«Ես քաղաքական ոչ մի բան չեմ տեսնում, իմ հետ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Քննություն է եղել, քննել են։ Ոչ մեկդ ինձնից չեք լսել, որ սա քաղաքական հետապնդում է և այլն։ Ես բավականաչափ եմ հարգում ինձ ու իրավապահ համակարգը, որ մտածեմ, որ իրավապահ համակարգի ու իմ հետ քաղաքական խաղեր են տալիս»,- դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստի ընթացքում Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց ցուցմունք տալուց, բայց որոշ հարցերի պատասխանեց։
Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանն ասաց՝ շնորհակալություն, որ այդ միֆը հօդս ցնդեց։ Վլադիմիր Գասպարյանը հարցրեց՝ կասկած կա՞ր։ Դատավորը պատասխանեց․ «Հենց դա է, որ Ձեր պաշտպաններն ասում էին, Ձեզնից էի ուզում լսել»։ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց․ «Երևի մի քիչ միտքը ճիշտ չեն ասել կամ իմ նման նյարդայնացած են եղել։ Ուրիշ ձև է եղել։ Սա այնպես է, ինչպես ես եմ ասում։ Առաջին օրվանից Ալեքսանյանին ու Կոչուբաևին ասել եմ՝ սա քաղաքական չէ։ Կարող են լինել անփույթ քննիչներ և դատախազներ, որոնք եսիմ ինչ նպատակով մի ախմախություն անեն, բայց որ դա կանեն պատվերով, ես չեմ հավատում։ Ես ունեմ կենսագրություն, ես պատվավոր դատախազ եմ, պատվավոր չեկիստ եմ, պատվավոր քննչական կոմիտեի աշխատակից եմ։ Աղվան Հովսեփյանի հետ մի կաբինետում երեք տարի աշխատել եմ։ Այդ համակարգերն ինձ հարազատ համակարգեր են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ