Սկիզբը՝ այստեղ:
19.Դասական երգիչն ու երեւանյան ռաբիսը՝ Գլենդելում
Արցախի փողոցում Յաշա Պապյանը ցույց տալով կողքին նստած ընկերոջը, ասաց.
-Վահագնը միջազգային ճանաչում ունեցող դասական երգիչ է, Բակուր, ծանոթացիր: Ահա նա այստեղ՝ Արցախի փողոցի զարդն է:
Կարդացեք նաև
-Ուրախ եմ, -ասացի ես, -իսկ ի՞նչ եք երգում:
-Հիմնականում հայկական միջնադարյան հոգեւոր երգեր, տաղեր. Կոմիտաս, Եկմալյան, Բախ, Հենդել, հիմա պատրաստվում եմ Թայվանում երգելու Մենդելսոնի, Դվորժակի, Ստրավինսկու ստեղծագործությունները:
-Որտե՞ղ եք սովորել:
-1998 թ. ավարտել եմ Երեւանի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Գոհար Գասպարյանի աշակերտն էի: Մեծ երգչուհին ինձ էր փոխանցում իր ստեղծագործական գաղտնիքները, խոշոր վրձնահարվածներով ձեւավորում էր որպես երգչի՝ մեծ էներգիա, ոգի հաղորդելով ինձ: Իմ որպես երաժիշտ կայացման, կատարողական կուլտուրայի, երաժշտական բարձր ճաշակի ներքո գործելու, բեմում հետաքրքիր կերպար դառնալու գործում կարեւոր դեր խաղաց Տիգրան Հեքեքյանը: Իհարկե, ինքս էլ աշխատեցի եւ այդ հսկա պաշարը լույս աշխարհ բերեցի եվրոպական բեմերում:
-Ի՞նչ մրցույթների եք մասնակցել:
-Նյու Յորքի Կարնեգիի սրահի մրցույթում առաջին մրցանակի արժանացա, American National Prize/ մրցույթին, որտեղ մասնակցում էին ԱՄՆ 3000 ուժեղագույն երգիչներ, շահեցի 3-րդ մրցանակը: Երգել եմ աշխարհի շատ բեմերում, ներկայացրել հայ միջնադարյան, արեւմտաեվրոպական երաժշտությունը: Իբրեւ մենակատար հիմա Գլենդելի Սբ. Աստվածածնի եկեղեցում մասնակցում եմ Պատարագին, այլ եկեղեցական արարողությունների:
-Հետաքրքիր է, ինչպե՞ս եք ընդունում գլենդելյան առօրյայում, սրահներում հնչող երաժշտությունը, -դիմեցի ես:
-Ռաբիսի դեմ պայքարելու քարոզչությունն արդեն ուշացած է: Այն ոչ միայն հայկական չէ, այլեւ հայկականության դեմ է:
-Իսկ այդ երաժշտությունը պե՞տք է հասարակությանը:
-Այո, նա էլ է պետք, բայց ոչ այդ չափերով, ոչ այդ որակով: Հենց այստեղ՝ Գլենդելում, երիտասարդների առօրյան եւ կենցաղը հեղեղված է ռաբիս երաժշտությամբ ու ցածրորակ ճաշակով, որը վայել չէ մեր մշակույթին: Ռաբիս երաժշտությունն այսօր քայքայում է մշակույթ հասկացությունը: Երիտասարդները սլենգով են խոսում, իսկ ռաբիս կոչվածը երաժշտության մեջ հենց սլենգն է, դեգրադացիայի պատկերը:
Քիչ առաջ ես ներկա էի երեխաների ծննդյան տոնակատարությանը: Ծնողները փողոցում բարձրաձայն միացրել են ռաբիս երաժշտություն, որը խեղաթյուրում է դեռեւս չձեւավորված ճաշակը:
Ինքս առաջարկում եմ մեր ժողովրդական, գուսանական երգերի, մեղեդիների ժամանակակից ռիթմավորելու եւ հրամցնելու հանրությանը, դրանով փոխարինելով ռաբիսի այսօրվա ներկայությունը:
-Հետաքրքիր է միջազգային մրցույթներում ժյուրիի անդամների, կոմպոզիտորների կարծիքը երգի ձեր մատուցման մասին:
-Հանրաճանաչ դիրիժոր Ջեֆրի Բեռնշտայնը մի անգամ ասաց. «Երգը կատարելու ընթացքում երգիչ Վահագնը ներկայացնում է որպես ամբողջական կոմպոզիցիա, ֆրազները հնչյունների տարալուծման տեսանկյունից ամբողջական ու ներդաշնակ են մատուցվում: Համաշխարհային հոգեւոր երաժշտության տեսանկյունից Վահագն երգիչը հանդիսատեսին տեղափոխում է աղոթքի աշխարհ, որը մեգիտացիոն երաժշտություն է»:
-Իսկ ձեր անմիջական ուսուցչուհին…
-Գոհար Գասպարյանի՞ն ի նկատի ունեք: Նա ասել էր. «Վահագնը մեր հոգեւոր սյուներից մեկն է»: Կանանցից Աննա Մայիլյանն է լավ կատարում: Սակայն հոգեւոր երգերը արական երգի մեջ է դրված. մինորը ոչ թե լացակումած ու թախծոտ է, այլ ավելի վեհ եւ հիացական: Ամենամեծ շտեմարանը հոգեւոր երաժշտության մեջ է: Կատարողը պետք է ապահովի կրոնական աֆեկտը, ինքը ունկնդրին տանի իր ետեւից դեպի հոգեւորը: Ես միշտ նման խնդիր եմ դնում իմ առաջ: 150 հազար ունկնդիր ունեմ…
-Ոչ մի փաթիլ նման չէ մյուսին…
-Այո, ինչպես ամեն մի մարդ: Կատարողներիս մետ եւս այդպես է: Իմ այսօրվա երգը նման չէ երեկվանի կատարմանը:
Էդուարդ Բադունցը՝ «Հսկում է օբյեկտիվը» հաղորդաշարի ռեժիսորը, ակունքներով Մարտակերտից է: Գլենդելյան հին ընկերներին խնդրել էի իմ վաղեմի ընկեր, Էդուարդ Բադունցին հաղորդել իմ հեռախոսահամարը, որով նա կարող էր կապվել ինձ հետ: Սակայն ոչ մի զանգ: Եվ ահա անսպասելի զանգեց: Ասաց, որ Երեւանից են զանգել, հայտնել. «Բակուրը Գլենդելում է»: Հեղինակի գաղափարները նրա կինոյի լեզվով արտահայտման կարողությունը նոր շունչ հաղորդեց հաղորդաշարին՝ ռեժիսորական կառուցվածքին ենթարկելով հեղինակի խոսքը: Իսկ հեռուստատեսության թույլ կողմը այդ տարիներին ռեժիսորական աշխատանքի պակասն էր: Նրա այդ մոտեցմամբ հաղորդաշարը ավելի մեծ հռչակ ձեռք բերեց: Հետագայում հաղորդաշարի հետ կապված գրեցի «Հեռուստագիշատիչը» գիրքը:
Շուտով Էդուարդ Բադունցը հայտնվեց Արցախի փողոցում: Նա ավելի ծանրամարմին էր դարձել: Որոշեց ի նշան մեր այս հանդիպմանը, հյուրասիրել ինձ: Գնում էինք դեպի «Ժենգյալով հաց» վայրը, երբ մտափոխվեց, ու մտանք մեքսիկական ճաշարան: Հետո գնացինք մի սրճարան, որտեղ սառը կապուչինո խմեցի եւ սկսեցի դողալ:
Երբ ես հրաժարվել էի «Հսկում է օբյեկտիվը» հաղորդաշարից ու «Արցախյան օրագիրն» էի վարում, Էդուարդ Բադունցին նշանակեցին Հեռուստապետկոմի նախագահի տեղակալ: Սակայն շուտով նա կրթության նախարար Սերգո Երիցյանի եւ բաժնի վարիչ Գոռ Ղազարյանի հետ հեռուստաֆիլմերի հոնորարների բաշխման հետ կապված վեճեր ունեցավ, եւ Է. Բադունցը ստիպված էր թողնել հեռուստատեսությունը եւ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ իր քույրերն են բնակվում: Նա գործի ընդունվեց Լոս Անջելեսում ՀՅԴ «Հորիզոն» հեռուստաստուդիայում: 15 տարի աշխատելուց հետո, աշխատավարձի գումար չունենալու պատճառով 25 հոգու կրճատեցին: Այժմ Էդիկը իր որդու՝ Էրիկի հետ լոսանջելեսյան հրեաների հարսանիքներ է նկարահանում ու իր ստեղծած ստուդիայում մոնտաժում:
Է. Բադունցն առաջարկեց Լոս Անջելեսի Աստղադիտարան գնալ: Ոստիկանական մեքենան տագնապի ազդանշան էր միացրել ու բաց ճանապարհ էր պահանջում: Բոլոր մեքենաներն էլ մի կողմ էին քաշվում:
-Առջեւում ինչ-որ արտառոց բան է պատահել.- ասաց Էդուարդը:
Քիչ անց տեսանք, որ 4-5 ոստիկանական մեքենաներ էին հավաքվել, գրավել ճանապարհի կեսը: Թանկարժեք սեւ ջիպից մի երիտասարդ տղայի դուրս բերեցին: Ձեռքերը վեր պարզած երկու ոստիկանների ուղեկցությամբ ոստիկանական մեքենա խցկեցին ու տարան:
-Հայ տղա է, -ասաց Էդիկը, -ես իմ, թե ինչ հանցանք է կատարել:
Մինչ աստղադիտարանը ջազի համերգասրահ կար, որի համար մեքենաները գրավել են կանգառի բոլոր տեղերը: Մի քանի կիլոմետր էլ առաջ գնալով մեքենայի կայանման տեղ չգտնելով՝ ետ վերադարձանք:
Սոնան իր հերթին, հենց ազատ ժամանակ է ունենում, ինձ որեւէ տեղ էր տանում: Այս անգամ էլ մեկ այլ բուսաբանական այգի գնացինք: Այն նաեւ մշակութային յուրօրինակ կենտրոն էր արվեստի պատկերասրահներով ու թանգարաններով:
Մենք սկսեցինք չինական բուսաշխարհից, որոնք ներկայացված են Չինաստանին յուրահատուկ ճարտարապետությամբ, բնության տեսարաններով, այնպես, որ այցելուն զգա արեւելյան մշակութային ու բնությանն առանձնահատուկ մթնոլորտը: Դրան հաջորդում են Հարավային Ամերիկային, ապա Ավստրալիային, Աֆրիկային յուրահատուկ բնաշխարհը:
Ամեն օր FB իմ էջում աշխարհի բոլոր անկյուններից ֆինանսական գայթակղիչ առաջարկություններ եմ ստանում։ Տորոնտոյի, Տոկիոյի, Ստամբուլի, Մադագասկարի եւ այլ բանկերից առաջարկում են կովիդից մահացած նույն «Կարապետյան» ազգանունով միլիոնատեր գործարարի ժառանգությունը կիսել ինձ հետ, ի վերջո պահանջում են գործարքի համար $500 վճարել։ Իսկ դալլասցի «միլիարդատեր» Էվան Կլարան թվիթերում առաջարկեց $2,5 միլիոն օգնություն, որի դիմաց նախ պետք է $200 փոխանցեմ համապատասխան քարտ ստանալու համար։ Պատասխանեցի, որ $200-ը թող 2,5 միլիոնից վերցնի: Երբ ասացի, որ նա գործ ունի լրագրողի հետ, թվիթերից ջնջեց իր բոլոր գրությունները:
Կարծես թե Հայաստանը զերծ է այս տիպի մեքենայություններից, երբ
պատահականորեն հանդիպեցի Իրանի Իսլամական Հանրապետության մի խումբ քաղաքացիների, որոնք հայտնեցին, որ երեւանյան «Բարով» FIT ՍՊԸ-ի տնօրեն Անգին Ղուկասյանի (Երեւան, Արշակունյաց 53ա/33, ն 27, AT0447750, տրվ. 03.09.2019, 003) առաջարկությամբ 12 հոգի այդ ընկերությանն են մուծել $150 000-ական գումար՝ որոշակի տոկոսով ամեն ամիս գումար ստանալու պայմանով։ «Մինի բիրժայի» անվամբ տասնյակ այլ քաղաքացիներից եւս խաբեությամբ շորթած գումարները փոխանցում է Կիպրոսի օֆշորային որեւէ բանկի, այնտեղից՝ շվեյցարական բանկերից մեկին։ Պարսկաստանի քաղաքացիները խնդրեցին չհրապարակել իրենց անունները, քանի որ ԻԻՀ-ն շատ խիստ է նման հարցերում ու անպայման կպատժի իրենց։ ՍՊԸ տնօրենը եւս հաշվի է առել այս հանգամանքը ու հանգիստ պայմանագրեր կնքել։ ՀՀ Կենտրոնական բանկը ինչ-որ կանխազգացումով արգելանք է դրել Անգին Ղուկասյանի հաշիվներին, այդպես փորձել կանխարգելել նրա ֆինանսական խարդախությունները։ Սակայն «Բարով»-ի տնօրենը ֆինանսական նոր քայլեր է ձեռնարկում, այս անգամ մտածելով «բարեգործի» անուն վաստակել։ Դրա համար ծերերին ճաշ տվող «Մերոնց տուն» է բացում Նորք-Մարաշ, բուժաշխատողների 1/1 հասցեում ու սկսում գումար հավաքել։
Ես չգիտեմ, թե այս խառը ժամանակներում մեր երկրի համապատասխան իրավական մարմինները ժամանակ կունենա՞ն լրիվ բացահայտելու նման խաբեբայությունների հեղինակներին, որոնք բարոյահոգեւոր անկման մթնոլորտ են ավելացնում երկրում։ Բայց որ Անգին Ղուկասյանն այս գործում միայնակը չէ, դա փաստ է։
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱՄՆ, Լոս Անջելես, Գլենդել
«Առավոտ» օրաթերթ
31.01.2024