Հայաստանի պատմության թանգարանում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայությամբ բացվեց «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է Չեխիայի ազգային թանգարանի հետ համատեղ եւ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։
Ներկայացված են Չեխիայի պատմական երկու շրջանների՝ Բոհեմիայի եւ Մորավիայի յուրահատուկ ամրոցների ու դղյակների լուսանկարները։ Պատմական կառույցների, վայրերի մի մասն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում (Պրահա, Չեսկի Կրումլով, Տելչ), մի շարք կառույցներ էլ հավակնում են այդ ցանկում ընդգրկվելուն: Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մինչեւ մարտի 31-ը:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ ուրախ է ազդարարել կարեւոր համագործակցության սկիզբը, եւ որ ԱԺ նախագահների ներկայությունը կարեւոր է նմանատիպ սկզբի համար: Նա ի թիվս այլոց, շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպման գործում մեծ դեր ունեցած Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին եւ Չեխիայում Հայաստանի դեսպանությանը՝ ի դեմս դեսպան Աշոտ Հովակիմյանի:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը հավելեց, որ ուրախ են գործընկերների հետ համագործակցությամբ հանրությանը ներկայացնել Չեխիայի ազգային թանգարանի ճամփորդող ցուցահանդեսներից մեկը, որը նվիրված է Չեխիայի ամրոցներին եւ դղյակներին: «Ցուցադրությունը հետաքրքիր է մշակութային երկխոսության սկզբի համար, որովհետեւ հուշագիր է ստորագրվելու երկու ազգային թանգարանների միջեւ: Հետագայում՝ հնարավորության դեպքում կշարունակվեն նման ցուցահանդեսները՝ երկու ժողովուրդների բացառիկ մշակութային արժեքները ներկայացնելու նպատակով»:
Դավիթ Պողոսյանը հույս հայտնեց, որ հետագայում էլ Չեխիայում ցուցահանդեսով Հայաստանի պատմության թանգարանը կներկայանա: «Շատ կարեւոր է, որ մեր ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը հասանելի դարձնենք մեր լսարանին»,-ասաց նա:
Հարցին՝ Հայաստանի պատմության թանգարանի արժեքներից հատկապես որոնք է համարում այցեքարտային, եւ որոնք կարող են հետաքրքրել օտարերկրացիներին, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Մեր մշտական ցուցադրության մեջ են Հայաստանից հայտնաբերված ամենահին նմուշները, որոնք մեզանից 1,8 միլիոն տարվա իրողություն են՝ Արենի քարանձավից հայտնաբերված կոշիկը, Լճաշենի սայլերը…կարելի է անվերջ թվել…Անցյալ տարի մեր հանրության համար կարողացանք վերաբացել հնագույն շրջանի սրահները: Այս տարի կշարունակենք Անիի, Կիլիկյան Հայաստանի հետ կապված այն հավաքածուները, որոնք ոչ միայն մեզ համար մասունքային նշանակություն ունեն, այլեւ ընդհանրապես համաշխարհային ժառանգության կարեւոր մաս են կազմում»:
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետեր Պիրունչիկի ձեւակերպմամբ, երբ հնչում են Չեխիա կամ Չեխիայի Հանրապետություն անունները, հայ բարեկամները ժպտում են, ասում են՝ ինչ հրաշալի երկիր է. « Այստեղ ամեն ոք գիտի Չեխիայի Հանրապետությունը: Երբ ասում են Չեխիայի Հանրապետություն, մարդիկ պատկերացնում են գարեջուր եւ Պրահա, իսկ Պրահա ասելիս պատկերացնում ենք գետ, կամուրջ Պրահայի ամրոցներ, ամրոցներն են Չեխիայի հոմանիշը»:
Դեսպանը փաստեց, որ Չեխիայում բազմաթիվ են դղյակներն ու ամրոցները, ավելին՝ Եվրոպայում ամենամեծ թվով ամրոցներն ու դղյակները հենց Չեխիայում են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ