Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ 35-40 տարին չարժե՞ր էդ 2 տարին, որ պիտի բուհում սովորեի, ու դիպլոմ տային». Միջին մասնագիտական կրթությամբ դասվար

Հունվար 31,2024 14:40

Միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների հարցը ոչ մի կերպ չի լուծվում, նրանք զրկվում են աշխատելու հնարավորությունից: Ավելի քան 1300 ուսուցիչներ միջին մասնագիտական կրթություն ունեն, իսկ ըստ օրենքի պահանջի՝ կամ պիտի ազատվեն աշխատանքից, կամ մասնակցեն կամավոր ատեստավորման, իսկ շեմը չհաղթահարելու դեպքում հրաժեշտ տան աշխատանքին: Այժմ նրանից շատերին ազատել են աշխատանքից:

Երեկ միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժները հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն նախարարի առաջարկը նրանց չի բավարարել։

«Մենք միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներ ենք, մեզ անցյալ տարվա օգոստոսի 20-ից պետք է ազատեին աշխատանքից, քանի որ միջնակարգ մասնագիտական կրթություն ունենք, հետո մեզ հնարավորություն տվեցին ատեստավորման, եթե մասնակցեինք, կաշխատեինք մինչեւ ատեստավորման պատասխանները պարզ լինեին: Եվ մենք մասնակցեցինք:

Անձամբ ես թեստը հաղթահարել եմ 56.9 %-ով: Ասում են՝ եթե 60 % լիներ, իրավունք կունենայինք աշխատել: Ընդ որում, նույն թեստն են լրացրել եւ բարձրագույն կրթություն, եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժները; Բարձրագույն կրթություն ստացածները հավաքել են 20 %, 30 %, 40 %, բայց իրենց իրավունք տվել են աշխատելու, իսկ մեզ՝ ոչ: Բարձրագույն կրթություն ունեցողները ատեստավորմանը մասնակցել են երկրորդ անգամ, նրանցից շատերն անգամ աճ չեն գրանցել եւ ավելի ցածր են ստացել, սակայն, ի տարբերություն մեզ՝ իրենց տվել են երրորդ անգամ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն եւ աշխատելու իրավունք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դպրոցներից մեկի տարրական դասարանների դասվար Անահիտ Պողոսյանը:

40 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչը խնդրում է իրենց չզրկել աշխատելու իրավունքից եւ ատեստավորվելու եւս մեկ հնարավորություն տալ, միեւնույն ժամանակ նշում է, որ արդեն ազատել են աշխատանքից: Հավելում է, որ իրենց տրված թեսթերում բազմաթիվ վրիպակներ ու սխալներ են եղել. «Մեզ ասում են, որ իբր այդ սխալները չէին կարող ազդել մեր հավաքած միավորների վրա, բայց ինչպե՞ս չէին կարող ազդել, եթե մի առաջադրանքի վրա կարող էինք աշխատել 5 րոպե, բայց տվյալ պարագայում աշխատել ենք կես ժամ: Իրենք մեր բողոքարկումից հետո են ուղղումներն արել: Թեսթի հարցերից մեկն ընդհանրապես չուներ ճիշտ պատասխան: Մի խոսքով՝ թեսթն էլ թեսթի նման չէր, եւ մեր խնդրանքն էր, որ մեզ երկրորդ հնարավորություն տան ու մնանք մեր աշխատանքին:

Մեզ ասում են, որ տարիներ առաջ ժամանակ են տվել բարձրագույն կրթություն ստանալու, բայց այդ ժամանակ ուսուցիչն ի՞նչ աշխատավարձ էր ստանում, որ բուհի ուսման վարձ վճարեր: Հետո այդ ժամանակ ես արդեն ունեի 35 տարվա աշխատանքային փորձ, ուրեմն իմ 35-40 տարին չարժե՞ր էդ 2 տարին, որ պիտի բուհում սովորեի, ու դիպլոմ տային»:

Տիկին Պողոսյանն ասում է, որ մանկավարժներին չի բավարարել նախարարի տված պատասխանը. «Երեկ մեզ ասացին, որ մեր աշխատանքի հնարավորությունը չի վերականգնվում, բայց կարող են մեկ ամսվա ընթացքում կազմակերպել եւս մեկ ատեստավորում: Մեկ տարվա ընթացքում մեզ ի՞նչ որակի թեսթ եք տվել, որ հիմա էլ մեկ ամսվա ընթացքում տաք: Նշեմ, որ մեր դպրոցում արդեն մրցույթ է հայտարարված, եւ մինչեւ նախարարությունը մտածի, շրջաբերական ուղարկի դպրոցներ, վաղը մրցույթը կկայանա, մարդիկ կընտրվեն: Արդյոք ընտրված մարդուն իրենք վերցնելու են ու ազատեն աշխատանքից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031