Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի Սահմանադրությունում ու փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն»․ Ալեն Սիմոնյան

Հունվար 31,2024 13:25

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների մասին հարցին։

Հարցին՝ թե այս պահանջը Բաքվի՞ց է, ինչո՞ւ է Ադրբեջանը թափանցիկ ակնարկներ անում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Երբ մենք հանձնաժողովը ստեղծել ենք, նման օրակարգային հարց եղե՞լ է։ Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Ինչ վերաբերում է այս կոնտեքստում քննարկումներին, ես պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնվելուց ի վեր իր փաստաթղթերի մեջ ունեցել է եւ ունի դրույթներ, որոնք իմ կարծիքով պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները եւ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Կրկնում եմ՝ սա իմ կարծիքն է։ Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում, ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Արդյոք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք այն պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե՞ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով եւ ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այդ հարցերի պատասխանները տանք։ Եվ ես կարծում եմ, որ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն այսօր մեր հանրության մեջ եւ դրա հետեւանքով նաեւ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարող Հայաստանի Հանրապետությունը լինել ամորֆ մի բան։ «ՀՀ քաղաքացին չի կարող չհասկանալ եւ չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը եւ վերջանում։ Ես մի լուսանկար էի հրապարակել, որի համար ինձ մեղադրում են, բայց ես՝ որպես հայ, ասում եմ, որ հայկական լեռնաշխարհը, այո, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որով մենք անկախացել ենք 1991 թվականին՝ կոնկրետ սահմաններով։ Եվ դա պետք է հասկանալի ու արտացոլված լինի բոլոր փաստաթղթերում»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սահմանադրական փոփոխություններն Ադրբեջանի պահանջն են, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես ձեզ կոչ եմ անում եւ մի պնդում եմ ուզում անել՝ այսուհետ բոլոր այն դրվագներում, որտեղ դուք Հայաստանի պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացեք, որ նույն հարցը բարձրացվում է Հայաստանի կողմից։ Ադրբեջանի Սահմանադրությունում, փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։ Եվ, կրկնում եմ, յուրաքանչյուր բանակցություն, որը հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային։ Այսինքն՝ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ՝ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը»։

Հարցին, թե արդյոք իշխանությունը մտածո՞ւմ է Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին, որտեղ իր հերթին հիշատակվում է Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման մասին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դեռ վաղ է այդ մասին խոսել, եւ այս պահի դրությամբ նման քննարկում պաշտոնական շրջանակներում տեղի չի ունեցել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գևորգ says:

    Բայց մեկը մյուսին չի հակասում, կարող է միժաամանակ լինել և’ անկախության մասին, և’ հանուն ժողովրդի, և’ դիվանագիտորեն աշխատել պատմսկան տարածքների վերականգնման ուղղությամբ, հատկապես երբ դրանց տիրապետողը արյունալի բռնապետ է, և ոչ թե խաղաղասեր պետություն

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031