Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարար․ Նախատեսում ենք շրջանառության հարկը մոտարկել հարկման ընդհանուր համակարգին

Հունվար 31,2024 14:08

2023 թվականին հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են գրանցել, ՀՆԱ-հարկային եկամուտներ ցուցանիշն անցյալ տարի կազմել է 24,1%։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրով նպատակադրված է ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը հասցնել 25%-ի։

Պետական պարտքը, ըստ նախարարի, նախնական տվյալներով կլինի 48,4% մակարդակի վրա, մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից։

«Պետական պարտքի կառավարման հետ կապված կարող եմ ասել՝ ուրախալի է, որ ոչ ռեզիդենտների եւ ոչ բանկ-ներդրողների կշիռը բարելավվում է։ Սա նշանակում է, որ Հայաստանը դառնում է հետաքրքիր՝ ինստիտուցիոնալ միջազգային ներդրողների համար»,-ասաց նախարարը։

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ 2023-ին ծրագրավորված 1 միլիարդ դրամի փոխարեն հատկացվել են 3,7 միլիարդ դրամի բյուջետային աջակցության դրամաշնորհներ։

Հարկային եկամուտներն ու պետական տուրքերը եղել են շատ մոտ ճշտված ծրագրին՝ 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ։ Նախնական ծրագրով բյուջեն եղել է 2 տրիլիոն 203 միլիարդ դրամ, որը, ըստ նախարարի, տարվա ընթացքում հարկային եկամուտների գերակատարման եւ տնտեսության արագ աճի պայմաններում փոփոխության է ենթարկվել։

Անդրադառնալով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի ներդրմանը, նախարարը հիշեցրեց՝ այն ներդրվում է փուլային եղանակով, այս տարի առաջին անգամ հայտարարագիր (2023 թվականի տվյալները) ներկայացնելու են հանրային ծառայողներն ու բիզնեսի հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող ֆիզիկական անձինք․ «Զուգահեռաբար գործելու է սոցիալական ծախսերի համակարգ, որի շրջանակում եկամտային հարկի գումարի փոխհատուցում է լինելու առողջապահության եւ կրթության ծախսերի համար»։

Այս տարի նախատեսվում են շրջանառության հարկի եւ միկրո ձեռնարկատիրության համակարգի փոփոխություններ։ Նախարարի խոսքով՝ կառավարությունը ծրագրում է շրջանառության հարկի համակարգում հարկային բեռը մոտարկել հարկման ընդհանուր համակարգին, որի նպատակն է շրջանառության հարկի համակարգը դարձնել ոչ գրավիչ եւ խթան ստեղծել, որպեսզի տնտեսվարողները շրջանառության հարկի համակարգից անցում կատարեն դեպի ընդհանուր հարկման համակարգ․ «Այստեղ կամաց-կամաց սկսում են գործել այնպիսի պահանջներ, որոնք մոտ են ընդհանուր հարկման համակարգին, օրինակ՝ պարտադիր փաստաթղթավորումն եւ ծախսերի նվազեցումը։ Մենք համարում ենք, որ շրջանառության հարկի համակարգը թեեւ որոշակի թեթեւացնում է փոքր բիզնեսի վարչարարական խնդիրները, բայց խթան չի ստեղծում, որպեսզի փոքր կամ միջին բիզնեսը նպատակ դնի աճելու։ Այստեղ մեկուսացում ենք նկատում, որ շրջանառության հարկով աշխատող ընկերություններն աշխատում են իրար հետ, իսկ շահութահարկով աշխատող կազմակերպություններն՝ իրար հետ։ Տնտեսության մեջ կարծես շնչառությունը փակված լինի, եւ մեր առաջիկա քայլերը պետք է ուղղված լինեն այս համակարգերն իրար համադրելի դարձնելու ուղղությամբ»։

Նախարարությունը նախատեսում է պետական գնումների օրենսդրական փոփոխություն կատարել, այս տարի արդեն սկսվել են քննարկումները շահառուների հետ։ Նախարարի ներկայացմամբ՝ գնումների մասին նոր օրենք կլինի, քանի որ այսօրվա իրականությունն ու այն ծավալի գնումները, որոնք հիմա իրականացվում են, նոր մարտահրավեր է կառավարության համար․ «Նոր օրենքը պետք է հնարավորություն տա, որպեսզի արագ ու ճկուն իրականացնենք ծրագրերը»։

Պետական գնումներում չկայացած ընթացակարգերն էլ նվազել են, ինչպես ասաց նախարարը, 2022-ին այդ ցուցանիշը 18% էր, իսկ 2023-ին՝ 8,8%։

Մեկ անձից գնումների նվազում է գրանցվել, Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հրատապ մեկ անձի գնումները 17 000-ից դարձել են 11 հազար, մրցակցային գնումները՝ 145 հազարից դարձել են 161 հազար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031