««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին եւ վիճակախաղերին մասնակցելու հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ խաղերի գովազդումը մեր երկրի տարածքում կամ ՀՀ-ում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում:
Գործադիրը նախատեսում է արգելափակել օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ մեր օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կայքերը: Զեկուցողի խոսքով եվրոպական շատ քիչ երկրներ կան, որոնք այդ կայքերի արգելափակումներ չեն կատարում:
Փաթեթով սահմանվում են կարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանց խաղադրույքներ կատարել եւ շահումները ստանալ արտարժույթով:
Կարդացեք նաև
Վարչական պատասխանատվություն է նախատեսվում նմանատիպ կայքերի արգելափակման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Առաջարկվում է շահումով խաղի կամ խաղատան, ինչպես նաեւ վիճակախաղերի կազմակերպիչների կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացված ֆինանսական հաշվետվությունները ենթարկել աուդիտի:
Ավագ Ավանեսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:
Առաջին ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ