Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայությունը կվերադառնա՞, կա՞ Արցախ վերադարձի ճանապարհ

Փետրվար 01,2024 13:00

Արցախի կորուստը, էթնիկ զտումների սպառնալիքի տակ հայերի փախուստը, խոր ցավ են պատճառում ազգի բոլոր զավակներին։ Բայց մի սերունդ ժառանգել է հատկապես այս վերքերն ու ցավը իր մեծ պապերից, ովքեր զգացել են իրենց մաշկի վրա այս սարսափելի վայրագությունները, երբ նրանք իրենց հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից, բռնի տեղահանվելով Դեր Զորի անապատով արտաքսվեցին, տալով մեկուկես միլիոն նահատակ: Փորձեցի ստանալ արեւմտահայերի մի փոքր խմբի կարծիքը, ովքեր կամ բնակվում են հայկական սփյուռքում, կամ հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում: Հարցս Արցախ վերադարձնալու հնարավորության մասին էր, արդյոք արցախահայությունը կվերադառնա՞ Արցախ, կա՞ վերադարձի հույս, ճանապարհ:

Արամ Սերժ Թովմասյան. ամերիկահայ. Նախ եւ առաջ պետք է Հայաստանը վերադարձնեն հայերին, այսինքն, վռնդեն այս հակահայ կառավարությունը եւ կազմեն ազգային կառավարություն: Դրանից հետո հայերը Արցախ կվերադառնան, իսկ Արցախն էլ կմիանա Մայր Հայաստանին:

Հարութ Սասունյան, ազգային գործիչ, ամերիկահայ, «California Courier» թերթի հրատարակիչ, Հայաստան- Արցախ հիմնադրամի նախագահ. Այո։ Երբ մենք մոռանանք Արցախը, միայն այդ դեպքում մենք վերջնականապես կկորցնենք Արցախը։

Սարգիս Յարալյան, Քուվեյթ. Այս օրուայ կառավարութեան օրով Արցախի համար ոչ մէկ շարժում, կամ պահանջատիրական պայքար կարելի է նախաձեռնել։ Պիտի ձախողեցնեն թշնամուն հետ դաշնակցած իշխանական ուժերը դուրսի եւ ուժայինների օգնութեամբ։ Ոստի Արցախի համար պայքար եւ վերադարձ կարելի պիտի ըլլայ այս կառավարութեան տապալումէն յետոյ։ Պէտք չէ ուշացնել, քանզի ուշացումը կը վնասէ Արցախի դատին։ Երկաթը տաք-տաք կը ծեծեն։

Նազելի Էպեան –Նալպանտեսան «Info 3» միջազգային լրատվական հավելվածի եւ կայքի հայերեն լրատվական խմբագիր, լիբանանահայ. Կը հաւատամ, որ քաղաքականութիւնը «կարելիին արուեստն է»: Հետեւաբար, կը հաւատամ, որ Արցախի կորուստը վերջնական չէ… եւ ինչո՞ւ վերջնական պիտի ըլլայ, երբ 100 տարի անց մենք տակաւին կառչած կը մնանք մեր «Արեւմտեան Հայաստան»-ի տեսլականին, ապա ինչո՞ւ ոչ Արցախին, որուն ճակատագիրը տակաւին չէ վերջնականացած եւ հազարումէկ հարցականներ կան անոր շուրջ, որուն իրավիճակը մեծապէս կախուած է շրջանային քաղաքականութենէն, որ ամէն օր եւ ամէն վայրկեան փոփոխութեան կ’ենթարկուի։ Հայոց Պատմութիւնը, մեր հաւաքական եւ ազգային յիշողութիւնը մեզ սորվեցուցած են, որ միշտ վերիվայրումներ եղած են մեր պատմութեան մէջ, սակայն միշտ ալ յաղթահարած ենք, գոյատեւման մեր անըմբռնելի ու գերմարդկային կամքով։ Մեր ազգային ինքնագիտակցութիւնը, հայ ըլլալու հպարտութիւնը, տեսակի պահպանութեան պայքարը, ինքնին խօսուն փաստ է, որ ազգ մը եթէ կ’ուզէ ապրիլ, կը մաքառի իր ճանկերով, իր մտքով, իր տաղանդով եւ այս նպատակով ալ աշխարհով մէկ տարածուած ներուժը պէտք է համախմբել անշահախնդիր, հեռատես եւ ԴԻՒԱՆԱԳԷՏ ղեկավարութեան շուրջ, եւ այստեղ կարելի չէ չշեշտել, չկարեւորել եւ անտեսել միասնականութեան անհրաժեշտութիւնը, յաջողութեան հասնելու եւ վերականգնելու համար մեր դարաւոր բնակավայրերը, եթէ այսօր չէ, ապա անկասկած վաղը։

Դոկտոր Սահակ Անտաքեան, Միջազգային հակամարտությունների կառավարման գիտնական եւ փորձագետ, ամերիկահայ. Չեմ կարծում, որ հայերը կվերադառնան Արցախ բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ հետեւյալ.

  1. Նրանք չեն ցանկանում մնալ թուրք-ադրբեջանական ռեժիմի տակ. հակառակ դեպքում, ինչու են նրանք հեռացել առաջին հերթին: Նրանք, ովքեր կվերադառնան, կբախվեն դաժան վերաբերմունքի եւ վերջնական մահվան, ինչպես 1990-1993թթ. պատերազմի ժամանակ Բաքվում տեղի ունեցած ջարդերը:
  2. Արցախը իրավաբանորեն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, եւ այսպես կոչված՝ «հայ առաջնորդները» Հայաստանում եւ սփյուռքում կորցրեցին Արցախը օրինականորեն անկախ պետություն հռչակելու բազմաթիվ հնարավորություններ։ Նրանց տրված էր կոռուպցիան եւ նեգատիզմը, մինչդեռ Ադրբեջանը ռազմավարական աշխատանք էր տանում Արցախի «վերականգնման» ուղղությամբ։
  3. Միջազգային հանրությունն այսօր շահագրգռված չէ Արցախով, քանի որ նրա կենտրոնացումը այլուր է, ներառյալ, բայց չսահմանափակվելով Ուկրաինայով եւ Պաղեստինով:

Նազո Ճերեճեան – Սահակեան, Լ. Մկրտիչեան Գոլէճի նախկին տնօրէն, լիբանանահայ. Հայերս շատ դիպուկ ասացուածք մը ունինք. «Դուռդ գոց պահէ, դրացիդ գող մի հանէր»։ Անշուշտ հոս հասկնալի է «դուռդ գոց պահէ»-ին իմաստը։ Մի ձգէր որ ան ներս մտնէ, մանաւանդ, երբ դրացիիդ հետ ունիս հողային հարցեր։ Մէկ խօսքով թշնամական յարաբերութիւններ։ Մէյ մը որ մտաւ ու քեզի դուրս քշեց, ինք պիտի քու երեսիդ` «Դուռը գոց պահէ»։ Այնուհետեւ ոչ միջազգային դատարանները, ցոյցերը, աղմուկ-աղաղակները, ՄԱԿ կամ նմանօրինակ հաստատութիւնները, ոչ բարեկամ երկիրները, ոչ մէկ ոյժ պիտի կարենայ իրաւունքներդ, դատդ պաշտպանել։ Մէյ մը որ ձեռքէդ առիթը փախցուցիր, մէյ մը որ ոտքիդ տակէն հողդ կորսնցուցիր անկից վերջ անկարելի ըլլալու չափ դժուար է պատմական իրաւունքներուդ վերատիրանալը։ Հողդ կրնաս պահպանել միմիայն անոր վրայ մնալով, կռուելով, պայքարելով, պատերազմելով։ Դուրսէն միայն կրնաս անյոյս լալ, ողբալ, «օրինական» դատարաններու դիմել, բազմահազարանոց ցոյցեր կազմակերպել, ցեղասպանութեան տարեթիւերը պարտաճանաչօրէն համրել միասնական քայլարշաւներով, վերջում զիրար քարկոծել ու մեղաւոր անուանել։ Պատմական ճշմարտութիւն է, հողիդ վրայ պայքարելով միայն իրաւունքներդ կը ստանաս։ Այլապէս, մէյ մը որ Արեւմտահայաստանդ, Կիլիկիադ, Նախիջեւանդ, Արցախդ գնաց` բանաստեղծներու եւ երգահաններու տխուր երգերով պիտի սնանիս։ Ահա այս իմաստով մեծ յարգանք եւ խոնարհում ունիմ պաղեստինեան Ղազզայի մէջ պայքարող ե՛ւ ցեղասպանուող ժողովուրդին ե՛ւ մարտնչող զինեալներուն հանդէպ։

Իսկ ձեր հարցին` «ի՞նչ էք կարծում, հայերը կը վերադառնա՞ն Արցախ», միանշանակ` ոչ։ Մենք, աշխարհասփիւռ հայերս 30 տարուան ընթացքին Արցախը չկրցանք 1 միլիոնի վերածել, հիմա հազիւ հարիւր հազար հաշուող գաղթականները արդեօ՞ք կը դիմեն նման արկածախնդրական քայլի։ Իմ համեստ կարծիքը` ոչ է։

Շավարշ Ակինեան, կանադահայ. Բավականին դժուար եւ ցավոդ հարցադրում մը կը նկատեմ, քանի հարցը կը վերաբերի մեր ազգի 125 000 հայորդիներու անորոշուդեան հետ, ոեւէ Հայ պիտի չփափաքեր թեկուզ մեկ թիզ հող իսկ կորսընցներ իր տարածքեն, պիդի չուզեմ բարդուդյան եւ պատճարներուն մասին խոսիլ, կը կարծեմ թէ պետք է ըլլանք ռեալ եւ շրջահայաց արանց նկադելով մեկըս մյուսեն ավելի հայրենասեր, չվերածելով հարցը քաղաքական դրամագլուխի` ինչպիսին կարգ մը քաղաքական հոսանքներ սփուրքի եւ Հայաստանի մեջ կուզեն շահագործել։ Արցախը իր ներկա դրութեամբ արդյունք կը հանդիսանա շրջանի քաղաքագան զարքացումներուն եւ մեծ պետություններու շահերու հետապնդման, արցախահայերը քաջ գիտակցելով հայ-թուրք դարավոր թշնամութիւնը, խուսաբելով ենթարկուիլ ցեղային սպանդի, փրկելու իրենց ընտանիկները, հոժար կամքով հեռացան Արցախեն եւ ես այդ մեկը կը նկատեմ որպես մարդ իրավացի, իսկ ազգային նկադումով ցավալի ու աղետ։ Այժմ եթէ իրավիճակին մեջ նոր, կայուն ու արմատական փոփոխութիւն չի կատարուի, չեմ հուսար, թէ որեւէ արցախահայ կը վերադարնայ ներկայ պայմաններով, թեկուզ եթե տրամադրուին միջազգային երաշխիքներ:

Վիգեն Հովսեբեան, ազգային գործիչ, ամերիկահայ. Անշուշտ որ այսօրուան իրականութիւններով տրամադրուած, Արցախեան օրակարգով դրական յառաջխաղացք ակնկալելը գուցէ յուսալի չի թուի, սակայն քաղաքական աշխարհը միշտ ալ կարելիութիւններ խօստացող դաշտ է։ Բնականաբար լաւ պիտի ըլլար որ ասկէ մի քանի տարիներ առաջն, այսինքն այն կէտէն այնդին, որ թշնամին արդէն համոզիչ առաւելութիւններ կը ցուցաբերէր, մեր ռազմավարութիւնը պատշաճեցուէր ու որդեգրէինք նոր մօտեցում մը՝ օրինակ, ինչպէս եւ ուրիշներ շեշտած ենք «Ճանաչում յանուն փրկութեան» տարբերակը, բայց հիմա արդէն ուշ է, եւ արդէն պէտք է ինքնախարազումէ անդին անցնիլ։ Շեշտեմ, որ իմ խոր համոզումս է, որ Արցախեան օրակարգը դուրս պէտք է բերուի հայաստանեան ներքաղաքական քաշքրտուքներէն, այս հիմնական օրակարգի շուրջ նաեւ պոպուլիստական նախաձեռնութիւնները պէտք է դադրին մեզ խճողելէ, քանզի այդ բոլորէն դրական ոչինչ կարելի է ձեռք բերել։ Լուռ, մասնագիտական, եւ զուսպ դիւանագիտական գործ պէտք է տարուի, պետական եւ ոչ-պետական շրջանակներու համադրուած ծրագրումով ու ճիգերով։ Այս օրակարգը փողոցի վրայ կարելի չէ լուծել, ոչ ալ բարձրաձայնուած «ճինկօյիզմ»-ով: Վերջապէս, կը պատկերացնեմ որ առաջին քայլ պէտք է պատկերացնել Արցախահայութեան որոշ տարրի մը վերադարձը, անշուշտ համապատատխան երաշխիքներով, ինչը սկզբնական քայլ մը կրնայ հանդիսանալ ապագայի բոլոր քայլերուն եւ իրաւունքներու վերահաստատման։

Գեներալ Նարեկ Աբրահամյան, Լիբանանի բանակի պաշտոնաթող գեներալ. Ժողովուրդը երբ մնա իր հողի վրա, շուտով, երբ աշխարհաքաղաքական հանգամանքները փոխվեն, կվերցնեն իր իրավունքները, արցախահայությունը պետք է վերադառնա իր տուն՝ միջազգային երաշխիքներով: Չպետք է անլուրջ վերաբերվեինք այս հարցին, 30 տարի չարեցինք այն, ինչ պետք է, եւ հիմա զարմանալի իրավիճակի ենք հանդիպել: Մենք չենք պատրաստել Արցախում եւ դեռ չենք պատրաստում Սյունիքում: Հայերը պետք է վերադառնան Արցախ, եւ մենք պետք է ամեն կերպ աջակցենք նրանց՝ դիմանալու համար:

Արարատ Կոստանյան, միջազգայնագետ, արեւելագետ, քաղաքական վերլուծաբան. Հայերը պետք է վերադառնան անպայման՝ միջազգային իրավունքով եւ երաշխիքներով:

Վազգեն Մեսրոպյան, սիրիահայ, հայաստանաբնակ. Ներկայումս հույսեր չկան այդպես կերեւա: Իմ կարծիքով կորցրած որ մի տարածքն ենք հետ բերել: Եթե Ռուսաստանը փոխի իր տեսակետը հօգուտ Հայաստանի, որի հույսը չունեմ, քանի Հայաստանի այս խայտառակ կեցվածքը Ռուսաստանի հանդեպ եւ շեղումը դեպի Եվրոպա եւ Ամերիկա, հարցերը բարդացնում են: Մի խոսքով, ներկայումս հույս չունեմ, ցավոք սրտի:

Նատալի Ռեստոկյան, կանադահայ. Սփյուռքի հայերս. մեր քաղաքական առաջնորդները պետք է կանգնեն Արցախի կողքին, իշխանության պայքարի փոխարեն, սա կնպաստի նրանց վերադարձին:

Գրիգոր Մոլոյան, իրավաբան, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն, ԱՄՆ – Գործադիր կոմիտե (արտահայտելով անձնական կարծիքը անձնական հանգամանքով պայմանավորված). Կարծում եմ՝ որ հայերի Արցախ վերադարձի հարցը կարճ ժամանակում լուծելու խնդիր չէ, այն կարող է մի քանի սերունդ պահանջել, բայց համոզված եմ, որ հայերը կվերադառնան Արցախ՝ սա պահանջում է համբերություն եւ հարատեւ աշխատանք։ Ես լավատես եմ, որ երկարաժամկետ հեռանկարում Արցախի ապագան պայծառ է, բայց իրական մարտահրավերն այն է, որ կարողանանք ապահովել միջազգային հանրության մի քանի անդամների, ովքեր կարող են հովանավորել եւ վերահսկել: Ես տեսնում եմ հնարավորություն, երբ Ադրբեջանում քաղաքական հեղափոխություն տեղի ունենա:

Անի Մ. Սեֆերյան, LAU ինովացիոն կենտրոնի տնօրեն, Լիբանանի 2022 թվականի պարլամենդական ընտրությունների թեկնածու. Ցավոք սրտի, չեմ կարծում, որ Արցախը վերադառնա, որովհետեւ ես նշում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ռազմավարությունը Արցախի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ ուղղված է որոշակի կարգավորման: Թվում է, թե ինչ-որ բան խաղում է, եւ դա հանրության շրջանակներից դուրս է:

Անի Ազնավուրյան, Հայաստանում ապրող լիբանանահայ. Եթե ռուս-հայկական հարաբերությունները բարելավվեն, հայերը կարող են վերադառնալ Արցախ՝ ռուսական տիրապետության տակ:

Շադարեւյան Միշել, Լիբանանի քաղաքական «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցության արտաքին կապերի նախկին ղեկավար. Կարծում եմ, որ, ցավոք, արցախահայությունը չի պատրաստվում վերադառնալ հանցագործ Ալիեւի կողմից օկուպացված իր հողը, ինչպես տեսանք տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակից։ Որովհետեւ, ինչպես տեսնում եմ, Եվրամիությունն իր պատեհապաշտությամբ գազի կարիք ունի եւ ամեն ինչ կանի ադրբեջանցիներին չնյարդայնացնելու համար։ Բացի այդ, մենք չենք տեսել որեւէ կոնկրետ արձագանք, որն աջակցում է իրենց հողից քշված հայերին թե ամերիկացիներից, թե ռուսներից, եւ այն, ինչ արվել է, կարծում եմ՝ արվել է։

Պետիկ Մխճեան, լիբանանահայ. Ոչ: Նախքան Արցախ վերադառնալը պէտք է մտածէն Հայաստան դառնալը: Արցախը գնաց անվերադարձ, եթէ այսպէս շարունակենք, Հայաստան ալ պիտի երթայ:

Պատրաստեց

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829