Լրահոս
Օրվա լրահոսը

Անհեռանկար, աննպատակ «ազատ անկման» մեջ

Փետրվար 01,2024 12:00

Բաքուն ուղղակի պատրվակներ է փնտրում` խուսափելու Հայաստանի հետ խաղաղության հաստատումից

Հայաստանը նոր եւ ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով է գնում, Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառմանն օրերս նշեց Նիկոլ Փաշինյանը, որը նաեւ հավելեց, որ վերջին տարիներին կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել. «Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից եւ իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում»։

Նա նկատեց, որ ուժեղ եւ մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարեւորագույն գործոններից է, սակայն նաեւ հավելեց. «…Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա եւ ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ եւ աներկբա արձանագրենք, որ որեւէ այլ տարածքի նկատմամբ որեւէ հավակնություն չունենք եւ չենք ունենալու, եւ սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»:

Փաշինյանը նաեւ անդրադարձավ Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին՝ ՀՀ-ի կողմից սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ. «Ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, եւ որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որեւէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը, կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը»: Նա կրկին շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի, որեւէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, նաեւ նկատեց, որ որեւէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի որեւէ տարածքի նկատմամբ:

Ադրբեջանից հնչող գնահատականները, պահանջները, իսկ ավելի ճիշտ` պայմաններն ուղղված Հայաստանին, առավել քան հստակ են: Մինչդեռ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որոնք բարի ցանկությունների շարք են հիշեցնում, որոնք համահունչ չեն այն պայմաններին, որոնք ներկայացնում է պաշտոնական Բաքուն:

Ադրբեջանի բոլոր գնահատականներում պաշտոնական Երեւանի ներկայացրած ցանկությունների մերժումն է: Գիտակցո՞ւմ են սա Հայաստանի իշխանությունները: Վստահաբար` այո: Հետեւաբար, եթե ՀՀ իշխող վերնախավը գիտե, որ Ադրբեջանը խաղաղության որեւէ փաստաթուղթ չի ցանկանում ստորագրել, կամ` եթե անգամ ստորագրի, դրանց կատարմանը հետամուտ չի լինելու, ինչո՞վ է զբաղված Հայաստանի իշխանությունը: Աշխարհին շարունակ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղությա՞ն է պատրաստ: Դա բոլորի համար վաղուց պարզ է: Ինչպես նաեւ այն, որ Ադրբեջանը խախտելու է ցանկացած պայմանագիր, եթե անգամ այն ստորագրի:

Հետեւաբար, պաշտոնական Երեւանը ինչո՞ւ չի Բաքվից պահանջում այն խնդիրների լուծումը, որոնք կարող են մինչեւ խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրումը լուծվել եւ տրամաբանական կլիներ, որ պաշտոնական Երեւանը պահանջեր դրանց անհապաղ լուծումը` մինչեւ խաղաղության օրակարգի մեջ «խորանալը»: Օրինակ` Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակում, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերում: Այս ամենը չի արվում, որի արդյունքում մենք շարունակ Բաքվից լսում ենք նորանոր պահանջներ:

Ադրբեջանի նախագահն անցած ամիս հայտարարեց՝ Բաքվին հուսալի երաշխիքներ են պետք, որ Հայաստանում ռեւանշիստական միտումներ չեն լինի: Ընդ որում, Ալիեւը այսօրինակ լրացուցիչ երաշխիքներ է պահանջում այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Իսկ Բաքվից դեռ չենք լսել, թե ինչ մակերեսով Հայաստանի տարածքային ամբողջականություն են նրանք պատրաստ ճանաչել: Ավելին, Բաքուն մերժել է Երեւանի պատկերացումները, ընդ որում` նաեւ սահմանազատման եւ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերում:

Իսկ Փաշինյանը շարունակում է պատմել. «Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո…»: Կամ ասում է. «Մենք նաեւ սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաեւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»:

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի հայտարարություններին։ Նա նշել է, թե Փաշինյանի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրից եւ միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից: «Չնայած նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում եւ որոշումներում, 44-օրյա պատերազմից հետո տարբեր միջազգային ատյաններին հասցեագրված դիմումներում, միջազգային կազմակերպություններում տարածված պաշտոնական նամակագրություններում, Հայաստանը դեռեւս որեւէ գործնական քայլ չի արել այս ուղղությամբ», – ըստ «Ազատության», պնդել է Հաջիզադեն: Նրա փոխանցմամբ, այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն գործնական նշանակություն չունեցող առաջարկներ հնչեցնելը թյուրիմացություն է ստեղծում եւ անընդունելի է։ «Հայտնի է, որ Հայաստանը անցած 30 տարիների ընթացքում կոպտորեն ոտնահարել է մեր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչող միջազգային պայմանագրերը, ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ, մեր տարածքների օկուպացիայի ընթացքում իր ռազմական տեխնիկայի մեծ մասը թաքցրել է միջազգային վերահսկողական մեխանիզմներից՝ դրանք անօրինական տեղակայելով մեր երկրի տարածքում», – ասել է Հաջիզադեն։

Պարզից էլ պարզ նկատելի է, որ Բաքուն ուղղակի պատրվակներ է փնտրում խուսափելու Հայաստանի հետ խաղաղության հաստատումից: Ադրբեջանին պարբերաբար հրապարակավ միանում են թուրքական իշխանությունները: Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից օրերս սպառնացել է Հայաստանին: Թուրքիայի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները ռազմական եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Լրագրողների հետ զրույցում Աքարն անդրադարձել է նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացին, սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին, նշելով, որ Հայաստանը պետք է պահ առաջ սեղմի Ադրբեջանի մեկնած «խաղաղության ձեռքը». «Որոշ երկրներ ինչ-որ կերպ Հայաստանին ցանկանում են պրոքսի-պետության զգեստ հագցնել։ Եթե Հայաստանն այս սխալ ճանապարհը մտնի, ինչպես 44-օրյա պատերազմում, շատ լուրջ վնաս կկրի, գին կվճարի։ Դա չպետք է թույլ տալ»։

Աքարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Վերջինս, մասնավորապես, ընդգծել է, որ «Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները կարեւոր դեր են խաղում երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաեւ բոլոր այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար»։ Աքարին ընդունել էր նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, օրակարգում կրկին անվտանգության ոլորտում համագործակցության հարցերն էին։ Բայրամովն ու Աքարը անդրադարձել են «Շուշիի հռչակագրին»՝ ընդգծելով դրա շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես, անվտանգության եւ ռազմական զարգացման։

Հիշեցնենք, 2021թ. Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում էր փոխադարձ ռազմական օգնություն եւ սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Բաքվում Աքարը շեշտել է, որ Ադրբեջանը թուրքական պաշտպանական արդյունաբերության հնարավորություններից օգտվելու լայն հեռանկարներ ունի։

Սա նմա՞ն է խաղաղության ձգտող պետությունների պահվածքի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 31.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829