Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղան Ալավերդու համայնքապետարանին «Ապրելու» հիմնադրամի տրամադրած միկրոավտոբուսները

Հունվար 31,2024 23:40

«Մեր դիրքորոշումը հստակ է եւ պարոն Թամազյանն էլ այն վերջերս ներկայացրել էր. այդ միկրոավտոբուսները համայնքի բնակիչների համար են ծառայելու, ոչ թե համայնքապետարանի աշխատակիցների, ուստի, անկախ քաղաքական գործընթացներից, համայնքը եւ բնակիչները դրանից չպետք է տուժեն: Հուսով ենք, որ համայնքապետարանում կգտնվեն խելամիտ աշխատակիցներ եւ ցանկություն կունենան այս գործընթացը շարունակել, ինչպես մենք սկսել էինք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Խոսքն «Ապրելու» հիմնադրամի կողմից Ալավերդու համայնքապետարանին անհատույց օգտագործման համար տրամադրված միկրոավտոբուսների մասին է: Դրանք այդպես էլ երթուղի դուրս չեն եկել, Ալավերդու ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Ղումաշյանն օրերս հայտարարել էր, թե միկրոավտոբուսները քաղաքի կոմունալ ծառայության տարածքից տեղափոխվել են Ճոճկան, հետո՝ անհայտ է, թե ո՞ւր: Ինքն էլ՝ հիմնադրամի եւ համայնքի միջեւ կնքված պայմանագիր չի տեսել, այն չկա: Ի դեպ, խոսակցություններ կան, որ միկրոավտոբուսները տեղափոխվել են Նոյեմբերյան:

«Ծանոթ եմ ինքնահռչակ համայնքի ղեկավարի մեկնաբանությանը: Այդ մեքենաները շահագործման ենթակա չեն, դիմապակիները կոտրված են, դրանք հիմա վերանորոգման փուլում են»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ Ալավերդու նախկին՝ ընտրված քաղաքապետ Արկադի Թամազյանը վերջերս հայտարարություն էր տարածել՝ ամբողջովին ներկայացնելով իրավիճակը:

«Միկրոավտոբուսները ձեռք բերելուց հետո, կհիշեք, որ ամիսներ առաջ, Ալավերդիում շատ ուժեղ կարկուտ տեղաց, ինչի արդյունքում համայնքը լուրջ վնասներ էր կրել՝ վնասվել էին թե տները, թե մեքենաները, այդ թվում նաեւ այդ միկրոավտոբուսները. այդ մասին բոլորը գիտեին: Միկրոավտոբուսները նոր էին, արտերկրից էին եւ անհրաժեշտ պահեստամասերը պետք էր ներկրել, ինչի համար որոշ ժամանակ էր անհրաժեշտ: Բայց հիմա, դրանք վերանորոգման ընթացքում են, գտնվում են վերանորոգման կետում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ կրկնելով, որ իրենք պատրաստ են հիմնադրամի եւ համայնքի միջեւ պայմանագրի կնքման, որպեսզի հստակեցվեն այդ միկրոավտոբուսների շահագործման տարբերակները:

«Անկախ նրանից, թե Քաղաքացիական պայմանագիրն ինչ լկտի եւ ապօրինի գործունեություն է ծավալել Արկադի Թամազյանի նկատմամբ, համայնքը եւ համայնքի բնակիչները չպետք է տուժեն. այն խոստումները, որոնք մենք տվել ենք, այն գործընթացները, որոնք սկսված են, շարունակվելու են: Մենք պատրաստ ենք, պարոն Թամազյանն էլ հայտարարել էր, համայնքի համապատասխան պաշտոնյաները թող բարի լինեն դիմել հիմնադրամին, պարոն Թամազյանին՝ մնացած գործընթացներն արդեն ըստ պատշաճի կարգավորելու համար»,- հայտարարեց Մեսրոպ Առաքելյանը:

Հարցին՝ ինչո՞ւ Արկադի Թամազյանի պաշտոնավարման ժամանակ չի կնքվել պայմանագիրը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նախ բնական աղետի պատճառով հետաձգվեց գործընթացը, ապա՝ հետո տեղի ունեցած քաղաքական գործընթացները պարալիզացրեցին աշխատանքները:

Մեսրոպ Առաքելյանը կարծում է, որ ՔՊ-ական քաղաքապետը քաղաքական շահարկումներ է անում. «Իշխանությունը բռնազավթելուց հետո, արդեն 1-2 ամիս է՝ համայնքում ոչ մի աշխատանք չի կատարվում, շատ լավ կլինի, որ դրա փոխարեն զբաղվեն համայնքային խնդիրների լուծմամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031