Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Մարդիկ ասում են՝ լավ է, գանք ձեր գնումներին մասնակցենք՝ ՊՎԾ-ն գալու ա, ԱԱԾ-ն գալու ա, ՀՔԾ-ն գալու ա, մամուլում գրելու են»

Փետրվար 01,2024 12:17

«Մենք միտում ենք տեսնում, որ լուրջ կազմակերպությունները կամ նրանք, որոնք կուզենայինք, որ կառավարության հետ գործընկեր լինեին, շատ հաճախ խուսափում են գործ ունենալ, որովհետեւ ասում են՝ ձեր գնումների ընթացակարգերը․․․ նախ, ինչպես մեր պետական կառավարման համակարգում շատ բաներ, գնումների ընթացակարգերն էլ միշտ չէ, որ համապատասխանում են ժամանակակից գործելակարգերին եւ ժամանակակից բիզնես հարաբերություններին»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով պետական գնումների ոլորտին։

Նիստում նշվեց, որ պետական գնումների մասին օրենսդրությունը բարելավման կարիք ունի։ Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ այդ ուղղությամբ աշխատում են։

Փաշինյանն ասաց, որ պետական գնումների ընթացակարգերը հաճախ խնդիր են առաջացնում․ «Մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում եւ համակարգը լրացուցիչ լարում ենք։ Մարդիկ ասում են՝ լավ է, գանք ձեր գնումներին մասնակցենք ՊՎԾ-ն գալու ա, ԱԱԾ-ն գալու ա, ՀԾՔ-ն գալու ա, մամուլում գրելու են՝ էս մեկը էն մեկի հետ ա «ատկատ» անում, մենք գործ չունենք, գնացեք, մենք մեզ համար թողեք․․․։ Սա մեզ համար պրոբլեմ է, որովհետեւ դա նշանակում է, որ մենք էլ ենք տեսնում, որ այն ընկերությունները, որոնք թվում է, թե լավագույն տարբերակն ունեն լավագույն ծառայություններն առաջարկելու, հենց էն գլխից քաղաքականություն են որդեգրում՝ եկեք մենք կառավարության հետ գործ չունենանք»։

Վարչապետի խոսքով՝ օրենսդրությունը բարելավելով՝ նաեւ չպետք է տեղ թողնել, որ գնումների համակարգում չարաշահումների հնարավորություն լինի։ Կառավարությունը շատ կարեւոր ռազմավարական ոլորտներում, ինչպես ներկայացրեց Փաշինյանը, մեծ ֆինանսավորումներ է դրել, որպեսզի արյուն, էներգիա տան այդ գործընթացներին․ «Երբ այդ փողերը բյուջեից դուրս են եկել, պրոցես է սկսել՝ տարբեր ահազանգեր եւ այլն, որոնց մի մասը ճիշտ է, մի մասն էլ էս ճիշտ ահազանգերի կասկածներից բոլորի վրա է տարածվում։ 2019-ին ինչ-որ մի ոլորտում կրկնապատկել ենք ֆինանսավորման ծավալը, որից հետո եկել են ահազանգեր, հետո ստուգումներ, քրեական գործեր են հարուցվել։ 2023-ին այդ ոլորտի ֆինանսավորումը նայում եմ, էլի եկել, հասել է 2018 թվականի մակարդակին։ Պատճառն էդ է, որ մեզ մեղադրում են, թե փողը տալիս եք, հետո քար ու փետը առնում, ընկնում եք մեր հետեւից, չենք ուզում։ Մյուս կողմից էլ՝ մենք չենք ուզում, որ չարաշահումներ լինեն եւ սա պետք է գնումների մասին օրենսդրության ճկունությամբ ապահովենք, որպեսզի մարդիկ, ընկերությունները մեզ հետ հաճույքով աշխատեն։ Հիմա մենք տհաճությամբ ենք աշխատում՝ փոխադարձաբար, որովհետեւ բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են»։

Անկյունաքարային խնդիրը գնումների ընթացակարգերն են, որոնց պատճառով, ինչպես ասաց Փաշինյանը, հաճախ աբսուրդ վիճակներ են լինում․ «Պետական պաշտոնյաների գործուղումների համար ավիատոմսերի ձեռքբերման պրոցեսը՝ մի պատմություն, մի պատմություն։ Իրավիճակ է լինում, որ տեսնում են, որ ավելի էժան եւ ավելի լավ տոմս կա, եւ կարող է մի քանի հարյուր հազար դրամ ավել ծախսենք, այդ տոմսը ձեռք բերենք միայն այն պատճառով, որ ընթացակարգերով հերթով գնանք։ Մինչեւ ընթացակարգերով գնում ենք, տոմսը կրկնակի թանկանում է»։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829