Այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է, որ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ իրենց աշխատանքի վայրից: Իսկ կլինիկական օրդինատորները, ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձինք պետք է ունենան անցումային անհատական լիցենզիա:
Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անհատական լիցենզիան եւ անցումային անհատական լիցենզիան տրամադրվելու է կենտրոնացված քննության արդյունքում:
Այդ կենտրոնացված քննությունն իրականացվելու է մասնագիտական հանձնաժողովը՝ տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների վերաբերյալ առաջադրանքների հիման վրա:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ նախագծում անհայտ է՝ եթե անձը ունենում է երկու անհատական լիցենզիա, սկզբում որպես բուժաշխատող ստանում է լիցենզիա, հետո որպես ռազմաբժիշկ է ստանում, ի՞նչ է լինելու իր առաջին լիցենզիայի հետ, սառեցվելո՞ւ է, ուժը կորցնելո՞ւ է:
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ եթե մարդը այլ մասնագիտացման է անցնում, պետք է արդեն այդ մասով լիցենզիա ստանա, որ համապատասխանի չափորոշիչներին. «Դա ազատ որոշման բան չի»:
Զեյնալյանն ասաց, որ այդ խնդիրը կարող է առաջանալ նաեւ ոչ ռազմական բժիշկների պարագայում, օրինակ, երբ մարդը ընտանեկան բժշկության օրդինատուրա է ավարտել, ստացել է լիցենզիա ու իրավունք է ստացել ընտանեկան բժիշկ աշխատել, 3 տարի հետո ուզում է գնա կարդիոլոգիայի բժիշկ աշխատի, օրդինատուրա է ավարտում, ստանում է երկրորդ անհատական լիցենզիան, իր ընտանեկան բժշկի լիցենզիայի հետ ի՞նչ է լինում, կարող է կասեցվի, միաժամանակ ուժի մեջ մնա, բայց դա պետք է ձեւակերպում ունենա օրենքում:
Նախարարը պատասխանեց, որ կասեցման հիմքերը, կարգը, ամեն ինչ պետք է սահմանի կառավարությունը՝ որպես լիազոր մարմին:
Այն բուժաշխատողները, որոնք չեն ունենա լիցենզիա, նրանց աշխատանքային պայմանագրերը պետք է դադարեցվեն, այսինքն` պետք է ազատվեն աշխատանքից. «Չի կարող բժշկական կենտրոնը չլիցենզավորված կադր պահի: Խնդիր կունենա»:
Զեյնալյանի սիրտը կախ էր, ուստի հարցրեց. «Տիկին Ավանեսյան, հիմա ի՞նչ անենք այս նախագծի հետ»:
Նախարարը պատասխանեց, որ կարող են գրավոր առաջարկներ անել, ընթացակարգով այդպես է: Զեյնալյանը պատասխանեց, որ եթե քվեարկեն ու ընդունեն նախագիծը, տառ փոխել չեն կարող: Ավանեսյանը խնդրեց ընդմիջում անել ու վերախմբագրել նախագիծը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ