Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը ելակով չեն պահում, այլ հայրենասեր պաշտպանության նախարար ու կառավարության ղեկավար ունենալով»․ ՀՅԴ-ական պատգամավոր

Հունվար 31,2024 19:50

Շիրակի մարզից ընտրված ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Մելքոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը իշխանության գալով՝ առաջինը թիրախավորեցին Հայոց հաղթանակած բանակը։

«Շատ արագ պարզ դարձավ՝ ինչ ծրագրով են եկել իշխանության, ուժեղ բանակ իրենց պետք չէ, սկսեցին թիրախավորել հրամանատարներին, գեներալներին, ազատամարտի ուղի անցած մեր սպաներին։ Վերջիվերջո եկանք, հասանք այս հանգրվանին, որ փորձեցին կոտրել հայկական բանակի մեջքը։

Իսկ վերջին դեպքերը փնթի, անտարբեր կառավարման արդյունքն է, որ այսքան զոհեր ենք տալիս ոչ մարտական գործողությունների ընթացքում։ Մեր անկախ պետականության պատմության ընթացքում երբեք չեն եղել այսքան զոհեր։ Չեմ ցանկանում նմանատիպ դեպքեր գրանցվեն հայկական բանակում, բայց քանի դեռ սրանց ձեռքում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, նման դեպքեր գրանցվելու են։

Ուղղակի մարդիկ ցանկություն չունեն նորմալ կառավարել բանակը, աշխատել։ Երկար ժամանակ է՝ պաշտպանության համակարգում կան պաշտոններ, որոնք մինչև հիմա չունեն ղեկավարներ, իսկ դա ցույց է տալիս, որ նրանք թքած ունեն բանակի վրա։

Զարմանալի է, որ մի կախիչի կամ ցնցուղի համար մարզպետ, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար են հանում աշխատանքից, իսկ բանակում տեղի ունեցած դեպքերից հետո պաշտպանության նախարարը շարունակում է աշխատել, գլխավոր շտաբի պետը շարունակում է աշխատել և ոչ մի լուրջ անդրադարձ այս մարդկանց, որոնք բանակը բերեցին-հասցրեցին ծայրահեղ ծանր վիճակին։

Հունվարի 19-ին լրացավ Ազատ գյուղում մեր 15 երիտասարդների այրվելու մի տարին, մինչև օրս պարզ չէ՝ նրանք այդ կիսաքանդ շենքերի մեջ ինչ գործ ունեին։ Մոդուլային տնակներ էին բերում բանակի համար և այլ պարագաներ, որոնք թեթևացնելու էին մեր զինվորների առօրյան, բայց ականատես ենք, որ այս տարիների ընթացքում ընդհանրապես ոչ մի բան չի փոխվել, չի էլ փոխվելու, որովհետև իմ կարծիքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն է, որ Հայաստանը ուժեղ զինված ուժեր չունենա, իսկ սրանք էլ հլու-հնազանդ այդ ամենն իրականություն են դարձնում»։

Մեր հիշեցմանը, թե ասում են՝ ելակով ենք բանակը պահում, Մհեր Մելքոնյանը պատասխանեց․ «Դա իրենց շոուի մի մասն է, բայց կյանքը ցույց տվեց, որ բանակը ելակով չեն պահում, այլ պահում են ազգային լուրջ դաստիարակությամբ՝ լավ հրամանատարական կազմ ու հայրենասեր, ազգանվեր պաշտպանության նախարար, կառավարության ղեկավար ունենալով»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031