Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ:
Նա ասաց, որ նպատակ ունեն կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սեւ եւ գունավոր մետաղների եւ դրանցով արտադրվող ապրանքների արտաքին առեւտուրը: Նախագծով սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների արտահանման համար բարձր տուրքեր են սահմանվում, որ դրսում այն ծախելու փոխարեն տեղում բարձր արժեք ունեցող ապրանքներ արտադրեն:
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ եթե չեն ուզում արտահանեն, թող արգելեն: Քերոբյանը պատասխանեց որ դա կառավարության որոշմամբ է լինում, ինչը 6-ամսյա է, բայց իրենք ուզում են երկարաժամկետ լուծում տան, որ տնտեսվարողները, այսպես ասած, հույսը կորցնեն արտահանելու հեռանկարից ու նոր արտադրություններ հիմնեն:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ ընկերություններից նամակներ են ստացել, որ եթե այս տեսքով նախագիծն ընդունվի, իրենք խնդիրներ կունենան. «Մարդիկ ներդրումներ են արել, մի մասը՝ վարկային միջոցներով, եւ իրենք որոշակի ժամանակահատված են իրենց աչքի առաջ ունեցել՝ ֆինանսական պլանավորման համար: Ես ձեզ հասկանում եմ, որ կոշտ մեթոդներով ուզում եք շահագրգռել իրենց, որ գնան ավելի խորը արտադրություններ հիմնելուն, իրենք էլ նման ծրագրեր ունեն, բայց պետք է չխեղդենք: Սա կստացվի, որ մենք մարդուն իջեցնում ենք, ասում ենք՝ ոտքով գնա այսինչ տեղը, որ իրեն ստիպենք առողջ ապրելակերպով ապրի, բայց ոտքերին շղթաներ գցենք, չկարողանա շարժվել: Դրա համար պետք է այնպես անել, որ որոշ ընկերությունների դեպքում cash back-ի նման արվի, տուրքը վերադարձվի որոշ չափով, կամ ամբողջությամբ»:
Կարդացեք նաև
Նա առաջարկեց փոխել նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, տնտեսվարողներին ժամանակ տալ. «Մեր նպատակն է, որ այդ ընկերությունները աճեն, բայց այդ ընկերությունները չեն աճի, կմահանան: Եկեք այնպես անենք, որ այս ընկերությունները մեզ ոչ թե հայհոյեն, այլ ասեն՝ ապրեք»:
Որոշվեց մեկ տարի՝ մինչեւ 2025-ի հունվարի 1-ը, ժամանակ տալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ