խոսույթի տեսանկյունից Արցախի ժողովուրդն իր իրավունքի իրացման առումով պահանջատեր է, Ալիեւը սա գիտակցում է»

Փետրվար 01,2024 13:36

Հայկական կողմն ընդամենը հերթական աչքակապության քաղաքականությունն է իրականացնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներն օտարված են Հայաստան-Ադրբեջան բանակցություններից։ «Մինչդեռ, եթե իրենք ուզում էին կամ փորձում էին Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը դիտարկել միջազգային մասշտաբով, առնվազն գոնե այս երկրները պետք է ներգրավված լինեին, որպեսզի կարեւորագույն արտացոլում լինի նաեւ Արցախյան հարցի մասով»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում, որ ՀՀ իշխանությունները պետք է բանակցեն Արցախի հարցով, եթե Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Նախ արձանագրենք, որ Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովուրդը իրողություններ են։ Անկախ նրանից, թե Հայաստանի իշխանություններն ինչ ածականներով են բնորոշում, միեւնույն է, միջազգային խոսույթի տեսանկյունից Արցախի ժողովուրդն իր իրավունքի իրացման առումով պահանջատեր է։ Բացի դա, նույն միջազգային հարթակներում, նույն ԵԱՀԿ համաձայնագրերի շրջանակներում ստեղծված Մինսկի համանախագահությունը բազմիցս այս հարցերն արծարծել է։ Չի կարող ուղղակի հենց այնպես մոռացության մատնվել։ Այո, չափազանց բարդանում է, գրեթե դառնում է առաջին հայացքից անհնարին իրավիճակ, երբ հայկական կողմը, Հայաստանի Հանրապետությունը փորձում է ուրանալ կամ ուրացել է Արցախը եւ արցախյան հիմնահարցը, բայց դա նորից միջազգային պարտավորությունների տեսակետից մյուսներին չի ազատում։ Կարող է առժամանակ լռության մատնվել, բայց այն չի կարող հավերժ լինել, չի կարող ընդհանրապես չլինել։ Եվ Ադրբեջանն այս ամենը շատ լավ գիտակցում է, դրա համար անընդհատ ճնշման տակ պահելով Հայաստանին ու հայկական իշխանություններին՝ փորձում է ավելին կորզել։ Իսկ իրենց համար ավելին ուղղակի Հայաստանի չգոյությունն է»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829