«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ահազանգում է, որ ամիսներ, թե տարիներ առաջ Շիրակի մարզում շներ կռվեցնելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Նախ Ոստիկանության Արթիկի բաժնի պետն է Մակեյանի որդուն կանչել զրուցելու, այսօր արդեն Քննչական կոմիտեից են ծանուցել ներկայանալ հարցաքննության:
Պետրոս Մակեյանի խոսքով, իր որդին առայժմ վկայի կարգավիճակով է, բայց ինքը մտավախություններ ունի, որ որպես մեղադրյալ կներգրավեն. «Այսօր որպես վկա են տանում, վաղը դարձնում մեղադրյալ, ես սրանց սցենարը գիտեմ, չէ՞: Երբ համեմատում ենք Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակները այս իշխանության հետ, դրանք սրբություններ են սրա հետ համեմատ: Ես 10 տարի պայքարել եմ Քոչարյանի, 10 տարի Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, սա միայն գրելու համար էլ կարող է մարդկանց տանել, փակել»:
Մակեյանի խոսքով, Շիրակում տարածված է շներ կռվացնել. «Տղաներս բարձրագույն ավարտած են, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակում ստիպված են գյուղատնտեսությամբ զբաղվել եւ շների գոյությունն անխուսափելի է: Շները տարածքում, բնականաբար,կռվում են, եւ այդ կռվի տեսահոլովակը, որ եղել է ամիսներ կամ տարիներ առաջ, «բացահայտել» են, որ այդտեղ է գտնվում նաեւ Մակեյան Պետրոսի տղան: Ու սա այն փուլում է սկսվում, երբ իմ հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մի քանի դատական փուլ է անցել, հիմա էլ Վերաքննիչի երկու որոշումն է եղել»:
Հիշեցնենք, որ Պետրոս Մակեյանը «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ 10 տոկոսի բաժնետերն է, բայց ինչպես ինքն է ասում, ոչ միայն 2016 թվականից չի ստանում իր շահաբաժինը, այլ ընկերության գործունեության մասին որեւէ տեղեկություն չի կարողանում ստանալ: Մակեյանը դիմել էր իրավապահներին. «Իմ հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում պետք է հարցաքննվեին Նիկոլ Փաշինյանը, զոքանչը, Աննա Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Գեւորգյանն ու Արուսյակ Մանավազյանը: Տարուց ավելի է գործը քնեցրել են, որպեսզի ես ընթացք չտամ, ինձ փորձեն հետ կանգնեցնել, սկսել են ընտանիքիս անդամների վրա գործեր սարքել»:
Կարդացեք նաև
Պետրոս Մակեյանը դժվարացավ ասել, թե որդին շուն կռվեցրել է, թե ոչ, ասաց՝ շներն իրենք իրենց էլ կռվում են. «Որ գյուղն էլ գնաս, հիմա ամեն օր էդ շներին կռվացնում են, պարապ ժողովուրդն ուրիշ զբաղմունք չունի, օրվա հացն ուտում են, դուրս են գալիս շուն կռվացնում, գյուղի մեջի գործը դա է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ