Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության հրապարակած զեկույցին, ըստ որի՝ 2023-ին Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 47 է, 2022-ին՝ 46։
«Ոչ վատ լուր ունենք, անցյալ տարի կոռուպցիայի ընկալման համաթվի մեջ նահանջ ունեինք, կառավարության նիստում հատուկ անդրադարձ ունեցանք, հիմա կարող ենք ասել, որ մենք հետընթացը կանգնեցրել ենք, մի պուճուր քայլ էլ առաջ ենք արել»,-ասաց վարչապետը։
Նա զեկույցից մեջբերում արեց՝ չնայած նրան, որ Հայաստանը, ինչպես նաեւ տարածաշրջանի շատ այլ երկրներ, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ հաղթահարելու այդ դժվարությունները եւ կիրարկելու արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելի դարձնելու կոռուպցիոն ռիսկերը։
«Շատ օբյեկտիվ նախադասություն է, սա նշանակում է, որ նախորդ շրջանի մեր անվտանգային մարտահրավերին առերեսվելով մի կոնտեքստ է ձևավորվել՝ դե լավ, սա ամենակարեւոր հարցը չի, պետք է զբաղվենք անվտանգային հարցերով։ Երբ իրավիճակների կոնկրետ ճգնաժամ էինք ունենում, մենք հրապարակային եւ աշխատանքային ձեւով պայմանավորվեցինք, որ մեր ճիշտ աշխատանքն ու արձագանքը մեր ռազմավարական օրակարգերից չշեղվելն է եւ շարունակելն այդ ուղղությամբ աշխատել։ Աներկբա է, որ այսօր շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ արձանագրում են մեր դիմակայունության արտասովոր դրսեւորումները, եւ դա միայն այն բանի շնորհիվ է, որ նույնիսկ 2020, 2021, 2022, 2023 թվականերին մեր բարեփոխումների օրակարգը ոչ մի րոպեով չի կանգնել։ Մեր բարեփոխումների շնորհիվ է, որ մեր դիմակայունության մակարդակը բարձրացրել ենք»,-ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ շատ է խոսվում, թե 2018-ից հետո կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականության մեջ շատ մեծ քայլերով առաջընթաց է արձանագրել, հետո առաջընթացը կանգնել է կամ դանդաղել․ «Պետք է արձանագրել, որ ինչքան շատ մեծ առաջընթաց ես արձանագրում, հետագա առաջընթացը ավելի դժվար է դառնում, որովհետեւ սկզբում միայն քաղաքական կամքի հաշվին կարելի է թռիչք անել, հետո զուտ ինստիտուցիոնալ աշխատանքը պետք է արվի։ Ընդգծեմ, որ ինստիտուցիոնալ աշխատանքը պետք է արվի, դա մեր օրակարգից չի կարող դուրս գալ ոչ մի պատճառով։ Հակակոռուպցիոն քաղաքականության կառավարության քաղաքական կամքը 2018 մայիսից ի վեր ոչ մի միլիմետր չի նվազել, հակառակը՝ ավելացել է։ Հիմնականում քաղաքական կամքի հաշվին այն, ինչին հնարավոր էր հասնել, մենք գործնականում հասել ենք, հիմա զուտ ինստիտուցիոնալ բարեփոխումների բովանդակային մասը պետք է անենք»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ