«ՉԻ». ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը մի քանի օր առաջ հայտարարեց, թե «եթե ուզում եք ճիշտն իմանալ»՝ Հայաստանի իրական անկախության օրը ոչ թե սեպտեմբերի 21-ն է (նկատի ունի 1991 թ․ սեպտեմբերի 21-ը), այլ սեպտեմբերի 19-ը (հասկանալի է՝ 2023-ի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց ու մինչև վերջին մարդը հայաթափեց Արցախը)։
Այս խոսքերի հեղինակը պատահական մարդ չէ, ԱԺ մի ամբողջ հանձնաժողովի նախագահ է և ՔՊ վարչության փոխնախագահ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի տեղակալը, ու քանի որ հայտարարությունից էլ արդեն 5 օր է անցել, իսկ հեղինակի ականջները դեռ տեղում են՝ նշանակում է նա ընդամենը շեֆի կարծիքն է բարձրաձայնել։ Այսինքն՝ «արձանագրել է» շեֆի այն համոզմունքը, որ քանի դեռ Արցախում հայեր էին ապրում՝ Հայաստանն անկախ չէր, անկախությունը սկսվել է այն օրվանից, երբ այնտեղ այլևս հայեր չեն ապրում։
Ինչ է «արձանագրում» Նիկոլ Փաշինյանն իր «այս տրամաբանությամբ»։ Եվ այսպես՝ սա նշանակում է, որ․
1․ Հայաստանի իշխանությունները, որոնք 1991-ին Անկախություն են հռչակել ու ամեն ինչ արել, որ Արցախը մնա հայկական, իրականում պայքարել են Հայաստանի անկախության դեմ։
Կարդացեք նաև
2․ 44-օրյա պատերազմում հայկական բանակը պայքարում էր, որպեսզի Հայաստանը հանկարծ անկախ պետություն չդառնա, 4 հազարից ավելի մեր զինվորներն էլ զոհվել են, որպեսզի Արցախում շարունակեն հայեր ապրել, այսինքն՝ կռվել են Հայաստանի անկախության դեմ, իսկ ահա «11 հազար դասալիքները» Հայաստանի անկախության իսկական նվիրյալներն էին։
3․ Նիկոլ Փաշինյանն ինքը, պատերազմի օրերին կոչ անելով «գնալ պատերազմ և հաղթել», փաստացի Հայաստանի դեմ դավաճանական գործունեություն է իրականացրել, որովհետև եթե հաղթեինք՝ Արցախն այսօր հայկական էր լինելու, այսինքն՝ Հայաստանն անկախ չէր լինելու։
4․ Ադրբեջանական բանակը, հայաթափելով Արցախը, փաստացի օգնել է, որ Հայաստանը դառնա անկախ պետություն, այսինքն՝ այդ տրամաբանությամբ, Հայաստանի անկախության հարցում ամենամեծ ներդրումն ունի Ալիևը (Էրդողանին, ռուս խաղաղապահներին ու վարձկան ահաբեկիչներին չհաշված)։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում: