Դիլիջանի ֆուտբոլի մանկական ակադեմիան նշում է իր առաջին տարեդարձը և ամփոփում առաջին արդյունքները։ Տարվա ընթացքում 200-ից ավելի երեխաներ դարձան ակադեմիայի սաներ, հաղթանակներ են տարվել տեղական և արտագնա խաղերում, իսկ հիմնական կազմը դարձավ Հայաստանի սիրողական լիգայի պաշտոնական խաղերի մասնակից։
2023 թվականին Դիլիջանի զարգացման հիմնադրամը (Dilijan Development Foundation, DDF) քաղաքում բացեց ֆուտբոլի մանկական ակադեմիա։ Դիլիջան համայնքի համար սա դարձավ մեծ և սպասված իրադարձություն. մեկ տարվա ընթացքում այստեղ եկան մարզվելու 5-ից 16 տարեկան ավելի քան երկու հարյուր երեխաներ, այդ թվում՝ աղջիկներ։
Կարդացեք նաև
Ակադեմիայի թիմերն անցկացրել են ավելի քան 600 մարզումներ, մասնակցել են 12 տեղական և արտագնա հանդիպումների, որտեղ հանդիպել են Տավուշի մարզից և Երևանից ժամանած մրցակիցների հետ։ Տարվա ընթացքում նրանք տարել են 7 հաղթանակ և խփել 35 գոլ։ Տղաների հիմնական թիմը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Հայաստանի սիրողական լիգայի պաշտոնական խաղերում։
Պատանի մարզիկներին մարզում է մարզիչների միջազգային թիմը։ Ակադեմիան մշակել է առանձին ուսումնական ծրագիր տարբեր տարիքային խմբերի համար։ Բացի ֆիզիկական զարգացումից և ֆուտբոլային հմտություններից, մարզումները նախատեսված են զարգացնելու առաջնորդի որակներ․ սովորեցնում են նպատակներ դնել և հասնել դրանց:
Այսօր այստեղ երեխաների հետ աշխատում են ռուս և հայ մարզիչներ։ Ակադեմիայի մարզական տնօրեն և մարզիչ Ալեքսանդր Գոլովենկովը երկար տարիներ երեխաներին դասավանդել է Մոսկվայի Barcelona և Millennium United դպրոցներում և մերձմոսկովյան ՀՄՍԴ «Իստրա» մանկապատանեկան մարզադպրոցում։ «Իստրա»-ի նրա գործընկերը՝ ավագ մարզիչ Ֆիլիպպ Սնիխովսկին, աշխատել է նաև «Կրասնոդար» ակադեմիայում։ «Իմպուլս»-ի մեկ այլ մարզիչ է ծնունդով դիլիջանցի, Նարեկ Դավթյանը, ով տեղի մարզադպրոցի շրջանավարտ է, Հայաստանի ֆուտսրահի բարձրագույն խմբի նախկին խաղացող։
«Մեր խնդիրը կոնկրետ համայնքում միայն առողջ ապրելակերպի հանրայնացումն ու սպորտի զարգացումը չէ։ Մենք վստահ ենք, որ Դիլիջանի վերադարձը երկրի ֆուտբոլային կյանք կբարձրացնի քաղաքի ճանաչելիությունը և արժանի մրցակցություն ստեղծելով այլ ակումբների հետ՝ կբարձրացնի հայկական ֆուտբոլի ընդհանուր մակարդակը»,− նշում են ակադեմիայում։
Հետագայում «Իմպուլս» մանկական թիմերը հանդես կգան արդեն պաշտոնական մրցաշարներում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Իսկ հիմնական թիմը նախատեսում է դուրս գալ պրոֆեսիոնալ՝ առաջին դիվիզիոն։
«Իմպուլս ֆուտբոլային ակադեմիա» նախագիծն իրականացվում է Impulse Management Company-ի աջակցությամբ, Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում։
«Իմպուլս» ֆուտբոլային ակադեմիա