Լրահոս
Օրվա լրահոսը

«Այցելելու եմ նաեւ Բաքու, կարտահայտենք մեր աջակցությունը հայ ժողովրդին, պատահական չէ, որ առաջինը ես այստեղ եմ»․ Մարկետա Պեկարովա Ադամովա

Հունվար 31,2024 12:46

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային հարց ուղղվեց՝ այս իրավիճակում շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը հստակ դիրքորոշում հայտնի Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ Ադրբեջանը նաեւ Հայաստանին է տարածքային պահանջներ ներկայացնում, արդյոք լուրջ պատժամիջոցներ պե՞տք է կիրառվեն Ադրբեջանի դեմ, եւ Չեխիան կարո՞ղ է Հայաստանին խոստանալ որոշակի անվտանգության երաշխիքներ։

«Չեխիայի Հանրապետությունը Եվրամիության եւ այլ մարմինների անդամ է, որոնք աջակցում են Հայաստանին։ Ես վստահ եմ, որ սա պետք է լինի համատեղ ջանք, շատ կարեւոր է մեզ համար հետեւել ԵՄ անդամ պետությունների կամ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համատեղ դիրքորոշմանը։ Շատ կարեւոր է ընդգծել, որ մենք պատժամիջոցը ոչ թե օգտագործում ենք որպես մեր կամ մեկ երկրի գործիք, այլ այս հաստատությունների եւ ինստիտուտների շրջանակներում ենք դիտարկում»,- պատասխանեց նա։

Մարկետա Պեկարովա Ադամովան ասաց, որ Չեխիայի Հանրապետության համար նպատակ է ունենալ բարգավաճող ու խաղաղ երկու երկրներ։ «Մենք միանգամայն աջակցում ենք երկրների ինքնիշխանությունը, բայց միեւնույն ժամանակ կփորձենք աջակցել երկրներին միջազգային մակարդակում, միջազգային համագործակցության շրջանակներում, որը նշանակում է ՄԱԿ-ի կամ այլ մարմինների շրջանակներում, որոնք ստեղծված են այս նպատակով։ Եվ ես վստահ եմ, որ շատ կարեւոր է շեշտել Հայաստանում մեր համագործակցությունը Եվրամիության դիտորդական առաքելության շրջանակներում։ Ես իմ այցի շրջանակներում նրանց նույնպես կայցելեմ վաղը։ Մենք աջակցում ենք այս համատեղ ջանքը»,- ասաց նա։

Մարկետա Պեկարովա Ադամովան հավելեց, որ իրենց կշարունակեն աջակցել փախստականներին։ «Հազարավոր անձինք ստիպված են եղել լքել իրենց տները, մենք կաջակցենք նրանց։ Սրանից հետո ես այցելելու եմ Բաքու, մենք կարտահայտենք մեր աջակցությունը հայ ժողովրդին։ Պատահական չէ, որ առաջինը ես այստեղ եմ, այնուհետեւ ճամփորդելու եմ Ադրբեջան»,- ընդգծեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031