Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ ասուլիսում հարց հնչեց՝ Չեխիան ինչպե՞ս կարող նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը։
«Ոչ միայն Չեխիան, այլ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում։ Հայաստանը բազմաթիվ անգամ շեշտել է, որ պատրաստ է եւ ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու համար, բայց մենք տեսնում ենք, որ մեր հարեւան երկիրն այդ առումով այդքան աչքի չի ընկնում։ Եվ միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են այդ խաղաղությունը հաստատելու տապալմանը։ Իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է տարբեր միջազգային հարթակներում առաջարկվող հանդիպումներից։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում, այն պարագայում, որ քաղաքական ցանկության դեպքում ես չեմ տեսնում որեւիցե կտրուկ պատճառ, որը կարող է խանգարել խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն՝ հավասարության եւ այն բոլոր սկզբունքների հիման վրա, որոնք հուլիսին Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել են Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ մասին։ Մենք չենք հասկանում, թե ինչպե՞ս կարելի է գալ համաձայնության, ունենալ հայտարարություն, որն արվել է Շառլ Միշելի կողմից, եւ մինչ օրս այդ հիմնարար սկզբունքների հիման վրա չունենալ խաղաղության համաձայնագիր»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։
Նա կրկնեց, որ իրենք շարունակելու են ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։
Ըստ նրա՝ երկրորդ կարծիք չկա, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, տարածաշրջանում մենք առաջատար ենք։ «Եվ մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր քայլերը, մենք ունենք մեր գործընկերների աջակցության կարիքը՝ էլ ավելի խորացնելու այդ ուղղությունը։ Եվ կարծում եմ, որ մենք կհաջողենք թե խաղաղության, թե ժողովրդավարության հաստատման ուղղությամբ մեր քայլերում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ