Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. Մեր երկիրն անկման վիճակում է։ Ազգայինն ամեն տեղ վերացնում են. «Հրապարակ»

Փետրվար 01,2024 11:50

Իշխանությունները մտադիր են փոխել Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները՝ զինանշանը, օրհներգը, մայր օրենքը՝ ՀՀ սահմանադրությունը։ Մտահոգություններ կան, որ պետության սիմվոլները փոխում են հարեւան երկրների պահանջով։ Զրուցել ենք գրող Լեւոն Ջավախյանի հետ։

– Ձեր կարծիքով, ո՞ւմ են խանգարում Հայաստանի խորհրդանիշները, Արարատ լեռը, զինանշանը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի պատկերում իրական Հայաստանը։

– Դարեր շարունակ խանգարել է Թուրքիային, հիմա էլ դրանց խամաճիկ պետությանը՝ Ադրբեջանին, որը տակից ղեկավարում է Էրդողանը։ Ալիեւն Էրդողանի խամաճիկն է։ «Հայոց» բառն անգամ նրանց դուր չի գալիս, չեն ուզում լսել «Հայաստանի Հանրապետություն» անունը։ 2021 թվականին Ալիեւն ասաց՝ պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը, էս մարդն էլ փոխում ա, լավ էլ անում ա։ Առավոտյան մի երգ էի լսում՝ «եթե պայքար չկա, հավերժական սուգ է»։ Եթե չենք պայքարելու, հավերժական սգի մեջ ենք մնալու։

– Ինչպե՞ս պայքարեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել ՀՀ կարեւորագույն փաստաթղթերը, ինչպես Դուք եք ասում՝ Ալիեւի պահանջով։

– Նիկոլ  Փաշինյանն արդեն կոտրել եւ ջարդել է հայ ժողովրդին։ Ավետարանում ասվում է՝ Աստված կավից մարդ սարքեց, Նիկոլը մարդուց կավ է սարքել։ Արդեն իսկ նա այս երկրում զբոսնում է այնպես, ինչպես կարգադրում են Ալիեւը եւ Էրդողանը։ Մեր պայքարի ոգին ջարդված ա։ Մեր հայերը գլխահակ են քայլում, ամաչում են իրենց հայ լինելուց։ Նիկոլն անամոթ է, սրա երեսին թքես, կասի՝ անձրեւ է գալիս։ Ազգայինը վերացնելու միտում կա։ Կինը լուսնի պատկերով ականջօղ  է կախում ու գնում զոհվածի տուն՝ Թուրքիան խորհրդանշող լուսինը։ Ի՞նչ են ուզում սրանք մեզանից, ես չեմ հասկանում։

– Մտավորականներ կան, ովքեր կողմ են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, համենայնդեպս գրկում են նրան, ձեռքը սեղմում, ժպտում, քծնում։ Մեծ դժգոհություն է առաջացել մաեստրո Տիգրան Մանսուրյանի անձի դեմ․․․

– Տիգրան Մանսուրյանը ե՞րբ չի քծնել ղեկավարներին, սա նորություն չէ մեզ համար։ Նայում ես նրա մաքուր երաժշտությանը, գրագիտությանն  ու տեսնում քծնանքը, իրար հետ չի նայվում։ Չկա ավելի մեծ հարստություն, քան մարդու արժանապատվությունը։ Եթե ինքն իրեն չի հարգում, ի՞նչ խորհուրդ տամ իրեն։ Էն Նիկոլայ Ծատուրյանը, որին ամբիոնից խայտառակեցին՝ փոխնախարարն ասաց՝ ո՞վ է ճանաչում։ Հեռուստատեսությամբ լսում եմ գրող Արփի Ոսկանյանին, իր գրած բանաստեղծությունն է արտասանում․ «Կա՛ ապագա, ապագա կա՛»։ Գետինը մտնի քո ապագան, քո գրած բանաստեղծության հետ միասին, բա կարելի՞ է էդպես շողոքորթել, այ աղջիկ ջան, քեզ վաղուց պիտի պաշտոն տային, որ ասեիր՝ ապագա կա։ Մեր երկիրն անկման վիճակում է, մնում է թուրքերը մեզ մանկուրտացնեն։ Ազգայինն ամեն տեղ վերացնում են։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829