Լրահոս
Օրվա լրահոսը

COVID-ով պայմանավորված արտակարգ իրավիճակում բերել են չգրանցված դեղեր՝ մաշկային քսուքներից սկսած մինչեւ աչքի կաթիլներ. Նարեկ Զեյնալյան

Հունվար 31,2024 16:22

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ:

Գործող օրենքն ընդունվել է 2016-ին, այս ընթացքում, ըստ նախարարի, մի շարք բացթողումներ են ի հայտ եկել, խնդիրներ են առաջացել դեղերի փորձաքննությունների իրականացման մասով:

Գործող օրենքով հնարավորություն է տրվում բարեգործական կամ մարդասիրական ծրագրերի շրջանակներում առանց լիցենզիա դեղեր ներմուծելու, ինչը ռիսկ է՝ դեղերի որակի ապահովման համար:

Նոր նախագծով կարգավորվում է դաշտը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրեց արտակարգ իրավիճակներում դեղերի ներմուծման կարգի մասին. «Սա վերաբերում է չգրանցված դեղեր ներմուծելուն: Ես առաջարկում եմ ֆիքսենք, որ տվյալ արտակարգ իրավիճակով պայմանավորված դեղերի համար է տրվում թույլտվություն: Չունենանք այնպիսի իրավիճակ, երբ COVID-ով պայմանավորված արտակարգ իրավիճակում բերեն ինչ հնարավոր է՝ մաշկային քսուքներից սկսած, աչքի կաթիլներ եւ այլն: Պետք է տվյալ արտակարգ իրավիճակով պայմանավորված դեղերի ցանկ սահմանվի ու թույլ տրվի միայն այդ չգրանցված դեղերի ներկրում: Օրինակ, COVID-ի ժամանակ մենք ունեցել ենք նատրիում քլորի լուծույթի ներմուծում, այնինչ ՀՀ-ում երկու բավականին խոշոր արտադրող կա ֆիզլուծույթի, բայց թույլատրվել է նաեւ դրսից ներմուծում ֆիզլուծույթի, որն ինձ համար անհասկանալի է»:

Ավանեսյանը պատասխանեց. «COVID-ի բուժման ժամանակ մեր խնդիրն էր ոչ միայն COVID-ի բուժման սխեմաներում ներառված դեղերի հասանելիությունը, այլ COVID-ի պատճառով լոգիստիկ շղթաները խախտվել էին եւ երկրները ունեին խնդիրներ ընդհանուր առմամբ դեղերի հասանելիության: Կորոնավիրուսով պայմանավորված՝ դեղերի պահանջարկը աճել էր, եւ որոշակի խնդիրներ կային, բայց նաեւ խնդիրներ կար գտնել նոր ներմուծման ճանապարհներ թեկուզ ճնշման դեղերի, բոլոր տեսակի դեղերի հասանելիությունն ապահովել: Խնդիրը դժվար է սահմանել՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված»:

Զեյնալյանը կրկնեց դժգոհությունը. «Երկու խոշոր արտադրող ունեինք ֆիզլուծույթի, բայց COVID-ի ժամանակ դրսից ֆիզլուծույթ է եկել՝ չգրանցված: Կարծում եմ, նման բաներից պետք է խուսափել՝ նախագծում ճիշտ ձեւակերպումներ տալով»:

Ավանեսյանը պատասխանեց, որ կորոնավիրուսի եւ պատերազմի ժամանակ ունեցել են տարբեր ռեժիմներ. «Սկզբնական իրավիճակը կառավարելի դաձնելուց հետո մենք փոխել ենք ներմուծման շրջանակները, եւ ՀՀ-ում  գրանցված դեղի պարագայում կամ խոստման պարագայում, որ մենք չենք ունենա դրա դեֆիցիտը, մենք ներմուծման թույլտվություններ չենք տվել»:

Որոշեցին նախագծում ամրագրել, որ եթե տեղական արտադրողը ստանձում է պարտավորություն՝ արտադրել անհրաժեշտ քանակի դեղ, արտակարգ իրավիճակներում անգամ չգրանցված դեղի ներմուծման թույլտվություն չտալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031