Լրահոս
Օրվա լրահոսը

77 տարիներից 55-ը՝ լեգենդար 100-ամյա լարային քառյակի հետ

Հունվար 31,2024 13:00

«Մենք ամենատարեցն ենք, Մոսկվայի Բորոդինի անվան լարային քառյակը մեզնից 20 տարով փոքր է»

Հարցազրույց Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, առաջին ջութակ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի հետ:

– Մաեստրո, այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 155-ամյակը, Վարդապետի անունը կրող լարային քառյակի 100-ամյակը եւ արդեն 55 տարի է՝ դուք այս լեգենդար քառյակում եք։ Հայտնի է, որ քառյակը հիմնադրվել է Մոսկվայում, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լեւոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) եւ Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) կողմից։ Բնական է, որ այս տարիների ընթացքում քառյակի կազմը փոփոխությունների է ենթարկվել։ Այս տարին հոբելյանական է նաեւ քառյակի ներկայիս կազմի երաժիշտների համար. Սյուզի Երիցյանը 15 տարի 2-րդ ջութակն է քառյակում, ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը՝ 35 տարի, թավջութակահար Անժելա Սարգսյանն էլ՝ մոտ 10 տարի։ Այս պահին մտաբերեցինք 24 տարի քառյակի նախկին 2-րդ ջութակ Սուրեն Հախնազարյանին, որի ծննդյան 75-ամյակն է լրանում եւ 85-ամյա ալտահար Յաշա Պապյանին, որը 14 տարի աշխատեց քառյակում։ 1931-ից քառյակը ստացավ պետական կարգավիճակ եւ կոչվեց Կոմիտասի անունով, իսկ 1932-ից սկսվեցին եւ մինչ օրս շարունակվում են քառյակի շրջագայությունները աշխարհով մեկ։ Կուզեինք իմանալ՝ կա՞ մի երկիր, որտեղ քառյակը չի եղել։

– Կա։ Չենք եղել միայն Ավստրալիայում։

Լարային քառյակի այսօրվա կազմը։

– Դա այս՝ քառյակի համար հոբելյանական տարում, կարելի է «ուղղել»։ Չի բացառվում, որ մեր կառավարությունը կամ ԿԳՄՍ նախարարությունը նվեր մատուցի ձեզ՝ կազմակերպելով քառյակի առաջին շրջագայությունը Ավստրալիա։ Քառյակը եւ դուք անձամբ, բոլոր հնարավոր տիտղոսներն ու կոչումներն ունեք, բայց այդպես էլ հնարավոր չեղավ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենատարեց քառյակ։ Ասենք, որ գրանցվելու համար պարտադիր պայման է, որ քառյակի երաժիշտներից գոնե մեկը, այն էլ հիմնադիրներից, այսօր էլ լինի քառյակի կազմում։ Այդ պայմանը, միանշանակ, հասկանալի պատճառով պետք է վերանայվի։

– Իսկապես, մենք ամենատարեցն ենք, երկրորդ հորիզոնականում է Մոսկվայի Բորոդինի անվան լարային քառյակը, որը մեզնից 20 տարով փոքր է։ Նրանք գրանցված են ՌԴ-ի ռեկորդների գրքում։

«Կոմիտաս» քառյակի առաջին կազմը։

– Գիտենք, որ հանդիսանալով քառյակի հիմնադիր, առաջին ջութակ եւ գեղարվեստական ղեկավար, Ավետ Գաբրիելյանը իր տեղը զիջել է ձեզ։ Կներկայացնե՞ք՝ դա ինչպես եղավ։

– Մոսկվայում տոնում էին քառյակի հոբելյանը, ես էլ հրավիրված էի երեկոյին որպես մենակատար։ Հենց այդ երեկոյի ավարտից հետո Ավետ Գաբրիելյանը ինձ հրավիրեց քառյակ որպես 2-րդ ջութակ։ Այդ տարիներին ես ուսանում էի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, աշխարհահռչակ Լեոնիդ Կոգանի դասարանում…

– Ավետ Գաբրիելյանը ձեզ առաջին անգա՞մ էր լսում, թե՞…

– Մեծանուն երաժիշտն ինձ լսել էր Երեւանում, «Երեւան» հյուրանոցում, երբ սովորում էի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 6-րդ դասարանում, անվանի մանկավարժ Տատյանա Հայրապետյանի դասարանում։ Այսօրվա պես հիշում եմ. ըստ պայմանավորվածության, առավոտյան ժամը 8.30-ին Տատյանա Բագրատովնայի հետ արդեն հյուրանոցում էինք։ Բնական է, այդ օրն իմ մեջ անջնջելի հետք է թողել, բայց ոչ միայն նրա համար, ինձ պետք է լսեր մեծ հեղինակություն վայելող Ավետ Գաբրիելյանը, այլ այն, որ նա մեզ դիմավորեց ջութակը ձեռքին գամմա նվագելիս, այսինքն՝ այդ վաղ ժամին մեծանուն երաժիշտն արդեն գործիքով էր…

– Գիտենք, որ Ավետ Գաբրիելյանը ձեզ վստահել է հավանաբար ամենաթանկը՝ Գվարներիի իր անձնական ջութակը։

– Այո, դա 1976-ին էր, երբ քառյակում ստանձնեցի առաջին ջութակի դերը։

– Կներեք, բայց գալու է օրը, երբ դուք՝ եթե ոչ այդ ջութակը, ապա քառյակում ձեր տեղը պետք է զիջեք։ Կա՞ այդ թեկնածուն։

– Շատ վաղուց եմ մտածում այդ ուղղությամբ, բայց, օրինակ, իմ ուսանողներից ում տեսնում եմ՝ դրսում են։

– Կոմիտասի անվան քառյակին ներկայացնելու համար բավական է հիշել անվանի ջութակահար, երաժշտագետ Հակոբ Խանջյանի հետեւյալ միտքը՝ «Կոմիտասի անունը կրել նշանակում է ունենալ կատարողական մեծ արվեստ, հուզականություն, անմիջականություն, բարձր կուլտուրա։ Կոմիտասի անունը կրել նշանակում է արվեստն ի սպաս դնել ժողովրդին։ Կոմիտասի անունը կրել վերջապես նշանակում է եթե ոչ նրա օրինակով գյուղից գյուղ, գավառից գավառ շրջել հայ երգը գտնելու, ձայնագրելու, մշակելու համար, ապա գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր շրջել՝ հայ եւ համաշխարհային երաժշտության նվաճումները բարձրարվեստ մատուցելու համար բոլորին եւ ամենից առաջ սեփական ժողովրդի ամենալայն զանգվածներին…»։

– Այո։ Ես էլ դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը՝ քառյակը պատրաստ է Կոմիտասի 155 եւ քառյակի 100-ամյակները նշել հայկական գաղթօջախներում։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031