Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղություն ու չհարձակում մուրացող ղեկավարություն, որն իրեն վաղուց լրիվ սպառել է. «Փաստ»

Փետրվար 01,2024 10:35

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասցրեց «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, քննարկումից սահուն անցում կատարել Ադրբեջանին «չհարձակման պայմանագիր» առաջարկելուն, այլև ադրբեջանական ԱԳՆ-ից մերժման նման մի արձագանք ստացավ: Սա՝ եթե չհաշվենք պաշտոնական Բաքվի՝ պրոֆեսիոնալ հանցագործի հղկված շանտաժ հիշեցնող մշտական ձևակերպումները հիշյալ արձագանքում: Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, այդ երկրից ու դրա ղեկավարությունից այլ բան սպասելն ուղղակի անլուրջ է:

Հարցն այն է, որ առկա իրավիճակում, մանավանդ Ալիևի շարունակական ռազմատենչ, հակահայկական, հակահայաստանյան հայտարարությունների համատեքստում «խաղաղության», «չհարձակման», «զորքերի հայելային հետքաշման» մասին խոսքերը, շատ մեղմ ասած, անհասկանալի են հնչում: Եթե չասենք ավելին: Նկատենք, որ մեկնաբանները սովորաբար կենտրոնանում են Փաշինյանի, նրա հայտարարությունների, դրանց դետալների վրա, և շատ հազվադեպ են շոշափում այն հարցը, թե, առհասարակ, ում են հասցեագրված բոլոր այդ «խաղաղության», «չհարձակման» մասին խոսքերը: Այնինչ, դա ոչ պակաս կարևոր հարց է: Իսկ հասցեագրված են այդ հայտարարություններն ամենից առաջ Ադրբեջանին կամ այն գլխավորող Իլհամ Ալիևին:

Չգիտես ինչու, մանավանդ փաշինյանական իշխանության քարոզիչները, իրենց անդրադարձներում, ելույթներում այնպիսի ենթատեքստային տպավորություն են ձևավորում, թե խոսքը ոչ թե մեզ ու մեր պետությունը ոչնչացնելու նպատակ հետապնդող թշնամու մասին է, այլ զուտ հարևան երկրի ղեկավարի: Էական հանգամանքը, որ Ադրբեջանը հանցագործ ու թշնամի պետություն է, որ այնտեղ հայատյացությունը պետական քաղաքականության ու քարոզչության կարևոր բաղադրիչ է, որ այնտեղ դեռ մանկապարտեզի տարիքից սովորեցնում են մորթել ու սպանել հայերին և այլն, և այդպես շարունակ, կարծես միտումնավոր «շրջանցվում» կամ լռության է մատնվում:

Ամփոփենք. որքան էլ դա դժվար կամ ձեռնտու չէ գիտակցել, բայց ակնբախ իրողություն է, որ թուրքը մնում է թուրք: Երկրորդ՝ նա թշնամի է, և նրա նպատակն ու ծրագիրն անփոփոխ է՝ Հայաստանի պետականության վերացում, հայության իսպառ հայրենազրկում կամ ֆիզիկական բնաջնջում: Երրորդ՝ թուրքը (թշնամին) հասկանում է միայն ուժի լեզուն: Միայն այդ լեզվով «պայմանագրերն» են նրան խաղաղեցնում: Իսկ նման պայմանագիր առաջարկելու համար ամենից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն խաղաղության, այլ առաջին հերթին այդ խաղաղության սպառնալիքին դիմակայելու կամք ու կարողություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կունենա ազգային իշխանություն, հայությանը համախմբող, այլ ոչ թե մասնատող ու ջլատող քաղաքական վերնախավ, առկա իրավիճակում երկիրն ընկած վիճակից ոտքի կանգնեցնող ծրագիր և այն իրագործողներ, այլ ոչ թե ներկայիս՝ խաղաղություն ու չհարձակում մուրացող ղեկավարություն, որն իրեն վաղուց լրիվ սպառել է, քաղաքական բանկրոտ է, և որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829