Քաղաքացիությունը՝ փախստական․ ԼՂ-ի հայերի պատմություններն ու հիշողությունները
Էլեն Սարգսյան, բուժքույր
Դպրոցի նկուղում նստելու իմաստ չկա
jam-news.net.«Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 19-ի կեսօրին։ Հարավ գյուղից զանգեցին հարազատներս ու ասացին, որ ադրբեջանցիները գնդակոծում են։ Այդ պահին քաղաքում պայթյուններ սկսվեցին, իսկ դպրոցի տանիքի վրա ծուխ հայտնվեց։ Երեխաները դասի էին։ Բայց ես չկարողացա կապ հաստատել որդուս հետ, այլևս կապ չկար:
Կարդացեք նաև
Աշխատում էի Մարտունու հիվանդանոցում որպես բուժքույր։ Առաջին իսկ կրակոցից հետո գլխավոր բժիշկը հրահանգեց բոլոր բժշկական սարքավորումներն ու հիվանդներին իջեցնել նկուղ։ Սկսեցին անդադար վիրավորների բերել։ Աշխատում էին առանց շունչ քաշելու։ Մարտունին գնդակոծվում էր բոլոր կողմերից։
Ես չկարողացա դուրս գալ: Հարևանուհիս գնաց դպրոց, բայց որդուս այնտեղ չգտավ։ Մեկ ժամ անց Գերմանն ինքը եկավ հիվանդանոց մեր մյուս բուժքույրերի երեխաների հետ։ Ասաց. «Չեմ ուզում նստել դպրոցի նկուղում, ավելի լավ է վիրավորներին օգնեմ, ինչով կարող եմ»: 15-16 տարեկան մեր տղաները վիրավորներին էին տանում-բերում, օգնում էին վիրակապել։
Մեզ մոտ ավելի քան 120 վիրավոր էին բերել։ 11-ի կյանքը փրկել չհաջողվեց։. Ընկերուհուս հայրն էլ մահացավ։ Նա դուրս էր եկել նկուղից հաց գնելու, արկը պայթել էր նրա կողքին, պոկել գլուխը մարմնից»։
Ղարաբաղյան խնձոր
«Մայրս ինսուլտ է տարել։ Երբ մենք տեղափոխվում էինք Հայաստան, ինձ նրա հետ նստեցրին ավտոբուս՝ որպես խնամակալ։ Իսկ տղաս ու քույրս գնացին բեռնատարով։
Հարավ գյուղի մոտ ադրբեջանցիները կանգնեցրել էին բեռնատարն ու սկսել հարցաքննել Գերմանին։ Նա բարձրահասակ է, իր տարիքից մեծ է երևում։ Ադրբեջանցի զինվորները չէին հավատացել, որ 16 տարեկան է, փաստաթղթեր էին պահանջել։ Ցանկացել էին տանել իրենց հետ, եթե պարզվեր, որ անչափահաս չէ։ Գերմանի անձնագիրն իմ պայուսակի մեջ էր մնացել։ Կապը մեկ հայտնվում էր, մեկ՝ անհետանում։ Բայց Գերմանին հաջողվեց միանալ, և ես համացանցով անձնագրի սկանավորված տարբերակն ուղարկեցի:
Բեռնատարի մեջ էին նաև մեր հիվանդանոցի բժիշկներից մեկն ու նրա երեխան։ Երբ նրան զանգահարել են, և նա պատասխանել է, ադրբեջանցի զինվորականը ձեռքից վերցրել է հեռախոսը, գցել գետնին և ոտքով կոտրել։
Ադրբեջանցիներից մեկն էլ խնձոր է կծել, մեկնել Գերմանին ու հարցրել. «Խնձոր ուզո՞ւմ ես: Ղարաբաղյան է»։ Գերմանը պատմում է, որ շատ է վախեցել։ Չի ցանկացել խնձորը վերցնել, բայց վախեցել է հետևանքներից։ Ասել է՝ խնձոր չի սիրում։
Մինչ ես կուղարկեի Գերմանի անձնագրի սկանը, ադրբեջանցիները բեռնատարի վարորդին ստիպել են փոս փորել։ Բոլորն անհանգստացել են, թե ինչի համար է դա արվում: Ի վերջո, պարզվել է՝ իրենց դրոշը տեղադրելու համար։
Երբ նրանք հեռացան անցակետից, Գերմանը զանգեց, ասաց, որ շատ վատ է զգում, գլխապտույտ ունի։ Մենք հանդիպեցինք դեպի Հայաստան տանող ճանապարհին և միասին հասանք Գորիս։
Առավոտյան տեսա, որ տղայիս մազերը սպիտակել են։ Ընդամենը երկու օրում»։
Արմինե Մարտիրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: