Քարոզչական ծախսերի համար իշխող կուսակցությանը անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից, բացահայտել են հետաքննող լրագրողները։ Ուսումնասիրելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը՝ «Ինֆոքոմ»-ը եզրակացրել է, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։
«Նվիրատուներից մեկի դեպքը, որը մենք նյութի սկզբում ենք նկարագրել, երբ իր ծանոթը իրենից խնդրել է նույնականացման քարտը, մտել է «Հայէկոնոմբանկ», դուրս է եկել, ասել է՝ «մտիր, քեզ մի մարդ կա, կուղեկցի, ինչ-որ բան կստորագրես», նվիրատուն մտել է ներս, իրեն ինչ-որ տղամարդ ուղեկցել է, վերցրել է էդ անդորրագիրը՝ առանց իմանալու, առանց տեսնելու էդ գումարները», – պատմում է հետաքննության հեղինակ, լրագրող Լուսի Մանվելյանը:
Սա օրինակներից ընդամենը մեկն է, որ քաղաքացու անունից անհայտ ծագման փոխանցում է արվել ՔՊ հաշվեհամարին: Այսպիսի պատմություններ հետաքննության հեղինակները Երևանի տարբեր հասցեներում են բացահայտել: Որոշ դեպքերում էլ չնայած նվիրատուների ցուցակում մարդկանց անունները կան՝ միևնույն է, նրանք հերքել են, որ գումար են նվիրաբերել իշխանական կուսակցությանը:
Լրագրողներն ուսումնասիրել են հիմնականում 1 միլիոնից մինչև 2.5 միլիոն դրամ փոխանցածների տվյալները և արձանագրել երեք հիմնական օրինաչափություն՝ այդ անձինք ապրում են իրար մոտ հասցեներում, մեծ գումարներ նվիրաբերել են գործարարների ու պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք, նաև՝ պաշտոնյաները։ Օրինակ, Նոր Նորք վարչական շրջանում միայն մի շենքից 5 բնակիչ իշխանական կուսակցությանը տվել է օրենքով թույլատրելի ամենաբարձր՝ 2.5 միլիոն դրամը:
Կարդացեք նաև
«Սա առաջինն էր հենց, որ մեզ առնվազն տարօրինակ թվաց: Հետո մենք հանդիպեցինք նվիրատուներին ու նրանց խոսքերից ավելի համոզվեցինք մեր կասկածներում, որովհետև դեպքեր ունեինք, երբ մարդիկ ասում էին՝ «մենք տեղյակ չենք», նվիրատուների ծնողները ասում էին՝ «եթե ինքը էդքան գումար ունենար, վարկերը կփակեր, էրեխեքի համար ինչ-որ բան կաներ»: Ու բնակության պայմաններն էլ էին մեզ թույլ տալիս ենթադրել, որ դժվար մարդիկ 2.5 միլիոն՝ շուրջ 6 հազար 500 դոլար նվիրաբերեին կուսակցությանը», – ընդգծում է Մանվելյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
քպ-ն ինքն է անհայտ ծագման կուսակցություն, որը ստեղծվեց Արցախը հանձնելու համար, պարզ չի?, որ նրան փոխանցված գումարներն էլ կլինեն անհայտ ծագման։