Քանի որ գլոբալ տաքացումն ազդում է Արկտիկայի կլիմայի վրա, գիտնականները նախազգուշացնում են, որ հավերժական սառույցի մեջ «քնած» վիրուսները կարող են աննախադեպ սպառնալիք դառնալ մարդկության համար՝ նոր պանդեմիաների հարուցիչների տեսքով։
Viruses ամսագրում հրապարակված 2023 թ․-ի հետազոտությունը, որին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում, նվիրված էր Սիբիրի հավերժական սառցաբեկորների մեջ թաքնված վիրուսներին։ Հետազոտության արդյունքում բացահայտված 13 մեգավիրուսներից մեկը 48500 տարեկան էր։
Այժմ գիտնականների ուշադրության կենտրոնում այն է հարցն է, թե ինչպես կարձագանքի մարդու իմունային համակարգն այսպես կոչված
«զոմբի վիրուսներին», որոնք գուցե քնած են արդեն միլիոնավոր տարիներ։
Հաշվի առնելով ծովային նոր ուղիներն ու լեռնարդյունաբերական գործընթացները, որոնք կարող են ծավալվել արկտիկական հյուսիսի սառույցների հալչելուն զուգընթաց, մարդկանց վրա այդ վիրուսների ազդեցության հնարավորությունները կարող են մեծանալ։
«Թեև գրականությունում բազմաթիվ են հավերժական սառցակտորների մեջ հայտնաբերված նախակորիզավոր (պրոկարիոտիկ) միկրոբիոմների մասին նկարագրությունները, «կենդանի» վիրուսների մասին լրացուցիչ այլ հետազոտություններ չեն հրապարակվել 2014 թ․-ին պիտովիրուսի ու 2015 թ․-ին մոլլիվիրուսի նկարագրություններից զատ»,- 2023 թ․-ին գրում էին հետազոտության հեղինակները։ Այս ամենից ելնելով՝ շատերը սխալմամբ ենթադրում են, որ «զոմբի-վիրուսներն» առանձնապես սպառնալիք չեն ներկայացնում հանրային առողջապահության համար։
Կարդացեք նաև
Ֆրանսիայի Էքս Մարսել համալսարանի պրոֆեսոր Ժան-Միշել Քլավերին, որը ղեկավարում էր 2023 թ․-ի հետազոտությունն ու 2014 թ․-ից ուսումնասիրում է Սիբիրի վիրուսները, հայտարարել է, որ, իր կարծիքով, սպառնալիքը լիովին ուսումնասիրված չէ և իրական է։ Թեև վիրուսները, որոնք ուսումնասիրվել են նրանց կողմից, սոսկ ամեոբաներին վարակելու պոտենցիալ են ցուցաբերել, սակայն զգուշորեն է պետք մոտենալ հնարավոր վտանգներին։
Դոկտոր, պրոֆեսոր Ուիլյամ Շաֆները նշել է, որ վիրուսային այդպիսի պոտենցիալն իսկապես առկա է, ուղղակի կախված է մի շարք գործոններից․ «Կարծում եմ, սպառնալիքը բավականին հեռու է, բայց այն առկա է։ Առաջին հերթին նախ պետք է վերակենդանացնել վիրուսը, այնպես չէ՞։ Եվ այն պետք է ինչ-որ կերպ փոխանցվի մարդուն»։
Լոնդոնի Ֆրենսիս Քրիք ինստիտուտի ռետրովիրուսների հետազոտող դոկտոր Ջոնաթան Ստոյը նշում է, որ սրբիրյան հավերժական սառցակտորների վիրուսները «տեսական ռիսկ» են պարունակում․ «Իմ կարծիքով, ավելի լուրջ սպառնալիք են ներկայացնում քնած բակտերիաները կամ տարածման անուղղակի ուղիները, օրինակ միջատների կողմից տարածվող հիվանդությունները կամ թռչունների միգրացիայի մոդելների փոփոխությունների հետևանքով տարածվող վիրուսները։ Կարծում եմ, աշխարհով մեկ կենդանիների մեջ շրջանառվող վիրուսներն է պետք դիտարկել որպես վտանգավոր և անվերջ սպառնալիք»։
2023 թ․-ի հետազոտության ժամանակ բացահայտվել էին 5 տեսակի 13 տարբեր վիրուսներ՝ պանդորավիրուս, ցեդրավիրուս, մեգավիրուս, պակմանվիրուս և պիտովիրուսի նոր շտամ։
Դոկտոր Ստոյն ասել է, որ հավերժական սառցակտորներից վերցված նախորդ վիրուսներն ընդունակ են եղել վարակելու տարատեսակ միկրոօրգանիզմներին, բույսերին ու կենդանիներին․ «Դրանցից շատերը բակտերիոֆագեր են, բայց այդ ցուցակում կա առնվազն մարդկային երկու ախտածին, որոնք պատասխանատու են ջրծաղիկի ու գրիպի համար»։
Որքանո՞վ է համաշխարհային առողջապահությունը պատրաստ «զոմբի-վիրուսներն»․ ինչպես նշել է դոկտոր Շաֆները, այժմ մենք ավելի կազմակերպված ենք, քան 10, 20 տարի առաջ։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիտարկման մեխանիզմներ ունի, որոնք գործում են ամբողջ աշխարհում տարեկան 365 օր։ Հիվանդներից մշտապես նմուշներ են վերցվում՝ փորձելով նույնականացնել հիվանդության պատճառ հանդիսացող վիրուսները։ Այդպես է եղել նաև Քովիդի ժամանակ, իսկ պատվաստանյութերը մշակվել են ռեկորդային կարճ ժամկետներում, այնպես որ կազմակերպչական պոտենցիալը մեծ է»,-ասել է դոկտոր Շաֆները։
Դոկտոր Ստոյը, սակայն, հիշեցնում է, որ արկտիկական շրջաններն ամենավտանգավորը չեն մարդկության համար․ «Հետագա պանդեմիաների ավելի հավանական պատճառ կարող են լինել ջունգլիները, թեև դժվար է իմանալ, թե ինչ կարելի է սպասել անհայտ վիրուսներից»։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today