Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվում է տվյալներ տրամադրել «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» փոխելու առաջարկ արածների մասին

Փետրվար 01,2024 13:08

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով, խնդրել ենք պատասխանել՝ իսկապես այդ մանկավարժները գոյություն ունե՞ն, որոնք առաջարկել են Հայոց պատմություն առարկան վերափոխել Հայաստանի պատմության, եթե այո, ո՞ր մարզում, ո՞ր քաղաքում կամ գյուղում են աշխատում, ի՞նչ առարկայի մասնագետներ են, ի՞նչ տեսքով են իրենց առաջարկը ներկայացրել՝ բանավո՞ր, գրավո՞ր, անձա՞մբ են եկել ԿԳՄՍ նախարարություն, կառավարություն եւ քանի՞ մանկավարժ է նման առաջարկով դիմել:

ԿԳՄՍ նախարարությունից ստացել ենք գրավոր պատասխան՝ ստորագրված փոխնախարար Արաքսիա Սվաջյանի անունով, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լիազորված չէ հայտնելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կատարվող փոփոխության առաջարկ ներկայացրած մասնագետների անունները: Վերջիններս կարող են հրապարակային հանդես գալ իրենց իսկ համաձայնությամբ և նախաձեռնությամբ»:

Հիշեցնենք, որ նույն հարցով դիմել էինք նաեւ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին եւ խնդրել այդ ուսուցիչների տվյալները, որպեսզի հնարավորություն ունենանք հարցազրույց վարել նրանց հետ եւ լսել նրանց հիմնավորումները, սակայն նա եւս չէր տրամադրել եւ ընդամենն ասել էր, թե ճշտել է վարչապետից, որ առարկան վերանայելու առաջարկը եղել է տարբեր ձեւաչափերում եւ մասնավոր զրույցներում:

Մենք շարունակում ենք փնտրել այդ մանկավարժներին, կրկին պատրաստ ենք լսել Հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխելու առաջարկ ներկայացրած ուսուցիչների տեսակետները՝ հույս ունենալով, որ նրանք հրապարակային հանդես կգան, ինչպես նշել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Ինչ վերաբերվում է տիկին Սվաջյանին, նա վերջերս կանխակալ կարծիք էր հայտնել թեմայի վերաբերյալ՝ նշելով. «Մենք այսօր Հայք չունենք, մենք ունենք Հայաստան եւ բնականաբար ուզում ենք, որ մեր երեխաները Հայաստանի պատմությունն ուսումնասիրեն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829