Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. Պետք է արձանագրենք, որ 2024 թվականին սկսվում է բոլոր ինստիտուցիոնալ հիմնային իրողությունների զրոյացման գործընթաց

Հունվար 31,2024 15:08

Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի օրը ոստիկանական ուժերի ուղեկցությամբ Հայաստանի քաղաքական իշխանության վերնախավի՝ Եռաբլուր կատարած այցին եւ նույն օրը ՄՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակ են վերակառուցում եւ միլիարդների արժողությամբ զենք է ձեռք բերվում, ասաց. «Անկեղծ ասած, ես հերթական անգամ մեծ հարված ստացա՝ տեսնելով, որ պետությունն այդպես խմբավորված հավաքվեց ՄՀՀ-ում եւ իբրեւ նշեց Հայոց Բանակի 32-րդ տարեդարձը:

Բայց իրականում չհնչեց որեւէ պետական պաշտոնական ուղերձ, որը լինելու էր ուղղված ոչ միայն ՄՀՀ-ում հավաքված ինչ-որ անհատ զինվորականների, այլ լինելու էր ուղղված համայն հայությանը, միջազգային ասպարեզին, որ Հայոց բանակը իբրեւ պետականության հիմնասյուն ոչ միայն վերականգնելու ենք, այլեւ ունենք առանձնահատուկ պետական վերաբերմունք:

Այսինքն, այդ միջոցառումը, ինչպես նաեւ Եռաբլուրում հայտնվելը իրականում ցույց տվեց, թե ինչպիսի պետական ինստիտուտների հանդեպ ճգնաժամային իրավիճակ կա: Եվ ես կուզեի կապել մեր զինված ուժերի այդ իրողությունը զինանշանի փոփոխության, օրհներգի փոփոխության եւ վերջին գույժը՝ Սահմանադրության փոփոխության հետ:

Յուրաքանչյուր պետություն, իսկ պետությունը քաղաքագիտական հասկացություն է, բնորոշվում է իր հիմնական ատրիբուտներով: Դրանք են դրոշը, զինանշանը, օրհներգը, բանակը, գործադիր. օրենսդիր, դատական իշխանությունները եւ, իհարկե, քաղաքացին, որը ըստ պետության դասական սահմանման, իշխանություն ձեւավորող հիմնական ուժն է: Պետք է արձանագրենք, որ 2024 թվականին սկսվում է բոլոր ինստիտուցիոնալ հիմնային իրողությունների զրոյացման գործընթաց»:

Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ այն պարագայում, երբ Ալիեւը եւ ադրբեջանական քարոզչամեքենան հայկական տեղանունները հնչեցնում են ադրբեջանական տարբերակով ու արտասանությամբ, հույս ունենալ ու մտածել՝ ոչինչ, որ փոխում ենք օրհներգը, զինանշանը, ոչինչ, որ հրաժարվում ենք Անկախության հռչակագրից ու դրա արդյունքում կստանանք խաղաղություն, առնվազն անհեթեթություն է: «Իսկ իրականում դա նշանակում է ՝ կործանել Հայոց պետականությունը եւ 21-րդ դարում, ըստ էության, քաղաքացիական այն հասարակությանը, որը պայքարում է պետական նպատակների, ժողովրդավարության համար, բոլորին դարձնել փախստական»,-ասաց քաղաքական գործիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031